Այս ամռանը Չեխիայի Հանրապետությունից ժամանած մասնագետները ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում հետազոտություն էին իրականացրել ծանր մետաղներով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա պարզելու նպատակով: Այդ նպատակով նրանք վերցրել էին հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ:
Դեբեդ գետից վերցված նստվածքներում հայտնաբերված պղնձի մակարդակները ցույց են տալիս, որ արդյունաբերական ձեռնարկությունների անմիջապես ներքևի մասով հոսող հատվածներից վերցրած նմուշներում պղնձի խտությունները կտրուկ ավելանում են և նույնիսկ հարյուրապատիկ գերազանցում են ֆոնային մակարդակները:
Դեկտեմբերի 10-ին նշված հետազոտությանը մասնակցած գիտնականները Երևանում ներկայացրեցին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի Շնող համայնքներում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են չեխական «Արնիկա», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները: Ծրագիրը ֆինանսավորել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Համաժողովին կատարված աշխատանքներն են ներկայացրել Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի մասնագետ Մարեկ Շիրը և չեխական «Արնիկա» կազմակերպության մասնագետ Ժիտկա Ստրակովան:
Ըստ իրականացված հետազոտության՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, ինչպես նաև հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, բնակիչների կողմից պահվող հավերի հավկիթներում:
Խոսելով հավկիթների մասին, փորձագետ Ժիտկա Ստրակովան նշել է. «Ալավերդիում հայտնաբերված դիօքսինների մակարդակը գերազանցում է ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական չափանիշները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան հինգ անգամ: Ինչպես ցույց է տալիս հավկիթի նմուշների հետազոտությունը, արդյունաբերական աղտոտումն ազդում է սննդամթերքի շղթայի վրա և դիօքսինանման միացությունների առաջացման առումով զգալի վտանգ է ներկայացնում։ Միայն հավկիթի հայերին բնօրոշ միջին քանակով սպառումը կարող է հանգեցնել մարդու կողմից դիօքսինների թույլատրելի օրական չափաքանակի խախտմանը, որը սահմանել է Պարենային անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA)»:
Նյութի աղբյուր՝ https://goodinfo-24.ru