Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է 88-ի ավերիչ երկրաժարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագին, որ մատուցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Կարող եք դիտել պատարագի կադրերն ու նախագահի խոսքը, իսկ դրանից հետո կարդացեք նաև Արմեն Սարգսյանի բաց նամակը, որի հասցեատերը Գյումրին է:
«Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ.
Սիրելի՛ Գյումրի,
Երբ դու կարդաս այս խոսքերը, հազարավոր մարդիկ՝ հեռվում և մոտիկ, հարազատ ու անծանոթ, հարգանքի տուրք մատուցելիս կլինեն քեզ պատահած մեծ աղետի՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ես կլինեմ նրանց շարքում՝ վերհիշելով այն սարսափելի օրը, երբ ժամանակը կանգ առավ ճիշտ 11:41-ին՝ ընդմիշտ փոխելով քո ճակատագիրը:
Այսօր կատարվածից անցել է 30 տարի, և անհնար է նայել հետ՝ առանց հայացքը դեպի ապագա ուղղելու: Այլ կերպ լինել չի կարող: Դու քո երկրին ու աշխարհին առաջարկելու շատ բան ունես: Ապագա սերունդների հետ հին աշխարհի շատ պատմություններ ունես կիսելու: Չափազանց շատ հպարտություն և լավատեսություն, որը կառաջնորդի դեպի նորացված, վերականգնված ու հզորացած ապագա: Ես այս ամենից տեղյակ եմ ոչ թե մյուսների պատմությունների, այլ սեփական փորձառության միջոցով, որն ունեցել եմ քեզ հետ իմ կյանքի ընթացքում:
1960 թվականին ես երեխա էի, երբ հայրս, ով երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետ էր, ինձ ներկայացրեց քեզ: Մենք բացահայտեցինք Արփաչայը և անմիջապես քո սահմանից այն կողմ գտնվող հայոց հնագույն մայրաքաղաքի՝ Անիի ավերակները: Իմ հայրը հիանում էր քեզ բնորոշ ճարտարապետությամբ՝ սև և կարմրավուն տուֆից կառուցված կամարակապ շինություններից մինչև բակեր, եկեղեցիներ, խորհրդային շրջանից լավ ու վատ շինություններ:
Նա ուզում էր, որ ես ճանաչեմ քեզ, Գյումրի՛, քանի որ նրա նախնիները կապված էին քեզ հետ: Նրանք սերում են Էրզրումի շրջանից, Ձիթող գյուղից: Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր վերաբնակեցրին քո հողերը 19-րդ դարում՝ փախչելով պատմական հայկական հողերի վրա օսմանյան ղեկավարների հետապնդումներից:
Նա ինձ տարավ քո ազգագրական թանգարան՝ Ձիթողցոնց տուն (ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան), որտեղ ներկայացվում են այն մարդկանց կյանքն ու ապրած ժամանակները, որոնցից սերում են քո բնակիչներից շատերը: Նրանք խոսում են մեր ընտանիքի նախնիների լեզվով, որն արմատներ ունի դասական արևմտահայերենում: Սա, իհարկե, վերաբերում է այն մեծ թվով գրողներին ու պոետներին, որոնց ծնել ես դու, ինչպես՝ Ավետիք Իսահակյանը և Հովհաննես Շիրազը: Դու նաև տունն ես մեծ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և փիլիսոփա ու կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի: Անգամ քո ավանդական հագուստն ու ժողովրդական պարերը տանում են Էրզրումից եկող քո ճանապարհով ՝ դառնալով անցյալն ու ապագան կապող յուրօրինակ մի կամուրջ:
Իմ հայրը նաև ինձ բացատրեց, որ դու վարպետների քաղաք ես, նա քեզ հենց այդպես էր անվանում: Մինչ օրս դու հպարտանում ես լավագույն արհեստավոր վարպետներով, ովքեր աշխատում են մետաղների, փայտի ու քարի հետ: Այս «ուստաները» (հպարտ վարպետները) դեռ կրում են իրենց լավագույն օրերի հանդերձանքը և շարունակում են այն ավանդական տեխնիկան ու միջոցները՝ բացառիկ որակ հաղորդելով քո ապրանքներին, որոնց նմանն անհնար է գտնել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս:
Այդ ժամանակ ինչպե՞ս կարող էի իմանալ, որ 28 տարի անց իմ հոր Գյումրին նման աղետի առաջ կկանգնի: Դա խորը ցնցում էր, որը իմ հայրը չապրեց, քանի որ հեռացավ կյանքից ընդամենը չորս տարի անց այն էքսկուրսիայից, որն իմ սիրտը բացեց քո առջև:
Անմիջապես երկրաշարժից հետո համալսարանի իմ շատ գործընկերներ, մասնավորապես ուսանողները, շտապեցին օգնել քեզ: Մենք վստահ չէինք, որ կառավարությունը կարող է բավարար քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով աղետի մասշտաբները: Բառեր չկան նկարագրելու, թե ինչ տեսանք: Սակայն բոլոր ավերածություններից ու արցունքներից անդին՝ Գյումրիի գեղեցկությունը, որը ես տեսել էի հորս աչքերում, ինչ-որ կերպ շարունակեց մնալ իմ մտքում:
Ութ տարի անց ես վերադարձա քեզ մոտ՝ այս անգամ արդեն որպես քո վարչապետ: Քո վնասվածքի մնացորդները դեռ պահպանվում էին քո շուրջ: Ուստի սպասում էի, որ դու ինձ դառնությամբ կդիմավորես, քանի որ մեր կառավարությունը պատերազմի դժվարությունների ու անկախության վաղ շրջանի ցավերի պատճառով քեզ այն ուշադրությունը չէր դարձնում, որին արժանի էիր: Սակայն, ի զարմանս ինձ, դու ինձ դիմավորեցիր ջերմությամբ և երախտագիտությամբ:
Վերապրածներից շատերն ինձ հրավիրեցին իրենց տնակներ այնպիսի մեծահոգությամբ և հյուրընկալությամբ, որը ես երբեք չեմ կարողանա մոռանալ: Նրանց կողմից արված հյուրասիրությունը, նրանց երգերն ու արտասանած բանաստեղծությունները, ի հեճուկս սուղ ու խեղճ պայմանների, վառ վկայությունն էին գյումրեցու հայտնի մեծահոգության, որը ես երբեք մոռանալ չեմ կարող:
Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնավորությունն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ:
Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև մեր Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի:
Ես ուզում եմ, որ նրանք վայելեն քո համերն ու բույրերը, քեզ հատկանշական ավանդույթներն ու համեղ խոհանոցը, ինչպես նաև ճանաչեն քո ժողովրդի խելքն ու իմաստնությունը: Ես կառաջարկեմ առավոտյան այցելել քո եկեղեցիներից մեկը՝ ինչպես հաճախ ես եմ անում, գնալ շուկա: Ես հաճախ կանգ եմ առնում սրճարանում՝ մի բաժակ սուրճի շուրջ ծանոթ-բարեկամների հետ «խոսք ու խորաթա» անելու, կշռելու աշխարհի չարն ու բարին: Թե հաջողվում է՝ միանում եմ նրանց Արփաչայի ափերին՝ մի վայր, որն իր մեջ շարունակում է պահել երիտասարդ տղայի ու նրա հոր հիշողությունները՝ կապված իրենց նախնիների անցյալի հետ: