Տարօրինակ ձայն և ուժեղ պայթյուն։ Aravot.am–ի հետ զրույցում Իսահակյան գյուղի հովիվը՝ Համբարձում Սիմոնյանը, որն ականատես է եղել այսօր՝ դեկտեմբերի 4–ին Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող հատվածում ուսումնամարզական թռիչք իրականացնող «ՍՈՒ-25» մարտական ինքնաթիռի կործանմանը, պատմել է դեպքի մասին։
«Անցնում էի Լուսաղբյուրի տարածքով, անասուններին տարա վերև, ստույգ ժամը չնայեցի, բայց, երևի թե, ժամը 10-ի մոտ էր, երբ ինքնաթիռի ձայնը լսեցի, գնում էր ու վայրկյան չանցած՝ տարօրինակ ձայն հանեց։ Ուժեղ պայթյուն լսեցի, ոնց որ երկու վագոն խփեն իրար, շատ ուժեղ էր։ Ինքս ինձ ասի՝ վայ սամալյոտը ընկավ, երբ սկսեցին որոնողական աշխատանքները, ես արդեն մոտավոր տեղը գիտեի, ցույց տվեցի որտեղից, որ հատվածում է եղել, որտեղից էի ձայնը լսել։ Դա հին Ձորաշենի մոտ է, քանդված գյուղ կա, կողքի ձորերում է։ Մառախուղ էր, ծուխը չեմ տեսել, բայց ձայնը լրիվ լսել եմ ու բարձր ձայնով ինքնս ինձ ասել՝ վայ ինքնաթիռն ընկավ», -պատմել է Համբարձում Սիմոնյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:
Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը:
Նյութի աղբյուր Aravot.am