Առաջիկա ընտրություններն ունեն առանձնահատուկ ենթատեքստ, մեծ հաշվով բոլոր մարզերում, բայց Արմավիրի մարզում հատկապես, որովհետեւ Արմավիրում առանձնապես շատ եղել են մարդիկ, էդ մարդիկ էլի կա, ուղղակի իրենց կարգավիճակն է փոխվել, եղել են մարդիկ, ովքեր պնդել են, թե ժողովուրդը անում է այնպես, ինչ իրենք են որոշում։ Այս մասին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Հիմա այդ մարդիկ գտնվում են իրենց իրական տեղը եւ ճանապարհը գտնելու պրոցեսի մեջ»:

Փաշինյանի խոսքով՝ արմավիրցիները պետք է անեն այնպես, որ այդ մարդիկ մկան ծակից քթները հանելու փորձ չանեն. «Կարող ենք ասել, որ էս ընտրություններում դուք ունեք շատ հստակ առաքելություն եւ անելիք, ահա այդ մարդկանց, ովքեր երկար ժամանակ փորձել են վախեցնել, ահաբեկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոշումներ թելադրել, էս ընտրություններում դուք պետք է հոգ տանեք, որ այդ մարդիկ, ձեզ հայտնի մարդիկ, մկան ծակից իրենց քթները հանելու փորձ չանեն։ Հենց երեւաց քթները, դրանց քթներին պետք ա տալ։ Դրա լավագույն ձեւը դեկտեմբերի 9–ն է, ընտրական տեղամաս գնալը եւ հանուն հեղափոխության քվեարկելը, որովհետեւ այդ ընտրություններում  ժողովուրդը պետք է տանի ոչ թե ուղղակի հաղթանակ, այլ ջախջախիչ հաղթանակ»։

Նա նաեւ նշեց, որ Աժ արտահերթ ընտրություններում ժողովուրդը պետք է տանի այնպիսի հաղթանակ, որը ակնհայտ կլինի թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս։ Եվ, պետք է լինի այնպես, որ նախորդ համակարգը առաջիկա 2000 տարում վերականգնվելու, մկան ծակից քիթը հանելու հնարավորություն չունենա։

Իր ելույթում Փաշինյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ իրենց կառավարման ժամանակահատվածում ստանձնած պարտավորությունները կատարել են. «Ես ուզում եմ ասել հետեւյալը. այս 7 ամիսների ընթացքում կատարել ենք հիմնական եւ թիվ 1 առաքելությունը՝ մենք իշխանությունը ամբողջությամբ վերադարձրել ենք ժողովրդին։ Մենք Ձեր որեւէ որոշման դեմ լծակ չենք օգտագործելու, մենք ասելու ենք մեր տեսակետը, թե որն է առաջ շարժվելու ճիշտ ճանապարհը, բայց ուզում եմ իմանաք, որ մենք ձեր կայացած ոչ մի որոշման չենք դիմադրելու։ Եթե որեւէ ընտրությունում  դուք որոշեք քվեարկել նախորդ կոռումպացված համակարգի որեւէ ներկայացուցչի, մենք ոչ մի ձեւով չենք դիմադրելու ձեր որոշմանը։ Մենք այսօր եկել ենք ասելու, որ Ձեր առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել ենք»։

loading...