Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել փողոցային առևտրի. փողոցում վաճառվում է՝ ինչպես միրգ-բանջարեղեն, այնպես էլ՝ կենդանական ծագման հումք և մթերք։ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ իրացման կետերից կենդանական ծագման հումք և մթերք գնելուց։

«Ես, իհարկե, կարծում եմ, որ պետք է պատկան մարմինները հայտարարությամբ հանդես գային, բայց հաշվի առնելով, որ չի եղել նման հայտարարություն, ես բոլորին խորհուրդ եմ տալիս ձեռք չբերել փողոցում իրացվող կենդանական ծագում ունեցող հումք և մթերք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ կենդանական ծագում ունեցող մթերքները շատ վտանգավոր են այն առումով, որ կան հիվանդություններ, որոնք անմիջապես մարդուն են փոխանցվում.

«Իսկ փողոցում անվտանգությունը չի վերահսկվում, և, ինչպես ասում են՝ փորձանքը մի անգամ է գալիս։ Դուք չգիտեք՝ ձեզ բաժին կհասնի վարակվա՞ծ, թե՞ ոչ վարակված մթերք։ Միևնույն է, փողոցո՞ւմ է իրացվում, թե՞ խանութներում, գինը նույնն է կամ 100 դրամի տարբերություն է, չարժե 100 դրամի համար վտանգել առողջությունը։ Ավելի լավ է խանութից ձեռք բերել, որովհետև Աստված չանի՝ ձեզ մի բան պատահի, ո՞ւմ եք մեղադրելու։ Դրանք այնպիսի իրացման կետեր են, որոնք այս օրերին բացվել են, իսկ վաղը դուք ոչ մեկին չեք գտնելու։ Դրա համար ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս փողոցից ապրանք ձեռք բերել»։

Մայրաքաղաքի փողոցներում նաև բաց վաճառքի է դրված ձկնեղենը։ Դրա վերաբերյալ Դ. Պիպոյանը հետևյալն ասաց. «Հայերը սովորություն ունեն՝ ձուկն առնում են դեկտեմբերին, բայց եփում են հունվարի 5-ին։ Այդ օրը բոլոր խանութներն աշխատում են, իմաստը ո՞րն է՝ նախապես առնել, հետո տեղափոխել սառցախցիկ, հետո սառցախցիկից հանել, եթե հունվարի 5-ին կարելի է գնալ և այդ ամենը թարմ ձեռք բերել»։

Աղբյուր

loading...