«Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը։ Սա Հանրային հեռուստաընկերության որոշումն է, որը լայն զանգվածների մոտ դրական արձագանք գտավ։ Կերպարային աղջիկ, որին հայկական X Factor–ում 1 քայլ բաժանեց հաղթանակից, ուկրաինական The Voice–ում նա 4–րդն էր, թեև յուրաքանչյուր ելույթով ստիպում էր հոտնկայս ծափահարել իրեն ու չխնայել գովեստի խոսքերը։

 

Հիմա Սրբուկը պատրաստվում է «Եվրատեսիլին», որը պատասխանատու, բայց և ոգևորիչ փորձություն է իր համար։ Երգչուհուն անդրադառնալու առիթներ Tert.am Life–ը քանիցս ունեցել է։ Մեր նախորդ զրույցում Սրբուկը պատմում էր, թե որքան բարդություններ է հաղթահարել իր ճանապարհին, այսօր երգչուհին վստահ քայլերով հարթում է իր ուղին։ Tert.am Life–ի նոր զրույցը Սրբուկի հետ «Եվրատեսիլի», իր ապրումների ու սպասումների մասին է։

 

-Սրբուկ, ինչպիսի՞ն էր առաջին արձագանքդ, երբ Հանրայինից առաջարկեցին ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ին։

 

-Ուրախ էի, անհանգիստ էի, հուզված էի, ժպտում էի։ Մի ակնթարթում բոլոր զգացողություններս խառնվեցին իրար։ Ու չէի հասկանում, թե այդ ինֆորմացիայի հետ ոնց պետք է ապրեմ մինչև այդ մասին հրապարակային հայտարարելը։ Պետք է խոստովանեմ` դժվար էր համբերելը (ծիծաղում է, հեղ.)։

 

 

–Նշել ես, որ նախորդ տարի մոտ էիր «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելուն, սակայն մի բան է քո նախաձեռնությամբ  մասնակցել մրցույթին, այլ բան է առաջարկ ստանալ ներկայացնել երկիրդ։ Որքանո՞վ էր քեզ համար անսպասելի և ոգևորիչ առաջարկը։

 

–Կարծում եմ` բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան ոգևորիչ էր այդ ակնթարթը։ Դա մի պահ է, երբ միանգամից զգում ես, որ քո տարիների նվիրումը գնահատվել է, գիտակցում ես, թե ինչպիսի պատիվ է ամբողջ Եվրոպայում քո հայրենակցին ու հայրենիքը ներկայացնելը։

 

–Ինքդ քեզ պատկերացրե՞լ ես «Եվրատեսիլի» բեմում։

 

–Պետք է խոստովանեմ, որ շատ չեմ կենտրոնացել այդ փաստի վրա, բայց իհարկե մտքեր եղել են։

 

–Քո մասնակցության մասին հայտարարությունից օրեր առաջ ներկայացրեցիր նոր տեսահոլովակ։ Աշխատանքն այսպես, թե այնպես ծրագրվա՞ծ էր, թե՞ հատուկ այս առթիվ էիր պատրաստել։

 

–Ես ու իմ պրոդյուսերական թիմը` Factory production-ը, որի հետ արդեն մի քանի ամիս է` աշխատում էինք նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Ցանկանում էինք, որ ուկրաինական The Voice–ին մասնակցությունից հետո տարբերվող աշխատանք ներկայացնեմ իմ երկրպագուներին։ Իհարկե ժամանակային առումով որոշակի համընկնում եղավ, սակայն ուրախ եմ, որ այս աշխատանքս և «Եվրատեսիլ»-ին մասնակցելու լուրն այդքան դրական արձագանքների արժանացան։ «Եվրատեսիլ»-ից առաջ դրական էմոցիաները միշտ տեղին են (ծիծաղում է, հեղ.)։

 

 

–Երգի համար մրցույթ եք կազմակերպել։ Ինքդ ինչպիսի՞ երգով կուզեիր ներկայանալ։

 

–Ուզում եմ, որ երգը տարբերվող ու հիշվող լինի, համապատասխանի իմ կերպարային  առանձնահատկություններին կամ նոր շունչ բերի։ Մի բան, որ միանգամից կլսեմ ու ներսումս շարժ կլինի։

 

–Նախկինում հետևե՞լ ես այս մրցույթին, ի՞նչ դիտարկումներ ունեիր, ինչպե՞ս ես պատկերացնում քո ելույթը։

 

–Դե ամեն բան երգից է կախված, երգի թելադրած տրամադրությունից։ Բայց կարևորը անսպասելիության որոշակի տարր պարունակելն է. սիրում եմ էքսպերիմենտներ։

 

–Որո՞նք են կարևորագույն սկզբունքները, որ պիտի պահես։

 

–Հավատարմությունն ու անկեղծությունն արված գործի նկատմամբ, իմ շատ սիրելի երկրպագուներին ու այն մարդկանց, ովքեր հույսեր են կապում ինձ հետ։

 

–Այս մրցույթում կարևոր է նաև շոուն։ Պատրա՞ստ ես փոփոխությունների հանուն շոուի, քննարկո՞ւմ եք ինչ–որ տարբերակներ։

 

–Ամեն բան ճիշտ հաշվարկված ու մտածված պետք է լինի։ Եթե այդ երկու բաղադրիչները լինեն, կարելի է և փոփոխությունների դիմել։  

 

 

–«Եվրատեսիլը» մեր երկրում լայն քննարկվող մրցույթ է, որին մասնակցությունը կարևոր է արտիստի համար։ Մի առիթով խոսել ենք, թե որքան բարդություններ ես հաղթահարել` ճանապարհդ կերտելիս։ Եղե՞լ է փուլ, երբ մտածել ես երգով չզբաղվելու մասին։

 

–Երգն ինձ օգնել է հաղթահարել շատ ու շատ դժվարություններ։ Առանց երգ ես չկամ։  

 

–Հիմա կարծես հստակ քայլերով առաջ ես գնում, ինքդ կյանքիդ այս փուլն ինչպե՞ս կբնորոշես։

 

–Գերռիթմիկ, գերակտիվ։ Երբեմն արված անելիքների քանակով օրը կարծես դար լինի, սակայն իմ դարը թռչում է վայրկյանի արագությամբ։

 

–Այս փուլում ի՞նչ բարդություններ ունես։

 

–Շատ բան հասցնելու, միաժամանակ մի քանի վայրում լինելու անհրաժեշտությամբ։

 

–Ունե՞ս նաև որոշակի մտավախություններ։ Որո՞նք են դրանք։

 

–Մտավախություններ իհարկե կան, սակայն ցանկանում եմ միայն դրականի վրա կենտրոնանալ։

 

–Այս փուլում ո՞վ է ամենամեծ խորհրդատուդ։

 

–Այս փուլում և միշտ` ընտանիքս ու թիմս։

 

 

–Սրբուկ, 2 անգամ մասնակցել ես մրցույթի` Հայաստանում` X Factor–ին, Ուկրաինայում` The Voice–ին և շատ մոտ էիր հաղթանակին, սակայն 2 անգամ էլ հաղթանակի չհասար։ Նման դեպքերում ընկճվո՞ւմ ես, ի վերջո, ինքդ էլ ես որոշակիորեն տրամադրվում հաղթական ճանապարհին։

 

–Յուրաքանչյուր փորձություն մարդու համար է, և ես շատ ուրախ եմ, որ վերոնշյալ մրցույթների արդյունքում ձևավորվել եմ որպես արտիստ, ինձ սկսել են ճանաչել, սիրել։ Դարձել եմ ավելի ուժեղ, ավելի հմուտ։ Իզուր չեն ասում, որ ոչ թե պետք է ընկճվել սխալներից, այլ օգուտ քաղել ստացած դասերից։ 

 

–Հայտնիությունից բացի ի՞նչ է քեզ տվել մրցույթներին մասնակցությունը։

 

–Համառություն։

 

–Դու լսարանի մոտ տպավորվեցիր Սրբուկ անվամբ, թեև հաճախ ներկայանում էիր որպես Սրբուհի Սարգսյան։ Լսարանի ազդեցությա՞մբ սկսեցիր ներկայանալ որպես Սրբուկ, թե՞ դա նաև քեզ հոգեեհարազատ տարբերակն է։

 

–Այո, շատ ճիշտ ես նկատել։ Ես դարձա Սրբուկ, որովհետև ինձ այդպես «ստիպեց» ներկայանալ հանրությունը։ Եվ այսօր դա իմ բեմական անունն է։

 
loading...