Եթե ձեզ թվաց, թե  սա լուսանկար է ինչ-որ հանգստյան տնից կամ հյուրանոցից, ապա ասեմ՝ սա ծնարան է շվեյցարական ծննդատներից մեկում. Ինչ-ինչ, բայց կարմիր ջակուզի ծնարանում՝ իրոք անսպասելի էր:  Ծննդկանը կարող է այստեղ անցկացնել կծկումների ողջ փուլերը: Ջուրը կթուլացնի մկաններն ու ցավն ավելի տանելի կդառնա: Գնդակը ևս այդ նպատակի համար է: Ծննդկանի ցանկությամբ՝ երեխայի ծնվելը բժիշկները կարող են կազմակերպել հենց ջրի մեջ: Իսկ եթե չկա նման ցանկություն, ապա ծննդալուծումը կազմակերպվում է ահա այս բազկաթոռ-մահճակալի վրա: Այն բարձրանում ու իջնում է, պտտվում ու ճկվում է, կարճ ասած՝ ում ինչպես հարմար է: Իսկ ահա թե ինչ տեսք ունի ծնարանը այլ դիտակետից: Իսկական տնային մթնոլորտ է, այդպես չէ՞... Հիվանդասենյակը Զուգահեռ տեղավորված երկու մահճակալները ոչ թե երկու ծննդկանների համար են, այլ ծննդկանի ու նրա ամուսնու: Պարզվում է՝ Շվեյցարիայում ապագա հայրիկները իրենց կանանց հետ մնում են ոչ միայն ծննդաբերության պահին, այլ նաև դրանից հետո՝ կնոջ հիվանդանոցում մնալու ողջ ընթացքում: Սա նորածնի օրորոցն է, որի մեջ փոքրիկի համար ծննդատան պատրաստած նվերներն են: Փոքրիկի նվերներն են նաև բարուրասեղանի վրա դրված բոլոր հագուստները: Հիվանդասենյակի սեղանին մենյուն է՝ նոր ծննդաբերած  կնոջ համար թույլատրելի ճաշացանկով: Ուշադրություն․ մենյուն նաև գինի է ընդգրկում: Ի՞նչ են ուտում Շվեյցարիայում նոր ծննդաբերած կանայք՝ պատմում է մենյուն: Կարևոր դիտարկում՝ այս բոլոր սենյակները, պայմաններն ու հնարավորությունները նախատեսված են մեկ ծննդկանի համար, և ամբողջը միասին կոչվում է «մեկ հիվանդասենյակ»: Սա էլ՝ տեսարան պատուհանից: Կարճ ասած՝ ոչ թե ծննդատուն, այլ իսկական դրախտավայր: P.S. Ասում են՝ Հայաստանն ու Շվեյցարիան բնությամբ շատ նման են: Երանի մի օր էլ կենսամակարդակով ու սոցիալական ապահովվածությամբ համեմատվեն մեր երկիրն ու Շվեյցարիան:
loading...