Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է արել Համազգային թատրոնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Գրառման մեջ նա անդրադարձել է լրագրողների հարցերին՝ ի՞նչ կանի, եթե թատրոնի դերասանները չընդունեն միասին աշխատելու առաջարկը:
«Բարի լույս սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, բարի լույս սիրելի թատերասեր հասարակություն: Երեկվանից լրագրողները ինձ հետևյալ հարցն են տալիս. եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից։
Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները, կմերժեն իմ առաջարկը` «ՔԱՅԼ ԱՆԵԼ ՄԻԱՍԻՆ» և ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, և բոլորը չեն համախմբվել, որպեսզի իրենց թեկնածուն լինի տնից և ինչպես ուզեն, այնպես էլ շարժվեն, եթե նրանց այդ ցանկությունը ինքնանպատակ չէ, այլ նրանց քայլերը ավելի կառուցողական են, քան իմ առաջարկած քայլերը, ապա ես… կգրկեմ բոլորին մեկ առ մեկ, կասեմ, որ սիրում եմ նրանց, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ նշել էր, որ կհրաժարվի իբրև ռեժիսոր թատրոնում առաջինը բեմադրություն անել և դա անելու առաջարկով դիմել էր նույն թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանին: Ի դեպ, վերջինս գեղարվետսական ղեկավարի ցանկալի թեկնածուն է դերասանական կազմի համար:
Նորանշանակ գեղարվեստական ղեկավարն առաջարկել է նաև դերասաններին համատեղ քննարկում անել բոլոր խնդիրների շուրջ, սակայն վերջիններս առայժմ չեն ընդունել առաջարկը: