Նրանք ամուսնացած էին շուրջ երեսուն տարի, ունեին չորս երեխա, որոնցից մեծը 25 տարեկան էր, իսկ ամենափոքրը 11 տարեկան: Ապրել էին ունենալով թե լավ , թե վատ օրեր: Ամուսնուն չէր կարելի բնութագրել որպես իդեալական ամուսին, կռվարար էր, եսասեր, իսկ կինը նրա հակառակ պատկերն էր, հիանալի մայր, կին:
Մի օր ամուսինը երեկոյան վերադարձավ տուն, մի փոքր գինովցած: Նա կնոջն ասաց, որ որոշել է հեռանալ նրանից, քանի որ այլ կնոջ է սիրում և ցանկանում է կյանքը նրա հետ շարունակել:
Կինը հանկարծակիի եկավ, նման բան նա չէր սպասում: Մի պահ լռեց ու ասաց,
- Որոշումը քոնն է, բայց իմացիր, ես քեզ այլևս հետ չեմ ընդունի:
Ամուսինն արհամարհանքով մի հայացք գցեց կնոջ վրա ու ասաց,
- Հույս չունենաս, որ ետ կգամ, իմ գեղեցկուհին ինձ կերջանկացնի, գնա քեզ հայելու մեջ նայիր ու եթե շատ կցանկանաս կարող ես իմ փերիին էլ տեսնել: Շուտով կգամ իմ իրերի ետևից: Երեխաների հետ ես ինքս կխոսեմ, - ասաց ու գնաց տանից:
Այդ խոսքերը մինչև հոգու խորքը խոցեցին կնոջը: Նա հիշեց, թե որքան դառն օրեր է անցկացրել այդ ամուսնու կողքին, որքան վիրավորանք է տարել նրանից ու այսօր արժանացավ այդ խոսքերին:
Մի քանի օր նա շատ ծանր ապրումներ ունեցավ, սակայն ոչ այն պատճառով, որ լավ ամուսին էր ունեցել, որը լքել էր իրեն, ուղղակի ափսոսում էր, որ կյանքի լավագույն տարիները նվիրել էր նրան:
Մի օր աշխատանքից վերադառնալիս, նա հանկարծ հանդիպեց ամուսնուն, որ սիրուհու հետ գրկախառնված պատրաստվում էին փողոցն անցնել: Ամուսինը նկատեց նրան, մի հոնքը վեր բարձրացեց ու սիրուհու ականջին ինչ որ բան շշնջաց:
Սիրուհին շրջվեց ու սկսեց ուշադիր զննել կնոջը: Կինը քայլերն ուղղեց նրանց կողմը, մոտեցավ: Այդ պահին սիրուհին քմծիծաղ տվեց ու ասաց.
- Հիմա հասկանում եմ այս տղամարդուն, ինչպես նա կարող էր ապրել այսպիսի կնոջ հետ և մտքովդ չանցնի ինձ հետ վիճել:
- Հավասարը հավասարի հետ է վիճում, ես օրինական կին եմ, թեկուզ և հիմա լքված, չորս երեխաների մայր, իսկ դու ընդամենը՝ սիրուհի, ուղղակի մի երկու բան ունեմ ասելու, - սկսեց կինը շատ հանգիստ տոնով,- այո ես այդ տղամարдու կինն եմ եղել 30 տարի շարունակ, կարծո՞ւմ ես ես այսպիսին եմ եղել երիտասադ տարիքում, կինը տղամարդու հայելին է, թագավորի կողքին է թագուհի լինում, հետևություն արա խոսքերիցս: Լավ իմացիր, լավ ամուսնուն, ոչ մի կին հեշտությամբ չի զիջում, հավատա, չորս երեխաների մայրը, հաստատ կկարողանար ատամներով պաշտպանել իր ընտանիքի ամրությունը, և հետո երբ ամուսինները բաժանվում են, ամուսնության ընթացքում ձեռք բերված ամեն ինչ հավասարապես կիսվում է: Մենք չորս երեխա ունենք, և նրանցից երկուսը հոր հետ կտեղափոխվեն ձեզ մոտ ապրելու, քանի որ դուք երկուսով եք և կարող եք հոգ տանել երկու փոքրերի մասին, իսկ ես միայնակ կին եմ, և ինձ մոտ կմնան ավագները, որպեսզի կարողանան հոգ տանել, թե իրենց և թե իմ մասին, - ու շրջվելով ամուսնուն ասաց, - կարող ես գալ քո և երեխաների իրերի հետևից, ես դրանք արդեն պատրաստել եմ: