Ատամի մածուկի եւ մաստակի մեջ վտանգավոր բաղադրիչ են գտել։ Դա E171 (տիտանի երկօքսիդ) սննդային ներկանյութն է։ Այս նյութի վտանգավորության մասին նախազգուշացնում են ֆրանսիացի եւ լյուքսեմբուրգցի գաստրոէնտերոլոգները։ Նրանց հոդվածը լույս է տեսել Scientific Reports ամսագրում։ Տիտանի երկօքսիդը, ըստ գիտնականների, կարող է քաղցկեղածին լինել, այսինքն՝ քաղցկեղի պատճառ դառնալ։ Մասնագետները նման եզրակացության են եկել առնետների վրա կատարած փորձերի արդյունքում։ Կրծողների մոտ, որոնց 100 օր E171 պարունակող ջուր են տվել, 40 տոկոսով ավելի հաճախ են զարգացել մարսողական համակարգի նախաքաղցկեղային հիվանդություններ։ E171 միացությունը տիտանի արդյունաբերության հիմնական մթերքներից է։ Սննդում այն, որպես կանոն, օգտագործում են որպես սպիտակեցնող նյութ։ Առավել հաճախ այն հանդիպում է քաղցրավենիքի, թխվածքաբլիթների եւ մաստակի, ինչպես նաեւ ատամի մածուկի ու արեւապաշտպան քսուքների մեջ։
Հեղինակները հրաժարվել են եզրակացություններ անել, թե սպառնալիքը տարածվում է արդյոք նաեւ մարդկանց վրա, սակայն չեն էլ բացառել դա։ Այդ պատճառով Ֆրանսիայի իշխանությունները որոշել են հետաքննություն անցկացնել՝ պարզելու սննդի արդյունաբերության մեջ E171–ի օգտագործման նպատակահարմարությունն ու անվտանգությունը։