Գոյություն ունեն բազմաթիվ մանկական հիվանդություններ, որոնց մասին ծնողները հաճախ նախընտրում են լռել: Սովորաբար մարդիկ լռում են հիվանդությունների մասին, քանի որ կարծում են, որ դրանք վկայում են ծնողների ուշադրության պակասի և վատ խնամքի մասին: Սակայն հարկ է հիշել, որ դրանք բավականին տարածված հիվանդություններ են, որոնց դեմ կարելի է արդյունավետ կերպով պայքարել ճիշտ մեթոդներ կիրառելով:

 

Բերանի խոռոչի տհաճ հոտ

 

Մեծահասակների մոտ բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել ինչպես ատամների ու լնդերի հետ կապված խնդիրներով, այնպես էլ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, սակայն երեխաների դեպքում այս խնդրի հիմնական պատճառը բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենան է լինում:

 

Հարկավոր է սովորեցնել երեխային լվանալ ատամներն ամեն անգամ ուտելուց հետո և չմոռանալ նաև լեզվի մասին, քանի որ բակտերիաները բազմանում են հենց լեզվի վրա: Եթե ատամնաշարը չափազանց խիտ է, ապա փոքրիկը պետք է նաև ատամների համար նախատեսված հատուկ թել օգտագործի:

 

Եթե անգամ հիգիենայի բոլոր կանոններին հետևելու դեպքում խնդիրը չի լուծվում, ապա հարկավոր է դիմել մանկաբույժին, քանի որ տհաճ հոտի պատճառը կարող են լինել նշագեղձերի մեծացումը, ադենոիդները, ականջի վարակը, քրոնիկական հայմորիտը և այլ լուրջ խնդիրները:

 

Սեբորեա

 

Համարվում է, որ սեբորային դերմատիտի պատճառը հղիությունից հետո երեխայի օրգանիզմում մնացած մայրական հորմոններն են, որոնք խթանում են մաշկային ճարպի առատ արտազատումը: Այս հիվանդությունը դրսևորվում է դեղնավուն կոշտ թեփուկների տեսքով:

 
 

Այն կարող է շատ տհաճ լինել, սակայն սովորաբար չի անհանգստացնում երեխային և որպես կանոն անցնում է փոքրիկի կյանքի առաջին տարվա ընթացքում:

 

 

Այս խնդրից ազատվելու համար խորհուրդ է տրվում երեխայի գլխամաշկին հանքային յուղ քսել, մի փոքր մերսել և թողնել առնվազն 30 րոպե (կամ ամբողջ գիշեր): Այս յուղը ոչ միայն շատ արագ է ներծծվում, այլև արդյունավետ կերպով մաքրում է մաշկը: Այնուհետև հարկավոր է լվանալ երեխայի գլուխը հատուկ շամպունով և օգտագործել մաքուր սանր՝ թեփուկներից ազատվելու համար: Այս պրոցեդուրայի ընթացքում հարկավոր է շատ զգույշ լինել, այլապես այն կարող է տհաճություններ պատճառել երեխային:

 

Եթե այս պրոցեդուրան երեխայի համար տհաճ է, ապա հարկավոր է դադարեցնել այն, քանի որ որ միևնույն է ժամանակի ընթացքում թեփուկները կընկնեն առանց որևէ միջամտության:

 

Հարկ է հիշել, որ գլխամաշկի կարմրածության, գրգռվածության ու ցանի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին: Բացի այդ, անհրաժեշտ է դիմել բժշկին նաև այն դեպքում, եթե երեխան արդեն 1.5 տարեկանից մեծ է, իսկ սեբորեան չի անցնում կամ նոր է ի հայտ եկել: Այս դեպքում այն կարող է պայմանավորված լինել շատ ավելի լուրջ խնդրով:

 

Գորտնուկներ

 

Գորտնուկները շատ տարածված խնդիր են, որոնք պայմանավորված են մարդու պապիլոմա վիրուսով: Սովորաբար դրանք անհետանում են առանց միջամտության, ուստի բուժման կարիք շատ հազվադեպ է լինում:

 

Նման խնդրի դեպքում երեխան պետք է հնարավորինս քիչ ձեռք տա գորտնուկին, քանի որ այն կարող է տարածվել և ի հայտ գալ նաև մարմնի այլ հատվածներում:

 

Իրականում այս խնդրից ազատվելու ամենապարզ միջոցներից մեկը ախտահարված հատվածը վիրակապելն է: Առհասարակ՝ ինքնաբուժությունը կարող է արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բուժման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար հեռացնել գորտնուկի կոշտացած շերտերը: Եթե տնային պայմաններում չի հաջողվում ազատվել գորտնուկից, ապա հարկավոր է դիմել մաշկաբանին, քանի որ ներկայում կան այս խնդրից ազատվելու բազմաթիվ արդյունավետ միջոցներ:

 

Էնտերոբիոզ (սրատուտ)

 

Սա շատ տարածված խնդիր է՝ հատկապես, եթե երեխաները հաճախ են խաղում միմյանց հետ խաղահրապարակում: Մասնագետներն արդեն ապացուցել են, որ սրատուտի ձվերը կարող են օրգանիզմում հայտնվել անգամ փոշու և խաղալիքների միջոցով:

 

Այս կլոր որդերը կարող են առաջացնել ուժեղ քոր հետանցքի հատվածում: Սովորաբար ախտանշաններն անհանգստացնում են երեկոյան ժամերին, երբ որդերը դուրս են գալիս օրգանիզմից, որպեսզի ձվադրեն հետանցքի շուրջը: Խնդիրը հայտնաբերելու համար հարկավոր է առավոտյան երեխայի արթնանալուն պես կպչուն ժապավենը հպել նրա հետանցքին, այնուհետև տանել այն լաբորատոր հետազոտության:

 

Սովորաբար նման խնդիրները բավականին հեշտ ու արագ են լուծվում, սակայն անգամ բուժումից հետո հարկավոր է շատ ուշադիր լինել և հետևել փոքրիկի հիգիենային: Բացի այդ, անհրաժեշտ է հաճախ կտրել նրա եղունգները, մաքրել դրանք հատուկ խոզանակի միջոցով և հետևել, որ փոքրիկը մատները բերանը չտանի:

 

Ոջլոտություն

 

Սա այն խնդիրն է, որի մասին բոլորը լռում են, սակայն հենց դա էլ դառնում է խնդրի տարածման պատճառ: Ոջիլներից ազատվելու համար հարկավոր է օգտագործել հատուկ միջոցներ և սանրելով ազատվել ոջիլներից ու դրանց ձվերից: Հատուկ միջոցներն օգնում են սպանել հասուն ոջիլներին և թուլացնել այն նյութը, որով ձվերն ամրացվում են վարսերին: Արդյունքում կարելի է հատուկ սանրով սանրել վարսերն ու ազատվել նաև ձվերից:

 

Ոջիլների ձվերից ազատվելու ևս մի արդյունավետ միջոց է 9%-անոց քացախի ջրային լուծույթը (1:2 հարաբերակցությամբ), որը հարկավոր է քսել մազերին, թողնել 30 րոպե, այնուհետև սանրել երեխայի մազերը՝ մակաբույծներից ազատվելու համար: Սանրը հարկավոր է հաճախ լվանալ, որպեսզի հեռացված ձվերն ու ոջիլները կրկին չհայտնվեն երեխայի մազերի մեջ: Ոջիլներից ազատվելուց հետո հարկավոր է բարձր ջերմաստիճանի ջրում լավանալ նաև երեխայի հագուստն ու անկողնային պարագաները:

 

Հերպես

 

Հերպեսն այն հիվանդությունն է, որով վարակված մարդը երբեք այլև չի ազատվի դրանից: Վիրուսը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ և դրսևորվել իմունային համկարգի թուլացման դեպքում (գրիպ, մրսածություն, սթրես և այլն): Սակայն բացի տհաճ բշտիկներից, հերպեսն այլևս ոչ մի կերպ չի ազդում առողջության վրա:

 

Այս հիվանդությունն ուղեկցվում է սաստիկ քորով, մրմուռով ու ծակծկոցով, սակայն մայրիկները պետք է հիշեն, որ երեխան ոչ մի դեպքում չպետք է քորի ախտահարված մաշկը, քանի որ հիվանդությունը կարող է տարածվել:

 

Հերպեսի դեպքում հարկավոր է դիմել բժշկին, որն էլ կնշանակի անհրաժեշտ դեղամիջոցները: Եթե բուժումն անարդյունավետ է և փոփոխություններ չեն նկատվում անգամ մեկ շաբաթ անց, ապա հարկավոր է կրկին խորհրդակցել բժշկի հետ:

 

Բացի այդ, հարկ է հիշել, որ հիվանդության սրման ժամանակ փոքրիկին պետք է հատկացնել առանձին սրբիչ ու սպասք՝ ընտանիքի մյուս անդամների վարակումից խուսափելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ parents.ru

loading...