Թուրքական մամուլի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացրած երրորդ սերնդի թղթադրամներից 5000 դրամանոցի վրա ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատկերը: Ինչպես հայտնի է, Սարոյանի ընտանիքն այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիս (Բաղեշ — tert.am) քաղաքից է արտագաղթել ԱՄՆ: «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Յիղիթ Ջան Քայթմազն այս առիթով հատուկ անդրադարձ է կատարել աշխարհահռչակ հայազգի գրողին՝ «Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ» վերնագրով հոդվածում պատմելով Սարոյանի գրական ուղու մասին: «Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականին՝ որպես Բիթլիսից ԱՄՆ գաղթած մի ընտանիքի՝ այդ երկրում լույս աշխարհ եկած առաջին անդամ: 1930-ականներից տպագրվել սկսած Սարոյանը գրում էր, ինչպես որ խոսում էր առօրյա կյանքում, և դրանով ստեղծեց իրեն հատուկ Saroyanesque գրական ոճը: Սարոյանը մահացել է 72 տարեկանում, քաղցկեղից»,- գրում է թուրք սյունակագիրը: Քայթմազն անդրադարձել է նաև հայազգի նշանավոր գրողի ստացած հեղինակավոր մրցանակներին, Հեմինգուեյի հետ ունեցած թեժ վեճերին ու կռիվներին՝ նշելով, որ համաշխարհային գրականության պատմության մեջ Սարոյանն ունի իր անփոփոխ և ուրույն տեղը: