Цвет настроения черный հայտնի խոսքը հենց նրա հիթից տարածում գտավ. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ Եգոր Կրիդի մենահամերգը։ Բազմաթիվ երկրպագուներ փորձում էին հնարավորինս մոտ լինել բեմին մոտիկից վայելելու սիրելի երգչի համերգը։ Նրանից մեկին հաջողվեց նույնիսկ բեմ բարձրանալ։
Tert.am Life–ը ներկա է եղել Կրիդի համերգին ու ներկայացնում է Prime production–ի կազամակերպած երեկոյի հետաքրքիր դրվագները։ Կրիդը կատարեց իր երգացանկի սիրված երգերը` երկրպագուների համար ապահովելով թեժ երեկո։
Կրիդը բեմ բարձրացավ նախատեսվածից 1 ժամ, 10 րոպե ուշացմամբ, սակայն երկրպագուները մոռացան որքան են սպասել, երբ հնչեցին առաջին ակորդները։ Մոտ երկու ժամ երգիչը կատարեց իր հայտնի ու սիրված ստեղծագործությունները, որոնք երկրպագուներն անգիր գիտեին։
Երեկոյի հետաքրքիր պահերից էր, երբ երգիչը հայերեն արտահայտություններ ասաց։ «Իմ մանկության մեծ մասն անցել է հայերի շրջանում։ Երբ փոքր էի, շատ էի լսում, երբ ընկերներս գալիս ու ասում էին՝ «Բարև ձեզ, ախպեր, ո՞նց եք», «Ի՞նչ կա չկա, լավ եմ էլի»։ Մի խոսքով ընկերներ, ես պրակտիկորեն տուն եմ վերադարձել»,– ասաց Կրիդը։
Երգիչը երկրպագուներից մեկին բեմ հրավիրեց, որը երեկոյի ամենաանսպասելի պահերից էր։ Ինքն էլ նկատեց, որ նման քայլերով աչքի չի ընկնում, բայց որոշեց բացառություն անել. «Ես չեմ առանձնանում նրանով, որ ինչ–որ մեկին կանչեմ ինձ մոտ` բեմ, ծրագրից դուրս գամ, որովհետև մենք ունենք շոու ծրագիր, որը միշտ հստակ է։ Ինձ համար շատ բարդ է ինչ–որ բան խախտել, ուղղակի աղջիկն անընդհատ ձգում է իր հեռախոսը` «Ուզում եմ բեմ բարձրանալ» գրառմամբ։ Եկեք ձեր ծափահարությունների ներքո բեմ հրավիրենք իրեն»։
Երկրպագուն, որին Կրիդը բեմ հրավիրեց, երգչուհի Էմմիի մենեջեր Աղավնի Մանուկյանն էր, որը Black Star–ի երկրպագուներից է։ Արդեն բեմում նա ասաց, որ ուզում էր մոտիկից տեսնել Կրիդին։ «Ես կուռքեր չունեմ և երբեք չեմ ունեցել։ Ուղղակի շատ եմ սիրում քո երաժշտությունն ու ինձ համար կարևոր էր քեզ մոտիկից տեսնել»,– ասաց Աղավնին։
Սրանից հետո երկրպագուներից շատերն էին ուզում հայտնվել բեմում, բայց այլևս ոչ ոքի չհաջողվեց։ Նրանցից մեկը փորձեց վազել բեմ, սակայն թիկնապահները թույլ չտվեցին մոտենալ երգչին։ Երկրպագուներից ոմանք լացում էին, որ ուզում են նկարվել նրա հետ, ոմանք երգչին հավասար երգում էին հիթերն ու վայելում երեկոն։
Վերջում Կրիդը Երևանի հանդիսատեսին ասաց «Մինչ նոր հանդիպում» ու շնորհակալություն հայտնեց համերգին ներկա լինելու համար։