Անսպասելի սրվել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Կերչի նորակառույց կամրջի մոտ ռուս սահմանապահների եւ ուկրաինական մի քանի ռազմանավի բախումը եւ ուկրաինական «նավատորմի» ջախջախումը լարել է իրավիճակը: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարել է ռազմական դրության մասին, բանակը բերվել է մարտական բարձր պատրաստության: Իհարկե, Պորոշենկոն միաժամանակ հայտարարել է, թե դա չի նշանակում, որ Ուկրաինան հարձակողական քայլեր է կատարելու մասնավորապես Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուղղությամբ: Պորոշենկոն ասել է նաեւ, թե ռազմական դրությունը չի նշանակելու Ուկրաինայի քաղաքացիերի ազատությունների եւ իրավունքների սահմանափակում:
Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ:
Ինչ զարգացում կունենա լարումը: Չի բացառվում, որ սրացումը իրավիճակային է, եւ կողմերը փորձում են լուծել ավելի շատ ներքին խնդիրներ: Ի վերջո, թե Պորոշենկոյի դիրքը Ուկրաինայում, թե Պուտինի դիրքը Ռուսաստանում հասարակական-քաղաքական առումով զգալիորեն թուլացած է: Պուտինի վարկանիշը արձանագրում է սրընթաց անկում: Բայց բանը միայն վարկանիշն էլ չէ՝ նրա առաջ այլեւս երեւի թե Ռուսաստանում կառավարելի իշխանափոխություն իրականացնելու հրամայականն է:
Այդ իմաստով Կերչի՝ Ռուսաստանը Ղրիմի թերակղզուն միացնող նորակառույց կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը խիստ հատկանշական է:Այդպիսի իրավիճակում ռազմա-հայրենասիրական պաթոսը երբեք ավելորդ չէ, եւ նույնիսկ կենսականորեն անհրաժեշտ, գոնե կարճաժամկետ էֆեկտի առումով:
Միեւնույն ժամանակ, ներքին սպառման համար բավական պատեհ իրավիճակը մեծ գործածելիություն կարող է ունենալ նաեւ արտաքին ասպարեզում: Եվ այստեղ հնարավոր էֆեկտներից մեկը կարող է առնչություն ունենալ նաեւ Հայաստանի համար վերջին շաբաթներին խիստ արդիական մի խնդրի՝ ՀԱՊԿ իրավիճակի հետ:
Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական լարումը տեղի է ունենում դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ ղեկավարների հավաքին ընդառաջ: Իսկ դեկտեմբերի 6-ի հավաքի ինտրիգը հայտնի է: Ընդ որում, այստեղ գլխավոր քարտուղարի թեման վաղուց այլեւս առիթ է, իսկ բուն հարցը առնչվում է ընդհանրապես ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթին ու հեռանկարին: Երեւանը հայտարարել է, որ հարցը դնում է հենց այդ շեշտադրումով, եւ առանցքային հետաքրքրությունը Հայաստանի համար հենց դա է:
Այդ օրակարգը շատ հոգեհարազատ է Ռուսաստանին, հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ-ն իբրեւ կազմակերպություն ՌԴ համար հետխորհրդային տարածության մի զգալի մասը վերահսկելու միջոցից վերածվել է բելառուս-թյուրքական աքցանի, ինչի պատճառը հենց այն է, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է ոչ իբրեւ ռազմա-քաղաքական դաշինք, չունի այդպիսի հիմք եւ կենսագրություն, այլ առավելապես դիտարկվել է որպես երկկողմ ազդեցության գործիք ՌԴ ձեռքին:
Այսինքն, ՌԴ-ն գործնականում չի դրել դաշինքի խնդիր, ելնելով ավելորդ պարտավորություններ չստանձնելու հանգամանքից: Բայց ՌԴ-ն ՀԱՊԿ-ը չի օժտել դաշնակցային տրամաբանությամբ ու բնույթով, չի դրել այդպիսի օրակարգ, մինչդեռ ՀԱՊԿ ներսում փաստորեն ձեւավորվել է դաշինք ընդդեմ ՌԴ-ի՝ բելառուս-թյուրքական դաշինքը, որը գործնականում ունի նաեւ ՀԱՊԿ ոչ անդամ մասնակիցներ:
Այդ իրավիճակում Հայաստանի քայլը՝ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթի հարց դնելը, փրկօղակ է ՌԴ համար:
Ահա այդ իրավիճակում էլ հետաքրքիր ֆոն է ստեղծվում ռուս-ուկրաինական նոր լարման պայմաններում, երբ դեկտեմբերի 6-ին ընդառաջ ստեղծվում է Հայաստանի առաջ քաշած օրակարգի նոր «ինֆորմացիոն առիթ», ինչը կարող է Ռուսաստանին տալ ավելի աշխույժ խաղի մեջ մտնելու հնարավորություն, կամ Հայաստանին տալ ՌԴ-ին ավելի աշխույժ խաղի մեջ ներքաշելու հնարավորություն:
Ո՞վ է այդ նոր կամ հարակից «ինֆորմացիոն առիթի» նախաձեռնողը՝ Ուկրաինան, թե Ռուսաստանը, դժվար է ասել իհարկե, բայց դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգ մեկնող վարչապետ Փաշինյանի համար տրվել է լավ առիթ:
Ի դեպ, այդ ֆոնին էլ հատկանշական է օրերս ռուսական հեղինակավոր լրատվական տիրույթներից մեկում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վերաբերյալ ծավալուն հրապարակումը, թե նա ինչպես է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ թե ռազմական բախման, թե տնտեսական հարցերում:
Աղբյուր՝ 1in.am