Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Խ.-ի գործի դատական քննությունը: Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչ, որպես վարորդ աշխատող Կարենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունվարին Կարեն Խ.-ն գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում: Այդ ցանցում պատահաբար նկատելով Էջմիածին քաղաքի բնակչուհի Մանիկ Մ.-ի (անունը փոխված է) լուսանկարները, հուլիսի 5-ին Կարենը մուտք է գործել նրա անհատական էջ ու հաղորդագրություններով պահանջել է, որ Մանիկը բացի «Սկայպը», մոտենա տեսախցիկին, որպեսզի ինքը տեսնի նրան: Մանիկը, չճանաչելով իրեն հաղորդագրություններ ուղարկող օգտատերին, հայտնել է, որ ինքն ամուսնացած է, խնդրել է այլևս հաղորդագրություն չուղարկել: Չնայած Մանիկ Մ.-ի խնդրանքներին՝ Կարենը շարունակել է հաղորդագրություններ ուղարկել, ընթացքում էլ պահանջել է, որ Մանիկը Երևանում հանդիպի իրեն, ու իրար հետ սեռական հարաբերություն ունենան: Հակառակ դեպքում Կարենը սպառնացել է Մանիկի լուսանկարները մոնտաժելով՝ պոռնկագրական բնույթի լուսանկարներ սարքել ու դրանք հրապարակել համացանցում: Մանիկը Կարենի հետապնդումների մասին հայտնել է իր ամուսնուն: Վերջինս ջնջել է կնոջ անհատական էջը՝ հետագա անախորժություններից խուսափելու նպատակով: Սակայն Կարեն Խ.-ն հետ չի կանգնել իր հանցավոր մտադրությունից: Նա ամեն կերպ, ըստ դատական ակտի, փորձել է շանտաժի եղանակով հանդիպել Մանիկին ու նրա սեռական հարաբերություն ունենալ: Նախ՝ Մանիկին մոլորության մեջ գցելու համար Կարենը մեկ այլ անունով անհատական էջից է մուտք գործել նրա էջ, ապա մուտք է գործել Մանիկի էջում որպես «ընկեր» գրանցված, Ռուսաստանում ապրող նրա բարեկամուհու անհատական էջ: Վերջինիս Կարենը սպառնացել է, որ եթե նա կապ չհաստատի Մանիկի հետ ու չստիպի, որ Մանիկն էլ իր հետ կապվի, ինքը նրա էջի անձնական լուսանկարները կմոնտաժի, կսարքի պոռնկագրական բնույթի ու կտարածի համացանցում: Բարեկամուհին Կարենի սպառնալիքներից զերծ մնալու համար կապ է հաստատել Մանիկի հետ, նրան տեղեկացրել է ինչ-որ օգտատերի կողմից իրեն ներկայացված պահանջների մասին ու խնդրել է, որ Մանիկը կապ հաստատի այդ օգտատերի հետ, որպեսզի ինքը խնդիրներ չունենա: Մանիկը ամուսնու հետ միասին իր մոր անհատական էջից մուտք է գործել կայք, կապ է հաստատել այլ անունով ներկայացած Կարեն Խ.-ի հետ ու խնդրել է հանգիստ թողնել իրեն ու իր բարեկամներին և ընկերներին: Կարենը մերժել է Մանիկի խնդրանքը, սկսել է հաղորդագրություններով հայհոյանքներ ուղարկել Մանիկի ու նրա ընտանիքի հասցեին, շարունակել է շանտաժի միջոցով պնդել նրա հետ սեռական հարաբերություն ունենալու իր մտադրությունը: Տեսնելով, որ Կարենի հետ լեզու գտնել չի լինում, Մանիկի ամուսինը դիմել է ոստիկանություն: Իմանալով այդ մասին՝ Կարեն Խ.-ն կամովին ներկայացել է ոստիկանություն ու հայտնել է իրականությունը: Դատարանում Կարեն Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով: Դատարանը հաստատված է գնահատել, որ Կարեն Խ.-ն իր ապօրինի գործողություններով ու շանտաժի ներգործության եղանակով՝ համացանցում Մանիկ Մ.-ի լուսանկարները մոնտաժելու, դրանցից պոռնկագրական բնույթի լուսանկարներ սարքելու և համացանցում տարածելու սպառնալիքներով, ստիպել է, որ Մանիկն իր հետ սեռական հարաբերություն ունենա: Դատարանը հաշվի է առել, որ չամուսնացած Կարենի խնամքին են չաշխատող ծնողները, նա ընտանիքի միակ կերակրողն է: Կարեն Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:
loading...