«Ես շատ ամբիցիոզ խնդիր եմ ձևակերպել՝ առաջիկա հինգ տարիներին մենք պետք է կարողանանք մեր զինված ուժերի զարգացման վրա ծախսել նվազագույնը 2.5 մլրդ դոլար»,- այսօր Իջևանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հարցադրում արեց՝ որտեղի՞ց այդ 2.5 մլրդ դոլարը պետք է գտնենք: «Այդ 2.5 մլրդ դոլարի մի մասն առնվազն, բավական մեծ մասը պետք է գոյանան գողացված գումարների վերադարձից: Կոռուպցիայի դեմ պայքարն առանցքային նշանակություն ունի, և ես ուզում եմ ձեզ շատ հստակ ասել՝ երբ որ ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, ես նկատի չունեմ միայն նախկին դեպքերը: Նկատի ունեմ նաև այսօրվա դեպքերը, այն սկզբունքները, որոնք դրված են նախկինների պարագայում, պետք է գործեն նաև այսօրվա իշխանության պարագայում: Կարող են լինել մարդիկ, որ ասեն՝ 50 մլ դոլար վերադարձնենք ու հանգիստ ապրենք: Դա կքննարկենք միայն մեկ պարագայում, մենք պետք է հասկանանք՝ էդ 50 մլն դոլարը իր գողացածի որ մասն է, մեկ տոկոսն է, հինգ, թե՞ 100: Մենք պետք է քննարկման մեջ մտնենք միայն այն պարագայում, երբ խոսքը գնում է մինիմում գողացածի 98 տոկոսը վերադարձնելու մասին, դրանից ոչ մի տոկոս պակաս, ես նվազագույնն եմ ասում»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ եթե օրինակ պարզվի, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնը թողնելու դրությամբ նրա որդու բանկային հաշվին 20 մլն դոլար է եղել, այս պարագայում ի՞նչ ենք անելու:
Ըստ Փաշինյանի՝ հանցագործությունները պետք է բաժանել երկու մասի՝ արյան հետ կապված, և արյան հետ չկապված:«Ասելու ենք՝ դե լավ, այն ժամանակ ապօրինի հաստացման օրենք չկար, ուրեմն ինքը պիտի 20 մլն դոլարն ինչ ուզի անի՞: Ես սա որպես օրինակ եմ ասում, կարող է խոսքը ոչ միայն 20 մլն դոլարի մասին է, այլ շատ ավելի մեծ գումարների: Ի՞նչ է նշանակում ասեն մենք բիզնես ենք արել: Բա եթե էսօրվա վարչապետը որոշի բիզնես անել, պարզ չէ՞, որ բիզնեսը շատ ակտիվ կծաղկի: Այն երկիրը, որի ղեկավարը բզինեսի մեջ կա, էդ նշանակում ա, որ մյուսները բիզնեսի մեջ չկան: Մենք հստակ ասել ենք՝ Հայաստանի ղեկավարը բիզնեսի մեջ չպետք է լինի, բիզնեսի մեջ պետք է լինի ժողովուրդը»,- ասաց նա:
“Իմ մոտեցումն այն է, որ արյան հետ կապված հանցագործությունները որևէ պարագայում չի կարելի ներել: Կա շատ պարզ սկզբունք, եթե մարդը մահացել է, նրան սպանել են, նրան այլևս չենք կարող վերադարձնել: Եվ իմ կարծիքն այն է, որ արյան հետ կապված հանցագործություններով չի կարող լինել որևէ կոմպրոմիս: Իսկ եթե գողացվել է փող, այդ փողը կարելի է վերադարձնել, եթե անհրաժեշտ է, տոկոսներով կարելի է վերադարձնել, եթե անհրաժեշտ է, կրկնակի կարելի է վերադարձնել, և հանրությունը դա կարող է ձևակերպել որպես իր պահանջ”,- հայտարարեց նա:
Աղբյուր՝ Lragir.am