Հաղորդավարուհի Արփի Մայիլյանն ամեն առավոտ հեռուստադիտողին բարի լույս է մաղթում «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերից: Ասում է՝ ուղիղ եթերում աշխատելն առանձնակի հաճույք է: Արփիի խոսքով, հեռուստատեսային աշխարհն իրեն մշտապես է գրավել: Tert.am Life-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմել է իր հիմնական մասնագիտության, հեռուստատեսային աշխատանքի մասին և տրամադրել իր նոր ֆոտոշարքը, որն իրականցրել է Գյումրիում:
Հաղորդավարուհին նշեց, որ առաջին անգամ է եղել Գյումրիում և բավականին տպավորված է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի գեղեցկությամբ: Ֆոտոշարքն իրականացնելու գաղափարն, Արփիի խոսքով, հենց տեղում է ծնվել: Լուսանկարներն արվել են Սև բերդ ամրոցի ներսում և շրջակայքում:
«Սա իմ առաջին այցն էր Գյումրի, հրավիված էի Հրաչ Քեշիշյանի <<Ոչինիչ չի մնա>> ներկայացման առաջնախաղին: Քանի որ քաղաքը բացահայտելու համար մի քանի ժամ ունեի, փորձեցի այն համատեղել նաև գեղեցիկ լուսանկաներ ստեղծելով։ Լուսանկարների հեղինակը իմ լավ ընկեր ու գործընկեր պրոդյուսեր, ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանն է։ Գյումրին Ֆանտաստիկ քաղաք է։ Երևի թե բառերը չեն կարող արտահայտել այն ամբողջ հմայքը, շքեղությունը, գրավչությունը, ջերմությունը և հյուրընկալությունը, որ ունի Գյումրին։ Թեպետ քաղաքն անցել է մեծ դժվարությունների միջով, բայց երանելի մի գիծ հաստատ պահպանվել է՝ պատմություն ունեցող քաղաքի շունչը։ Ամեն քայլին կարող ես մի կառույց, մի շենք, մի աթոռ նկատել, որը հնուց է, բայց նորի կողքին էլ ավելի շքեղ ու յուրահատուկ է նայվում։ Երևի թե քաղաքի այս ներքին լիության շնորհիվ է, որ գյումրեցիներն էլ են նույնքան լի մարդիկ: Մարդիկ այստեղ բարի են, հյուրընկալ , խաղաղ ու ժպիտով լի։ Իսկական հային բնորոշ գծերը հենց այստեղ են պահպանվել»,-ասաց նա:
Արփին առաջին մասնագիտությամբ թարգմանչուհի է: Ավարտել է Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը, այժմ էլ կրթությունը շարունակում է նույն համալսարանի մագիստրոսական բաժնում. «Շատ սիրելով գրականություն և լեզուներ՝այս անգամ ընտրել եմ ռուսաց լեզու և գրականություն ֆակուլտետը։ Չի բացառվում հետագա կրթությունս արտերկրում շարունակելը, բայց վստահ եմ, որ այդ դեպքում էլ ընտրելու եմ ուղի, որը կապ կունենա թե՛ հաղորդավարական կարիերայիս, թե՛ թարգմանչի գործունեության հետ»:
Հաղորդավարուհին նկատեց, որ հեռուստատեսային աշխատանքն իր պարագայում պատահական որոշում չի եղել. «Արդեն 3 տարի է, ինչ աշխատում եմ հեռուստատեսությունում։ Այս երեք տարիների ընթացքում հասցրել եմ ոչ միայն սիրել և կապվել ուղիղ եթերի աշխատանքի հետ, այլ նաև զգալ դրա անհրաժեշությունը ամեն պահի։ Հեռուստատեսային աշխարհը նախընտրելս շատ հանկարծակի կամ պատահական որոշում չէր։ Այն միշտ էլ ինձ գրավում էր և վստահ էի, որ իրական հեքիաթների աշխահը հենց սա է, այստեղ գալով չես կարող երազել կամ սիրել մեկ այլ բան, եթե այն իրոք քոնն է»,-ասաց նա:
«Արմնյուզի» Առաջին ծրագիրը հեռարձակվում է ուղիղ եթերում, ինչն Արփիի դիտարկմամբ, ենթադրում է առավել պատասխանատու և պատրաստված մոտեցում աշխատանքին. «Ուղիղ եթերում աշխատելը մի առանձին հաճույք է, որովհետև միշտ միտքդ և խոսքդ արթուն է։ Գիտակցելով, որ ուղիղ եթերում թույլ տված ցանկացած սխալ անուղղելի է, էլ ավելի պատրաստված և պատասխանատու ես մոտենում աշխատանքիդ»: