Այսօր մենք ունենք մեր կանխատեսումներից ցածր գնաճի ցուցանիշներ: Գնաճային ցածր միջավայրը մոտակա ամիսներին պահպանվելու է և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա իր նպատակի՝ 4 տոկոսի շուրջ: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նրա խոսքով՝ սա ԿԲ-ին թույլ կտա ավելի երկար պահել իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականության դիրքը՝ նպաստելով տոկոսադրույքների մակարդակի հետագա իջեցմանը, հետևապես նաև վարկավորման ծավալների ավելացմանը: «Կենտրոնական բանկը հավատում և վստահեցնում է, որ մշտապես կանի ամեն ինչ, որ մեր երկրում ապահովվեն և´ ֆինանսական, և´ գների կայունությունը»,- նշեց Արթուր Ստեփանյանը:

- Հայտնի է, որ Կենտրոնական բանկը եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է գնաճի հաշվետվություն փաստաթուղթը: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում և ի՞նչ տնտեսական ցուցանիշներ են ներկայացվում փաստաթղթում:  

- Դրամավարկային քաղաքականության ծրագիրը կամ գնաճի հաշվետվությունը Կենտրոնական բանկի գործունեությունը ներկայացնող հիմնական փաստաթուղթն է, որը նաև հասարակության հետ հաղորդակցման գլխավոր միջոցն է: Այս փաստաթղթի հիմնական նպատակն է բիզնեսի ներկայացուցիչներին, ֆինանսական շուկայի մասնակիցներին և հասարակությանը տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես է Կենտրոնական բանկը տեսնում գնաճի զարգացումները առաջիկա 36 ամիսների կտրվածքով և համապատասխան ինչ քաղաքականություն պետք է իրականացնի, որպեսզի կարողանա ապահովել ԿԲ հիմնական նպատակներից մեկը՝ գների կայունությունը:

 
 


 

 
 
Реклама 11

Կենտրոնական բանկը գնաճի զարգացումների վերաբերյալ կանխատեսումները դիտարկում և գնահատում է տնտեսական ցուցանիշների լայն խումբ, որոնց թվում են տնտեսական աճի ապագա զարգացումները, մեր գործընկեր երկրների տնտեսությունների ապագա կանխատեսվող զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության հետագա դիրքը, երկրի վճարային հաշվեկշռի տարատեսակ ցուցանիշներ և այլն:

Որպես օրինակ՝ կարող եմ ներկայացնել տնտեսական աճի կամ ՀՆԱ-ի կանխատեսումները, որոնց համար առանձնացնում ենք կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներ: Կարճաժամկետ առումով գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունում այժմ անորոշությունների մեծ մասնաբաժին կա՝ կապված հանքարդյունաբերության ոլորտի ապագա զարգացումների, գյուղատնտեսության ոլորտում առկա որոշակի վիճակագրական և ներճյուղային խնդիրների հետ: Մեր կանխատեսումներում, բնականաբար, հաշվի ենք առնում նաև այս անորոշությունները:

ՀՆԱ-ի երկարաժամկետ՝ 2-3 տարվա կանխատեսումները, որոնք հիմնականում արտացոլում են տնտեսության ներուժային մակարդակը, հիմնված են ներկա և ապագա կապիտալի, աշխատուժի, տեխնոլոգիաների ցուցանիշների վրա: Այստեղ ևս այսօրվա տեղեկատվությամբ ենք փորձում գնահատել այն ներուժային մակարդակը, որը մի քանի տարի հետո կարող է լինել: Իրականացվում է ընթացիկ մշտադիտարկում, թե ինչ տեսակի ներդրումներ, տեխնոլոգիական ինչպիսի նորարարություններ, աշխատուժի մասնագիտացման ինչ մակարդակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ տնտեսությունում, կամ տնտեսության կառուցվածքի ինչպիսի փոփոխություններ կարող են ապագայում տեղի ունենալ:

Այս առումով կարևոր է, թե ինչու ենք ընտրել հաշվետվության ներկայացման եռամսյակային պարբերականությունը: Ժամանակի ընթացքում մշտապես հրապարակվում է նոր տեղեկատվություն: Ամփոփելով՝ նշեմ, որ հաշվետվության հիմնական նպատակն է տալ գնաճային զարգացումների այն հիմնական սցենարը, որին համապատասխան Կենտրոնական բանկը պետք է արձագանքի իր դրամավարկային քաղաքականությամբ:

- Վերջերս հրապարակվեց այս տարվա վերջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Ի՞նչ հիմնական ուղերձ է այն պարունակում:

- Այսօր, ըստ էության, մենք ունենք գնաճի այնպիսի ցուցանիշներ, որոնք մեր կանխատեսումներից ցածր են: Մեր ապագա ենթադրություններն ու կանխատեսումները հետևյալն են. գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա իր նպատակի՝ 4 տոկոսի շուրջ: Սա թույլ է տալու, որ Կենտրոնական բանկը ավելի երկար պահի իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականության դիրքը՝ նպաստելով տոկոսադրույքների մակարդակի հետագա իջեցմանը և հետևապես նաև վարկավորման ծավալների ավելացմանը: Հիշեցնեմ, որ արդեն երկար ժամանակ է, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում է բավական ցածր՝ 6 տոկոսի մակարդակում:

- Հաշվի առնելով մեր երկրի անցած ուղին և գործող ներկան՝ կարո՞ղ եք ներկայացնել Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ Կենտրոնական բանկի տեսլականը:

2014թ. դեկտեմբերին, երբ խոշորացույցով հնարավոր չէր գտնել որևէ մեկին, ով կհավատար, որ մեր երկիրը, տնտեսությունը և, հատկապես, ֆինանսական համակարգը նորից կվերադառնան իրենց կայուն մակարդակին, Կենտրոնական բանկը, հավատալով իր ուժերին, համապատասխան գործառույթներ իրականացրեց, և մենք տեսանք, թե ինչպես վերականգնվեց այդ կայունությունը: Նույնը տեղի ունեցավ նաև 2018թ. ապրիլ-մայիսի ամիսներին: Ներքաղաքական զարգացումների ողջ ընթացքում կենտրոնական բանկը հավատաց իր ուժերին և իրականացրեց բոլոր այն գործողությունները, որոնք թույլ տվեցին պահպանելու մեր երկրի ֆինանսական կայունությունը և տնտեսական զարգացումները: Կենտրոնական բանկը հավատում և վստահեցնում է, որ մշտապես կանի ամեն ինչ, որպեսզի մեր երկրում ապահովվեն և ֆինանսական և գների կայունությունը:

loading...