Խնձորի մաքուր, տնական պատրաստված քացախը շատ է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ, խոհանոցում: Խնձորի քացախ կարող եք պատրաստել ինքներդ` տնային պայմաններում: Այն կարող եք պատրաստել խնձորի ցանկացած տեսակից, միայն թե հիշեք` որքան քաղցր է խնձորը, այնքան սպիրտի պարունակությունը շատ է լինում և հետևաբար՝ ավելի լավ է քացախաթթու առաջանում: Խնձորի քացախը հնում նաև օգտագործել են մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար:

Օրինակ, ամերիկացի բժիշկ Դ.Ս.Ջարվիսը` ուսումնասիրելով սննդամթերքի տեսակների բաղադրությունները, հատուկ տեղ է հատկացրել խնձորի քացախին: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի քացախը շատ արագ վերականգնում է մարդու ուժերը, քանի որ հավասարակշռում-կարգավորում է օրգանիզմի թթվայնություն-ալկալիականությունը: Ժամանակակից բժշկությունը թեև խնձորի քացախը բոլոր հիվանդությունների «փրկիչ» չի համարում, սակայն ընդունում է, որ այն նպաստում է մարսողությանը, պայքարում է ճարպերի դեմ: Խնձորի քացախը շատ օգտակար է նրանց համար, ում ստամոքսի արտազատման ֆունկցիան անբավարար է, և խախտված են օրգանիզմի փոխանակման պրոցեսները: Խնձորի քացախը բարձրացնում է աշխատունակությունը: Մասնագետների կարծիքով` օրգանիզմի համար շատ օգտակար են նաեւ բալի, կեռասի և հաղարջի քացախները:

Բժիշկ Ջարվիսն իր գրքում խորհուրդ է տալիս` ինչպես պատրաստել խնձորի քացախ: Նրա բաղադրատոմսն առանձնահատուկ է նրանով, որ քացախի մաս կազմող բոլոր բաղադրիչների լավ հատկությունները պահպանվում են, եւ այն կալիումի մեծ աղբյուր է հանդիսանում:

Դեղատոմս 1.

խնձորը լավ լվանալ, հեռացնել վնասված-փչացած մասերը, եւ կեղեւով, միջուկով հանդերձ` խոշոր քերիչով անցկացնել: Քերված զանգվածը լցնել ապակե տարայի/շշի մեջ եւ եռացրած ջուր լցնել վրան (1 լիտր ջրին` 1 կգ խնձորի քերվածք):

Յուրաքանչյուր 1 լիտր ջրի վրա 100 գրամ մեղր կամ շաքար ավելացրեք: Մեղրը վերականգնում է կալիումի դեֆիցիտը: Իսկ եթե ցանկանում եք արագացնել քացախի պատրաստման պրոցեսը, ապա կարող եք 10 գրամ խմորիչ (դրոժի) կամ 20 գրամ աշորայի (ռժանոյ) չոր հաց ավելացնել: Առաջին 10 օրը զանգվածով լի տարան/շիշը պահեք բաց վիճակում (կարող եք պարզապես թղթե անձեռոցիկով ծածկել)` 20-30C ջերմաստիճանի տակ` արեւից հեռու` փայտե գդալով օրը 2-3 անգամ խառնելով խնձորով այդ զանգվածը:

Այնուհետեւ թանզիֆե կտորից պարկի օգնությամբ քամեք այն: Հյութը քամեք-լցրեք լայն բերանով ապակե տարայի/շշի մեջ: Ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր 1 լիտր հյութի մեջ եւս 50-100 գրամ մեղր կամ շաքար ավելացնել, լավ խառնել:

Տարան փակել մի քանի տակ ծալված թանզիֆե կտորով (մարլյա), ապա տեղադրել տաք տեղում` պատրաստման՝ քացախեցման պրոցեսը շարունակելու համար: Այս պրոցեսը շատ երկար է տեւում` 40-60 օր: Երբ որ քացախը թափանցիկ դառնա, ուրեմն քացախեցման պրոցեսն ավարտված է: Հեղուկը պետք է եւս մեկ անգամ թանզիֆով քամել եւ լցնել շշերի մեջ` պլաստիկ խցաններով փակելով այն: Ստացված քացախը կարող եք պահել սառնարանում կամ զով տեղում` 6-8C ջերմաստիճանի տակ:

Նիհարելու, ճարպերը հալեցնելու համար քացախը պետք է հետևյալ կերպ օգտագործել. 2 թեյի գդալ քացախը խառնել 1 թեյի բաժակ ջրի մեջ և խմել օրը 3-4 անգամ` ուտելուց հետո: Արդյունքը նկատելի է դառնում 2 ամիս հետո:

Նաև կարող եք քացախ օգտագործել ամբողջ տարվա ընթացքում` յուրաքանչյուր 20 օրը մեկ 5 օր դադար տալով: Քացախը, սակայն, պետք է բնական լինի: Օրը 2-3 անգամ ուտելու ընթացքում (կամ ուտելուց հետո) 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ 2 թ/գ քացախ եւ 1-2 թ/գ մաքուր մեղր ավելացրեք եւ խմեք այն:

Խնձորի մաքուր քացախի դեպքում հակացուցումներ գրեթե չկան: Միայն պետք է ուշադիր լինեք խոցային հիվանդությունների, բարձր թթվայնության դեպքում:

 


Դեղատոմս 2:

Խնձորի քացախի պատրաստման մի քանի ձեւեր կան: Լավ հասած խնձորները լավ լվացեք, մանր կտրատեք և շարեք էմալապատ տարայի մեջ, ավելացրեք շաքարավազ` 1 կգ քաղցր տեսակի խնձորի վրա` 50 գրամ շաքարավազ: Ոչ շատ քաղցր 1 կգ խնձորի դեպքում` 100 գրամ շաքար: Վրան լցրեք մինչեւ 70 C ջերմաստիճանի տաքության եռացրած ջուր, որպեսզի խնձորից 3-4 սմ բարձր լինի` ծածկի:

Կաթսան դրեք տաք տեղում, բայց ոչ արեւի տակ: Օրը 2 անգամ խառնեք այն, որպեսզի չչորանա վերին շերտը: 2 շաբաթ հետո քամեք հյութը մի քանի տակ ծալված թանզիֆով, լցրեք ապակե մեծ տարաների մեջ` քացախեցնելու համար (տարան մինչեւ բերան մի լցրեք, 7-10սմ տեղ թողեք): Եվս 2 շաբաթ պահեք, եւ քացախը պատրաստ է: Նստվածքով հանդերձ՝ լցրեք շշերի մեջ եւ պահեք մութ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Տնական քացախաջրով կարող եք լողանալուց հետո շփել լավ լվացված մազերը. և՛ հրաշալի փայլեցնում է, և՛ փափկեցնում, և՛ սնուցում, և՛ պաշտպանում թեփից, մազաթափությունից: Կարող եք նաեւ խնձորի քացախով լոգանք ընդունել:

Լոգարանի ջրի մեջ կես թեյի բաժակ քացախ լցրեք եւ լոգանք ընդունեք. մաշկը սնուցում է, թարմացնում:

 


Դեմքը կարող եք լվանալ եւ շփել թույլ քացախաջրով: Քացախը հրաշալի միջոց է միջատների կծոցների դեմ: Հիշեք, որ այս ամենը խորհուրդ է տրվում անել խնձորի տնական քացախով:

Բացի այդ, քացախ պատրաստելիս հիշեք, որ էմալապատ տարաները չպետք է վնասված, ժանգոտված լինեն: Եթե տնական քացախ չունեք եւ ստիպված եք խանութից գնել, ապա ընտրեք այնպիսի քացախ, որի բաղադրության մեջ բացի խնձորի քացախից այլ բաղադրիչներ չլինեն: Բացի այդ, խանութի քացախը, սովորաբար, տնականից ավելի բարձր թթվայնության է, այնպես որ, օգտագործելիս` պետք է դա հաշվի առնել եւ ավելի շատ ջրով բացել:

Նույնիսկ կզարմանաք, թե որքան կարևոր է այն մեր օրգանիզմի համար, սրտի աշխատանքի, նյութափոխանակության, նիհարելու…

loading...