ՀՀԿ-ն, ըստ էության, համակերպվել է առաջիկա հինգ տարիներին արտախորհրդարանական ընդդիմություն լինելու մտքի հետ եւ չի պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Չնայած այս առումով կուսակցությունում այնքան էլ միասնական կարծիք չկա, եւ կան ՀՀԿ-ականներ, ովքեր կողմ են բողոքարկման, քանի որ ընտրատեղամասերում տվյալները այլ են եղել, արդյունքում այլ թվեր են հրապարակվել:
Սակայն ընդհանուր արդյունքում որոշվել է ավելի չսրել իրավիճակը եւ չբողոքարկել. այդ տեսակետին է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: Սակայն չբողոքարկելը չի նշանակում, թե նրանք պատրաստվում են ձեռքերը ծալած նստել: Այս հարցում որոշումը կուսակցությունում միատեսակ է:
Ինչպես նախընտրական քարոզչության ժամանակ, այնպես էլ այժմ ՀՀԿ-ականները պատրաստվում են շատ ակտիվ լինել սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով եւ ի ցույց դնել գործող իշխանությունների յուրաքանչյուր սայթաքումը:
Ընդ որում, նախկին իշխանությունները մտադիր են ակտիվ աշխատեցնել «ֆեյք-նյուզերը»` այդ դաշտում պայքարելով իշխանությունների դեմ: Տոներից հետո ՀՀԿ-ն կարող է նաեւ փողոցային պայքար սկսել. այս հարցում քննարկումները դեռեւս ընթանում են:
«Ժողովուրդ» օրաթերթը ընտրությունների արդյունքների մասին փորձեց զրուցել ՀՀԿ-ականների հետ, սակայն նրանք չցանկացան որեւէ բան ասել:
«Հայտարարություն ենք տարածել: Ուրիշ ասելու բան չունեմ»,- նշեց ՀՀԿ շտաբի պետ Դավիթ Հարությունյանը: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե գուցե որոշ ժամանակ անցնի, ասելիք կլինի: «Որեւէ մեկնաբանություն, հարցազրույց չեմ ուզում տալ»,- հավելեց նա:
Աղբյուր՝ Armlur.am