«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ Արսեն Սաֆարյանը։
-Արսեն, ՊԵԿ-ը շոու բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները, նշում, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ ՊԵԿ-ի հորդորն ինչպե՞ս եք գնահատում։
–Կարծիքս հետևյալն է․ դաշտը շատ տարբեր ուղղություններ ունի՝ կա քլաբային, կա համերգային, կա կորպորատիվ աշխատանք, և այս բոլորը շատ տարբեր բնույթի աշխատանքի ձևեր են։ Պետք է լավ ուսումնասիրվի և տարբերակվի։ Որևէ մեկը չի հրաժարվում հարկվելուց, այդպիսի բան չկա, որ մեր արյունը կապույտ է և մենք չպետք է հարկվենք։ Բոլոր ՀՀ քաղաքացիներն էլ պետք է հարկ վճարեն, բայց թե ինչ կերպ, ինչ մեխանիզմով, սա է խնդիրը։ Քանի որ աշխատանքային տեսանկյունից հատուկ բնագավառ է, մենք չենք պատկանում մշակույթի նախարարությանը, ոչ մի տեղ գրանցված չենք։ Եվ շատ հարցեր կան, որ պետք է հաշվի առնվի նման որոշում կայացնելիս։
-Այսինքն՝ կարծում եք՝ հարկելուց առաջ հստակ տարանջատո՞ւմ պետք է լինի՝ համերգային, քլաբային, կորպորատիվ աշխատանքի տեսանկյունից։
-Այո։ Եվ այնպես չէ, որ մենք մինչև հիմա չենք հարկվել։ Օրինակ՝ նույն քլաբային գործունեությունից կարող եմ ասել, որ տվյալ ռեստորանը, տվյալ քլաբը միշտ հարկ վճարում է, կան նաև սոցվճարներ։ Բացի դրանից՝ համերգի կազմակերպիչներն էլի վճարում են տոմսերի գումարներից։ Եվ այնպես չէ, որ սա նորություն է, և մենք չենք հարկվել մինչև հիմա։ Պարզապես հենց այդպես գնալ ինքնահայտարարագրվել․․․ ինչը տանեմ ինքնահայտարարագրեմ՝ տո՞ւնս, մեքենա՞ս․․․ եթե ես պետության կողմից հովանավորչություն չունեմ։ Այսինքն՝ ես բյուջեի հաշվին աշխատավարձ ստացող մարդ չեմ, որպեսզի հետո նայեն և հասկանան՝ ես կոռումպացված եմ, թե ոչ։ Եթե նման խնդիր չկա, ես ի՞նչը տանեմ հայտարարագրեմ։ Ասենք, գնամ ասեմ՝ այսօր հազար դոլար եմ աշխատել, այսքանը վերցրե՞ք։
-Կարծում եք՝ հստակ մեխանիզմների խնդի՞ր կա։
–Նման որոշում կայացնելուց առաջ նախ պետք է իրենք պատկերացնեն՝ ինչպես են դա իրականացնելու։ Ես վստահ եմ, որ նույնիսկ իրենք չեն պատկերացնում՝ ինչ մեխանիզմով են դա իրականացնելու։ Այդ բնագավառից մարդիկ պետք է լինեն, ովքեր գործող երգիչ-երգչուհիներ են այսօր, բայց կան երգիչներ, ովքեր երգում են հարսանիքներին, կան որ չեն երգում։ Դրա համար եմ ասում՝ այստեղ միանշանակ չէ։ Ի՞նչ է նշանակում բոլորին նույն կերպ հարկել։ Կամ, ենթադրենք, ես գնում եմ որպես նվեր երգում եմ հարսանիքին կամ կնունքին, գալու են ինձ ասեն՝ ինձ հարկ տո՞ւր, բայց որտեղի՞ց տամ։ Այս տեսակ հարցեր կան, որ մութ են։ Մենք անգամ կարգավիճակ չունենք։ Ես վաղն անգամ չգիտեմ՝ թոշակ ստանալո՞ւ եմ, թե՞ ոչ։ Այսօր երգում եմ, բայց չգիտեմ՝ 15-20 տարի հետո ինչ է լինելու, ես հետոն չեմ տեսնում։ Բացի դրանից՝ ոչ ոք չի հետաքրքրվում, թե մեկ երգը, մեկ պրոդուկտը ստանալու համար որքան գումար է ծախսվում։ Եթե մեկ երգի գումարն ասել, բոլորը կզարմանան։ Բայց մարդիկ տեսնում են պատրաստի տարբերակը եթերում, սիրում են երգը կամ չեն սիրում, բայց թե դա ինչ գնով է ստեղծվում, ոչ ոք չի քննարկում։ Անգամ հեղինակային իրավունքի պաշտպանության հարցում պետությունը չի հովանավորում։ Եթե մի փոքր կիսահումորային ասեմ՝ մի քիչ էլ արտագաղթի հոտ է գալիս սրանից։
-Կարծում եք՝ շոու բիզնեսը կարտագաղթի՞։
-Ես նույնիսկ կարծում եմ, որ շոու բիզնեսի կեսն արդեն արտագաղթել է։
-Հեղափոխությունից հետո՞։
-Ոչ, ոչ։ Ընդհանրապես մարդկանց դժվար է եղել աշխատելը, և մարդիկ գնացել են։ Այս դեպքում էլ, եթե ճիշտ չարվի, եթե սխեմատիկ որոշում չկայացվի, դա վատ հետևանք է ունենալու և իրենք էլ ընկնելու են շատ վատ վիճակի մեջ։
-Շոու բիզնեսի ներկայացուցիչներին ավելի հեշտ էր յոթ ամիս առաջ աշխատե՞լ, թե՞ հեղափոխությունից հետո։ Նախկին իշխանության և շոու բիզնեսի համագործակցությունը շատ սերտ էր։
-Ոչ թե յոթ ամիս, այլ յոթ տարի է՝ շոու բիզնեսին շատ դժվար է աշխատել։ Ակնհայտ երևում է, որ նոր պրոդուկտ չեն տալիս մարդիկ, ովքեր նախկինում մեկը մեկից գեղեցիկ տեսահոլովակներ և երգեր էին անում։ Այստեղ գալիս ենք միապաղաղությանը։
-Մտքի, նոր գաղափարի ճգնաժա՞մ է, թե՞ փողի խնդիր է։
-Փող աշխատելու խնդիրն է։ Պետք է աշխատես, որ կարողանաս ներդնես գործի մեջ։ Այստեղ իդեայի խնդիր չէ, այնքան իդեա ունեմ գլխիս մեջ, պարզապես դա իրականացնել է պետք։ Եվ եթե դու որևէ նախարարության չես հարում կամ որևէ այլ կառույցի, մնում է հովանավորչությունը և քրտնաջան աշխատանքը։
-Նոր Հայաստանի շունչը զգո՞ւմ եք։
-Իհարկե զգում եմ։ Ես փոփոխությունները տեսնում եմ հետևյալ կերպ․ ավելի շատ ժպիտով մարդիկ եմ տեսնում, մարդկանց մեջ ազատության զգացողությունն եմ տեսնում, բայց ասել՝ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ շատ փոփոխություններ են եղել, սուտ կլինի։ Մինչև հիմա ընտրական գործընթացներ էին, կադրային փոփոխություններ։ Հիմա երբ արդեն ձևավորվել է իշխանությունը, սպասելիքներն էլ ավելի են մեծացել, և հիմա արդեն ավելի հստակ կերևա, թե ինչ նախաձեռնություններով հանդես կգա նոր իշխանությունը, ինչ օրենսդրական փոփոխություններ կլինեն, որ մարդկանց պայմանները լավանան։
Աղբյուր՝ «Առաջին լրատվական»