Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվտանգ տոներ է մաղթում բոլորին, հորդորում  ճանապարհներին զգուշություն ցուցաբերել։ Կազմակերպությունը վթարներից խուսափելու համար մի քանի խորհուրդներ է ներկայացնում

Անպայման կապեք ամրագոտին
Եթե վթարի եք ենթարկվել, ապա անվտանգության ամրագոտին կարող է փրկել ձեր կյանքը։ Ամրագոտի կապածների զոհվելու հավանականությունը կրճատվում է 60 տոկոսով։ Ընդ որում, ամրագոտի կապել ԱՀԿ-ն հորդորում է ոչ միայն վարորդներին, այլև ուղևորներին։ Նույնիսկ նրանց, ովքեր նստում են հետնամասում, նույնիսկ այն դեպքում, երբ ճանապարհը կարճ է։ Անպայման հոգ տարեք երեխաների մասին, 10 տարեկանից փոքր երեխաներին պետք է տեղափոխել հատուկ աթոռներով։

Զգուշացեք ալկոհոլից
Նույնսիկ մի փոքր ալկոհոլի առկայությունը արյան մեջ վտանգավոր է և հեծանվորդների, և վարորդների, և հետիոտների համար։ Կարելի է պայմանավորվել, ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկը չխմի, մեքենան վարի, ռեստորանից կամ էլ բարեկամների մոտից մնացածին տուն հասցնի։

Հեծանվորդներն ու մոտոցիկլավարները պետք է սաղավարտ հագնեն
Ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների և տուժածների կեսից ավելին  հեծանվորդներն ու մոտոցիկլավարներն են։ Պատճառը նրանց գլխի վնասվածքն է։ Իսկ սաղավարտը կարող է զոհվելու վտանգը կրճատել 40 տոկոսով։ 

Չգերազանցեք արագությունը
Աշխարհում գրանցված ՃՏՊ-ների մեկ երրորդն արագության գերազանցման հետևանք է։ Ինչքան բարձր է արագությունը, այնքան մեծ է վտանգը։ Մի շտապեք, հետևեք երթևեկության կանոններին ու արագության սահմանափակումներին։

Մի կողմ դրեք հեռախոսը
Վարորդներին կարող են շատ բաներ շեղել, բայց այսօր վթարների մեծ մասը տեղի են ունենում հեռախոսների պատճառով։ Վարելու ընթացքում դրանց օգտագործումը վթարի հավանականությունը մեծացնում է չորս անգամ։ Եթե անգամ խոսելիս չեն օգտագործում ձեռքերը, ապա հեռախոսային խոսակցությունը, միևնույն է,  կարող է շեղել ճանապարհից։ Իսկ սմս հաղորդագրություն գրել ու ուղարկել ընդհանրապես խորհուրդ չի տրվում, այն վթարի վտանգը մեծացնում է 20 անգամ։


 

Աղբյուր` Panorama.am
loading...