«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Թինա Քեյի հետ պարզելու, թե հետհեղափոխական Հայաստանում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շոուբիզնեսի ներկայացուցիների կյանքում:
-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր կյանքում, ապա` ձեր ոլորտում: Էական փոփոխություններ զգացել ե՞ք, թե՞ ոչ:
-Անկեղծ ասած` ես մոտ մեկ շաբաթ է, ինչ վերադարձել եմ Հայաստան: Էական փոփոխություն միայն սկզբնական շրջանում նկատեցի մաքսային ոլորտում, ինչպես նաեւ մենաշնորհների հարցում: Բայց դրանից հետո ամեն ինչ սառեցված է, ամեն ինչ հիմա ավելի վատ է, քան կարող է լինել: Եթե նախկինում կային օլիգարխ կոչեցյալներ, որոնք որոշ ոլորտներում գումար էին ծախսում, եւ մարդիկ կարողանում էին ապրել, հիմա դա էլ չկա: Շրջանառությունը հիմա կանգ է առել: Ինչ վերաբերում է իմ արվեստին, ապա նշեմ, որ ոչ մի էական փոփոխություն չի եղել: Ես հիմա էլ եմ միանյակ, հիմա էլ եմ իմ իսկ ուժերով ստեղծագործում, ոչ ոք որեւէ հարցում ինձ չի օժանդակում:
-Դիմե՞լ եք որեւէ օգնության, որ չեն օգնել Ձեզ:
-Ես չեմ կարող գնալ, որեւէ մեկին խնդել, որպեսզի ինձ համար տեսահոլովակ նկարահանեն: Հիմա ես այն տարիքում եմ, որ ինձ պետք է կրկեսի վաստակավոր դերասանուհի կոչում տան: Ի դեպ, մեկ անգամ դիմել եմ եւ մերժում եմ ստացել: Պատասխանեցին, որ անհնար է: Ես որեւէ կուսակցության չեմ պատկանում, անգամ որեւէ կուսակցության համար ելույթ չեմ ունեցել, երբեւէ ընտրարշավի համերգների չեմ մասնակցել: Ես եղել եմ իմ ժողովրդի հետ, այլ ոչ թե ինչ-որ կուսակցության կողքին:
Հիմա ինձ մի կարեւոր հարց է անհանգստացնում․ հարցս ուզում եմ ուղղել կոնկրետ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, քանի որ այս որոշումը հենց ինքն է ընդունել: Ես ինքս երկար տարիներ աշխատում եմ N 12 հատուկ ներառական դպրոցում, սակայն օրեր առաջ ազատվել եմ աշխատանքից, այլեւս չեմ աշխատելու այդ դպրոցում: Բոլորն են տեղյակ, որ նման դպրոցներում սովորում են տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներ: Աուտիզմ, մտավոր հետամնացություն, հոգեպես անհավասարակշիռ երեխաներ, նրանց հետ խոսելը, հաղորդակցվելը շատ դժվար է, կան երեխաներ, որոնք նույնիսկ չեն լսում: Նախարարի հրամանը կա, որ մայիս ամսից ՀՀ-ում գործող բոլոր նմանատիպ հանրակրթական հաստատությունները պետք է փակվեն, եւ բոլոր այդ հիվանդ երեխաները կցվելու են սովորական դպրոցների երեխաներին եւ սովորելու են իրենց հետ: Ես` որպես մայր, Աստծուն շնորհակալ եմ, որ իմ երեխաները սովորելու են Մոսկվայում: Այդ երեխաները չեն կարողանում իրենց վերահսկել, տեղաշարժման խնդիր ունեն, նրանք ծանր հիվանդ են ու տարբեր աստիճանի հոգեկան ու ֆիզիկական շեղվածություններ ունեն: Չեմ պատկերացնում` ինչպես պետք է կարգավորվի, ինչպես պետք է կազմակերպվի նման երեխաների ու առողջ երեխաների դասապրոցեսը: Ո՞նց կարելի է նման որոշում կայացել, այս ի՞նչ տականքության աստիճան է: Հիմա իմ արվեստը նույնիսկ այդքան չի անհանգստացնում, ինչքան այս հարցը: Ես հատուկ դպրոցի արտադասարանային խմբակի դասատու էի, երեխաներին ռիթմիկա, պար եմ սովորեցնում:
-Թանկացումերի մասին ի՞նչ կասեք: Այս ընթացքում ի՞նչն է թանկացել, որ զգացել եք:
-Հիմնականում այստեղ չեմ բնակվում, դրա համար մի փոքր կդժվարանամ պատասխանել, սակայն նկատել եմ, որ սնունդը ժողովրդի համար շատ թանկ է, հատկապես կաթնամթերքի ու մսամթերքի մասին է խոսքս: Պարզ պատճառ կա. մեր միջին աշխատավարձը չի համապատասխանում մեր ապրելուն: Մեր հագուստները նույնպես թանկ են: Եթե ցանկանաս նորմալ բան գնել, ապա քո աշխատավարձը քեզ բավարար չի լինելու. պետք է մտածես կոմունալների մասին ու ստիպված արդեն կզրկվես տվյալ հագուստից կամ պարագայից:
-ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարկային դաշտում պետք է ներգրավեն նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներին: Սպասելի՞ որոշում էր ձեզ համար: Կմուծե՞ք հարկ:
