Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան եկող տուրիստների վերաբերյալ հնչող դժգոհություններին։

«Հայերս նայում ենք Վրաստանի զբոսաշրջության տարեցտարի աճող ցուցանիշնեն ու մղկտում, թե ոնց եղավ, որ Վրաստան այդքան տուրիստ է այցելում, իսկ Հայաստան՝ քիչ: Հետո ինքաբուխ կոչեր ենք անում, թե պետք է օրինակ վերցնել իրենցից և այլն, խոսում ենք ոչ միայն Հայաստան, այլ նաև Արցախ զբոսաշրջիկներ տանելու ռազմավարության ու լուրջ քայլեր անելու մասին:

Ես տուրիզմի մասնագետ չեմ, բայց վստահ եմ, որ այն բազում-բազում գործոնների արդյունք է՝ երկրի ու նրա արժեքների գովազդում, ենթակառուցվածքներ, հյուրասիրություն, քաղաքական-քաղաքացիական ազատություններ և այլն: Թվարկվածներից երևի միայն հյուրասիրությունն է, որ կարող ենք լիարժեք ու կայուն 10-ից 10 գնահատել:

Մնացածում ուզում ենք, որ Արցախ ու Հայաստան եկող տուրիստը, «փնթի, հաբռգած» պարսիկ, հնդիկ ու արաբ չլինեն, «ալկաշ» ռուս չլինեն, գեյ ու լեսբի եվրոպացի չլինեն, կապույտ ու կանաչ մազերով չլինեն ու էսպես շարունակ… ցանկը որ նայում եմ, տակը ազգ չի մնում… Ավելի ճիշտ չեն մնում ազգեր, որոնց ձեռքը լիքը փող կա, ուզում են ծախսել, բայց տեղ են ման գալիս… Ու չգիտեմ, Հայաստանի ու Արցախի համար այդպիսի բարեկիրթ, մաքուր, հետերո, գենով, չխմող-չծխող հարուստ տուրիստ որտեղի՞ց ենք գտնելու:

Ժամանակ առ ժամանակ այցելելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ միշտ ինձ հարց եմ տալիս. արդյո՞ք մենք կհանդուրժենք ու կուլ կտանք տուրիստական այն հոսքերի բազմազանությունը, որը նկատում ենք աշխարհի տուրիստաշատ քաղաքաներում… Վստահ եմ՝ ոչ… Մենք շատ փակ ենք, տիտղոսակի ազգի շատ սուր զգացողությամբ ու չենք սիրում, որ ինչ-որ մեկը գա մեր «քուչա» ու իրեն պահի ոչ անգլիացի ջենթլմենի նման… Կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում հայեր ջան…

Ցանկացած զանգվածային երևույթ իր հետ նաև աղբ ու անցանկալի բաներ է բերելու… Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր տնտեսական զարգացման համար… Գյուղատնտեսությունը մեր սրտով չի, որովհետև չենք ուզում ոչխար ու կով պահենք, բարձր տեխնոլոգիաները 100% չեն ծածկի տնտեսությունը, որովհետև այն նույնպես սահմաններ ունի…

Հանքարդյունաբերությունից արդեն կուշտ ենք, ծանր ու թեթև արդյունաբերության մասին էլ միայն խոսում ենք… Բա ո՞նց անենք»,– գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Աղբյուր ՝ http://infosarm.ru

loading...