Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին, բայց չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է: Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ ԱԱԾ ներկայանալ հրաժարվելուն և հայտարարություններին:
Նա նշեց, որ այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
Նրա խոսքով՝ ասուլիսներ հրավիրելու ժամանակ թող մարդիկ փաստեր ներկայացնեն՝ ինչ դավադրություն է: «Մարդիկ պետք է հստակ իմանան, եթե կա քաղաքական դավադրություն կամ կա ստախոսություն»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե Դավիթ Շահնազարյանն ասել է, որ քաղաքական հայտարարություններ է արել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ քաղաքական հայտարարություն է անում, որ ինքն էլ լուրջ վարկածներ ունի, որ նրանք օտարերկրյա գործակալներ և դավադիր պատերազմի հրձիգներ են:
Փաշինյանը հավելեց, որ ի պաշտոնե պարտավոր է երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել: «Սա կոնկրետ պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է:
Ես ուրիշ բան չեմ ուզում ասել», - նշեց նա
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ՝ «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Նշված մեղադրանքը Դավիթ Շահնազարյանը պնդել և հաստատել է նաև ս.թ. դեկտեմբերի 4-ին նույն մամուլի ակումբում տեղի ունեցած իր հերթական ասուլիսի ընթացքում, որի ժամանակ հնչեցված նշված մեղադրանքը հիմնավորող կոնկրետ փաստեր կամ ապացույցներ չներկայացնելով, հայտարարել է, որ՝ «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը։ Դեռ շատ բան կա»։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Դավիթ Շահնազարյանին հրավիրել է ծառայություն:
Վերջինս հայտնեց, որ մտադրված էր ԱԱԾ այցելելու, սակայն նրանց հայտարարությունից հետո որոշել է չգնալ:
ԱԱԾ հայտարարությունից շուրջ 1 ժամ անց Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիս տվեց, որում հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իիրականացվում, որի հրահանգը տվել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նյութի աղբյուրը ՝ https://www.tert.am/am