-Ես ուզում եմ հասկանալ` նույն ՀՀ ՊԵԿ նախագահը ի՞նչ է արել, որ տվյալ երգիչը այդ վճարումը կատարի: Իրենք մեր համար տեսահոլովակ են նկարե՞լ, եկել են, իմ տեղը դահլիճում պարապե՞լ են: Թող իրենք ինձ վերցնեն պետական աշխատանքի, ես ել հարկային մուծումներ անեմ: Տարիներ առաջ կար «Հայ համերգ» կազմակերպությունը, որի կազմում կային օպերային երգիչներ, ժողովրդական անսամբլներ, գոյություն ուներ կրկեսային խմբակ, որը գործում էր հենց «Հայ համերգ»-ի հետ: Այն կազմակերպում էր համերգներ տարբեր տեղերում, Գյումրիում, Արցախում, Արտաշատում եւ ամենատարբեր տեղերում: Տվյալ արտիստին ամսվա կտրվածքով ապահովում էր, օրինակ, 10 կամ 20 համերգով: Տանում էին, պետական աշխատանքով գրանցված համերգներին աշխատացնում էին եւ պետական հարկ էին նրա համար մուծում:
Սակայն հիմա իմ անձնական գործունեության վրա ո՞վ կարող է հարկ դնել: Ես առաջարկում եմ նախկին մեխանիզմը կիրառել. չէ՞ որ անցյալում եղել է էդպես, թող իրենք վերցնեն ներկայիս երգիչ-երգչուհիներին, ինչու չէ, նաեւ ինձ, նման մի կազմակերպություն բացեն, որը պետական դաշտում գրանցված կլինի, եւ դա հնարավորություն կտա արտիստին աշխատել: Ես եմ, օրինակ, օրվա մեջ տասը ռեստորան պետք վարեմ եւ պարեմ, ո՞նց են իրենք հսկելու, ամեն մեկիս հետեւից գործակա՞լ են դնելու, որ հետեւեն, տեսնեն` ուր ենք գնում, ինչ ենք անում: Դա ծիծաելի է: Դա նշանակում է` ես չապրե՞մ էլ: Մեր «նորընտիր նախարարներին» առաջարկում եմ` վերանայեն նախկինների փորձը: Գոնե հիմնվեն դրա վրա, թե չէ էսպես ծիծաղելու բաներ են ասում: Ես պատրաստ եմ, թող ինձ ամսվա կտրվածքով 30 համերգ տրամադրեն, աշխատեմ, ամսվա վերջում իմ աշխատավարձից հարկեր վճարեմ, ես էլ հետագայում թոշակի անցնեմ ու երջանկության մեջ լինեմ: Պետք է թավշյա հեղափոխությո՞ւն լիներ, որ դուք ծլկեիք, ինչ-որ նոր բաներ մտածեիք:
-Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, ի՞նչ ակնկալիքներ եւ կանխատեսումներ ունեք:
-Մեծ հույս ունեմ, որ գոնե Նիկոլ Փաշինյանը կընտրվի: Հույս ունեմ, որ մենք իր հարցում չենք սխալվել: Որպես աստիտ եմ ասում` մեծագույն հարգանքներ տածելով այդ մարդու հանդեպ, վերջապես մենք դուրս ենք եկել մի տեռորի լծակերից, բռնակալական պետությունից, ու հիմա մեծ հույս ունեմ, որ մենք մեկ անգամ եւս խաբկանքի մեջ չենք հայտնվի: Ես չեմ ճանաչում, թե ով է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը․իհարկե ունեմ ընկերներ, որոնք հիմա այդ թիմում են, բայց ինձ համար կարեւորն այն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի: Ուզում եմ` աշխատավարձի, թոշակի բարձրացման շարժ լինի:
-Նշեք երեք կետ, որ կցանկանայիք` Հայաստանում փոխվի:
-Բանկային վարկավորման պայմանները կցանկանայի փոփոխվեր: Ուշադրություն դարձնեն գյուղատնտեսության զարգացմանը, որպեսզի ժողովրդին տված կոպեկներով մարդիկ կարողանան գոնե իրենց սնունդ գնել, կցանկանայի կոմունալ վճարների սակագինը վերանայվեր: Մարդիկ չեն կարողանում ապրել: Ի՞նչ են առաջարկում, ուզում են` մի ամբողջ ազգ պառկի, մահանա՞:
-Այսօրվա Հայաստանը Ձեզ դուր գալի՞ս է:
-Նիկոլ Փաշինյանը մեզ համար բարի հրեշտակ չէ ու կախարդական փայտիկ էլ չունի, որ կարողանա ամեն ինչ միանգամից անել: 25 տարի մեր պետությունն ու պետականությունը կերել են: Թող ոչ ոք հույս չունենա, որ վաղը կամ մյուս օրն ամեն ինչ լավ է լինելու: Մոտակա տասը տարին շատ դժվար է լինելու:
-Ինչո՞ւ եք մեկնում Մոսկվա, հիմնական բնակությո՞ւն եք հաստատել:
-Ամենակարեւորը, որ ես այնտեղ աշխատում եմ: Դասավանդում եմ հանրակրթական դպրոցում ու երեք անգամ ավել աշխատավարձ եմ ստանում, քան ստանում էի էստեղ` առավոտից միչեւ ուշ գիշեր վազվզելով ռեստորանից ռեստորան: Ես այնտեղ նաեւ բալետի հայկական պարի անսամբլի գլխավոր բալետ պարուհի եմ: Հավատացեք, որ ես այնտեղ ավելի շատ գումար եմ վաստակում, քան իմ երկրում, որտեղ 30 տարի կյանքս նվիրել եմ արվեստին: Ոզում եմ` բոլորին իրենց բնագավառում հնարավորություն տան աշխատելու, ոչ թե խելացի գիտնականը տաքսու վարորդ լինի, կամ քիմիկը Վերնիսաժում առեւտուր անի:
Մեծ հույս ունեմ, որ գոնե խորհրդարանական ընտրություններից հետո լավ է լինելու:
Աղբյուր՝ «Ժողովուրդ» օրաթերթ