«2018 թվականի հունվարին ում ասեին՝ ապրիլ-մայիսին հեղափոխություն է լինելու, կասեին՝ լավ չե՞ս ընկեր։ Բայց դա այնքան պարզ գործողություն է, որ մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել, թե ինչպես Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունը. հյուսիսում կասկածում են արևմուտքին, արևմուտքում կասկածում են արևելքին, արևելքում կասկածում են արավին, հարավում էլ՝ հյուսիսին»,— այս մասին այսօր Եղվարդ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նկատեց, որ տեղի ունեցածն այնքան անհավանական ու անհասկանալի է եղել բոլորին, որ դրա մեջ դավադրություն են տեսել։
«Այսօր տեղեր կան՝ գրում են՝ սա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր: Տո Սորոսը էնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք: Մեզ համար սա եղել է ազգային արժանապատվության խնդիր։ Մենք թույլ չենք տվել եւ թույլ չենք տա, որ որեւէ օտար ուժ մտնի ու Հայաստանում հարցեր որոշի»,-հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Փաշինյանը նշեց․ «Այսօր ոմանք խոսում են արտաքին քաղաքականության մասին և իրենց պատկերացումը հետևյալն է՝ դու գնում ես և քծնում ես ուրիշներին: Մենք ասում ենք՝ այսօր ՀՀ կառավարությունն այնքան լեգիտիմություն ու ժողովրդական մանդատ ունի, որ երկիրը կարող է ներկայացնել ամենաբարձր ատյաններում՝ հստակ, ուժեղ ու արժանապատիվ: Եվ ես ուզում եմ ձեր անունից ասել բոլորին՝ մենք 21-րդ դար չենք հասել պարտվելու համար, մենք հասել ենք հաղթելու համար»,- հայտարարեց նա:
Աղբյուր՝ Լուրեր.com