Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանության, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության կենտրոնական բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկ Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին և նրա ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, ով հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։ Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արայիկ Չիբուխչյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երևանի բնակիչ՝ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն էր։ Քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ Range Rover-ը տեղափոխվել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչցի հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։
Վարորդներ Ա. Չիբուխչյանն ու «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ ազատ են արձակվել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրլի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Kia-ի վարորդն իջավ ավտոմեքենայից, մոտեցավ գետնին ընկած կնոջն ու փորձում էր օգնություն ցուցաբերել, երբ վերևից սպիտակ գույնի Range Rover, որի համարները չհասցրեցինք տեսնել, մեծ արագությամբ անցավ գետնին ընկած կնոջ վրայով, իսկ Kia-ի շոֆեռը հազիվ կարողացավ փախնել Ռենջի առաջից»։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետ Արման Հակոբյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանն ու Դավիթ Ավագյանը։ Ժամանել էին նաև Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ով Երևանի ՃՈ պետի հետ մեկնել էր Ճանապարհային Ոստիկանություն, որպեսզի պարզեին կասկածյալ Range Rover-ի համարանիշներն ու վարորդի ինքնությունը։
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել բաժնի պետ Արտաշես Վանյանը, սակայն, քանի որ Kia-ն հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, դեպքի փաստով քննությունը վարելու էր Ռազմական Ոստիկանությունը։ Դեպքի վայրում ծառայություն էին կատարել նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցող դասակի ծառայողները՝ ջոկի հրամանատար Ալբերտ Սաֆարյանի և տեսուչ Նարեկ Սուլյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: