Երբ հավատում ես ամանորյա հրաշքին, այն անպայման կատարվում է. այս ասելիքով մանկական լսարանին հասցեագրված «Ձյունանուշ» հեքիաթ ֆիլմն արդեն մեծ էկրանին է: Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան: Tert.am Life-ը ներկայացնում է առաջին ցուցադրության հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:
Ֆիլի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արմեն Սիմոնյանն է: Նկարահանումները տևել են մեկ տարի, իսկ ֆիլմում ներկայացվում է ընդամենը մի քանի ժամվա պատմություն: Ամանորից հաշված ժամեր առաջ երեխաներից մեկը չի հասցնում նամակն ուղարկել Ձմեռ պապին և համարձակ հերոսուհին փորձում է ընկերոջն օգնել այդ հարցում: Ձյունանուշիկն իր հերթին օգնության է հասնում երեխաներին և դժվարին փորձություններից հետո նրանց, ի վերջո, հաջողվում է մոտենալ ամանորյա հրաշքին:
Ֆիլմի գլխավոր հերոսները երեխաներն են, որոնց մարմնավորում են Էլեն Կարապետյանն ու Ալեքսանդր Մանուկյանը: Հերոսուհու մայրիկի դերում հանդես է գալիս Լուիզա Ներսիսյանը: Դերասանուհու խոսքով, մեծապես պետք է ողջունել հենց մանկական լսարանի համար արվող աշխատանքները, քանի որ դրանց պակասն, իսկապես, կա:
«Ընդհանրապես յուրաքանաչյուր մանկական աշխատանքի ես ավելի լրջությամբ եմ վերաբերվում: Վերջապես եղավ մանկական ֆիլմ մեր իրականության մեջ, որ ամանորի շեմին կարող ենք դիտել և ոչ թե նախապատվությունը տալ արտասահմանյան ֆիլմերին: Գուցե, կլինեն թերություններ, բայց նման աշխատանքներին պետք է ոգևորիչ արձագանք լինի: Փոքրիկ խաղընկերոջս հետ կապված էլ կասեմ, ոչ մի խնդիր չունեցա, որովհետև շատ հետաքրքիր երեխա է Էլենը ու իր հետ շփումը մեծ բավականություն էր:Բավականին շատ բան իրենից սովորեցի: Քիչ է պատահում, երբ խաղընկերդ այդքան անմիջական է լինում»,-ասաց դերասանուհին:
Ֆիլմում Ձյունանուշին մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը, ում համար սա առաջին դերակատարումն է գեղարվեստական ֆիլմում: Ձյունանուշը Շուշաննայի պատկերացումներում սպիտակամաշկ, նրբիկ մի կերպար է, իսկ այս ֆիլմում՝ նաև հնարամիտ:
«Ինձ համար էլ այսօր պրեմիերա է, քանի որ ֆիլմից միայն որոշ հատվածներ էի տեսել, իսկ ամբողջական դիտումից հետո պատկերացումն այլ է: Շատ ուրախ եմ, որ նման ֆիլմեր են նկարահանվում, որովհետև ժամանակն է, որ մենք հաշվի առնենք նաև երեխաների կոնտինգենտը, որոնց համար ևս պետք է պարբերաբար նորություն ստեղծես: Ինձ համար ամենառիսկայինն այն էր, որ երեխաները կարող էին երկարաձգել նկարահանման պրոցեսը, բայց իրենք շատ տաղանդավոր էին և որևէ դժվարություն չառաջացրին: Նկարահանումների ընթացքում եղել են նաև փոքրիկ դժվարություններ, կասկադյորական հնարքներ, որոնք հաջողությամբ կարողացանք անցնել»,-ասաց դերասանուհին:
«Ձյունանուշ» ֆիլմում նկարագրվում է նաև մտացածին աշխարհ, որի բնակիչները խոսում են բոլորովին այլ լեզվով ու այլ կերպարանք ունեն: Այդ հերոսներին մարմնավորում են Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Լևոն Հարությունյանը, Վասիլ Սարգսյանը, Արտաշես Մխիթարյանը, Էրմինա Զախարովան և այլք: