Լյարդն օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որը զտում է արյունն ու մաքրում օրգանիզմը տարատեսակ տոքսիններից ու վնասակար նյութերից: Սակայն օրգանիզմի պաշտպանությունը լյարդի միակ գործառույթը չէ, քանի որ հենց այս օրգանի շնորհիվ են սինթեզվում մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի զգալի մասը:

 

Ցավոք՝ լյարդը ոչ միշտ է կարողանում ազատվել վնասակար նյութերից: Հաճախ մարդը բազմաթիվ դեղամիջոցներ, ալկոհոլ և յուղոտ ու վնասակար նյութերով հարուստ սնունդ է ընդունում, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում այս օրգանի առողջության վրա:

 

Սակայն լյարդի հետ կապված խնդիրների դեպքում օրգանիզմը փորձում է նախազգուշացնել որոշ ախտանշանների միջոցով, որոնք կօգնեն ժամանակին միջոցներ ձեռնարկել և խուսափել լուրջ բարդություններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը:

 

1.      Քաշի անբացատրելի ավելացում

 

Օգտագործված ճարպերն օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի վերածելու գործընթացը կարգավորում է հենց լյարդը, ուստի այս օրգանի աշխատանքի խանգարման դեպքում ճարպերը չեն վերամշակվում և սկսում են կուտակվել` հանգեցնելով քաշի ավելացման:

 

2.      Ալերգիկ ռեակցիա

 

Եթե ալերգիան կտրուկ է առաջացել և նախկինում նման խնդիրներ չեն նկատվել, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել լյարդի աշխատանքի խանգարմամբ: Բանն այն է, որ եթե լյարդը վատ է զտում արյունը և չի մաքրում այն տոքսիններից ու ալերգեններից, ապա դրանք կուտակվում են օրգանիզմում:

 
 

Այդ ժամանակ գլխուղեղը հավելյալ հիստամինների արտադրման ազդանշաններ է տալիս, իսկ օրգանիզմում հիստամինների բարձր մակարդակն էլ դառնում է ալերգիկ ռեակցիայի առաջացման պատճառ:

 

 

3.      Մշտական թուլություն ու հոգնածության զգացում

 

Սա կարող է վկայել օրգանիզմի քրոնիկական ինտոքսիկացիայի (թունավորում) մասին, ինչը պայմանավորված է լյարդի աշխատանքի խանգարմամբ: Բացի այդ, կարող են նկատվել նաև մկանային ցավեր, մտավոր կարողությունների թուլացում ու աշխատունակության անկում: Այս դեպքում մարդը չի կարողանում հաղթահարել անգամ չնչին հոգեբանական ծանրաբեռնվածությունը, դառնում է դյուրագրգիռ ու դեպրեսիվ:

 

4.      Առատ քրտնարտադրություն

 

Լյարդի քրոնիկական բորբոքման ախտանշաններից մեկն է սուբֆեբրիլ ջերմությունը: Մարմնի ջերմաստիճանի նման բարձրացումը մարդը հաճախ չի նկատում, սակայն օրգանիզմը փորձում է իջեցնել ջերմաստիճանը և քրտնարտադրությունն ուժեղանում է: Ընդ որում՝ քրտինքը կարող է շատ տհաճ հոտ ունենալ, քանի որ լյարդի աշխատանքի խանգարման հետևանքով արյան մեջ մեծ քանակությամբ վնասակար նյութեր են կուտակվում:

 

5.      Ակնե

 

Լյարդն օգնում է հորմոններ արտադրել ու մաքրել արյունը, ուստի դրա աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հորմոնալ խանգարումներ: Այդ խանգարումների հետևանքով ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը, իսկ վնասակար նյութերը նպաստում են բշտիկների ու ֆուրունկուլների առաջացմանը:

 

6.      Բերանի խոռոչի տհաճ հոտ

 

Բերանի խոռոչի տհաճ հոտը նույնպես կարող է պայմանավորված լինել լյարդի աշխատանքի խանգարումներով: Բանն այն է, որ օրգանիզմում կուտակված թունավոր նյութերը հաճախ դուրս են գալիս օրգանիզմից արտաշնչված օդի հետ:

 

Հարկ է հիշել, որ այս ախտանշանները վկայում են լյարդի ախտահարման սկզբնական փուլերի մասին, ուստի դրանք անտեսելու դեպքում կարող են ի հայտ գալ շատ ավելի լուրջ խնդիրներ:

 

Նյութի աղբյուրը՝ lady-journal.info

loading...