Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Մարիաննա Հ.-ի գործի դատական քննությունը:
24-ամյա Մարիաննան միայնակ մայր է, նրա խնամքին 3 անչափահաս երեխաներ կան: Մարիաննա Հ.-ն մեղադրվում էր 4 դրվագ սուտ մատնություն կատարելու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 25-ին Մարիաննա Հ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, թե 2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը իջևանցի չորս տղամարդիկ՝ Վահագնը, Անդրանիկը, Նորայրը և Արարատը քաղաքի ավագ դպրոցի հարակից տարածքում գտնվող շինությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել և բռնաբարել են իրեն:
Բացի այդ, նույն օրը տված բացատրության մեջ Մարիաննա Հ.-ն հայտնել է նաև, որ արդեն հիշատակված Վահագնը նաև հունիսի 20-ի լույս 21-ի գիշերն է նույն շինության մեջ իրեն բռնաբարել...
Մարիաննա Հ.-ն 2016 թվականի հունվարի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնում բացատրություն է տվել, թե իջևանցի Սպարտակ Ս.-ն 2015 թվականի հուլիսի 4-ից մինչև 2016 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում բնակարան է պարբերաբար տրամադրել իրեն՝ պոռնկությամբ զբաղվելու համար:
2016 թվականի մարտի 29-ին անդադրում Մարիաննան ոստիկանության նույն բաժնում ևս մեկ սուտ մատնություն է կատարել՝ հաղորդելով, թե արդեն հիշատակված Սպարտակը 2015 թվականի հուլիս ամսին՝ 3 օր շարունակ, իր տանը իջևանցի Ավետիքի ու երկու անծանոթ տղամարդկանց հետ իր նկատմամբ բռնություն է գործադրել, ու չորսով իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:
Մարիաննայի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, քրեական գործեր են հարուցվել, նախաքննություն է ընթացել...
Բայց ի վերջո հաստատվել է, որ Մարիաննան չի բռնաբարվել, եթե սեռական հարաբերություններ ունեցել է տարբեր տղամարդկանց հետ, ապա՝ իր կամքով, դրա համար նրան բռնության ենթարկելու անհրաժեշտություն չի եղել...
Ընդհանուր իրավասության դատարանում Մարիաննա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր չորս դրվագներով: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Մարիաննայի խնամքին են 2011, 2014, 2016 թվականներին ծնված մանկահասակ երեխաները: Մարիաննան, ըստ դատական ակտի, մանկուց հաշմանդամ է, տառապում է գլխուղեղի որոշակի ախտահարմամբ, ունի մտավոր հետամնացություն, վարքային խանգարումներ:
Երիտասարդ կնոջ հիվանդագին վիճակից, ըստ երևույթին, օգտվում են որոշ տղամարդիկ՝ նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու, նրան «օգտագործելու» առումով, իսկ ինչ-ինչ անհամաձայնությունների դեպքում հավանաբար Մարիաննան «ձեռքն է առնում» «գործ տալու» սպառնալի «զենքը»՝ տղամարդկանց մեղադրելով իրեն բռնաբարելու համար:
Գլխուղեղի հիվանդություն ունեցող կնոջ խնամքին երեք մանկահասակ երեխաների առկայությունը, նրա վարած փողոցային կենսակերպը պիտի որ մտահոգեն պատկան մարմիններին, երեխաների ճակատագրով լրջորեն հետաքրքրվելու, ինչպես նաև հիվանդ կնոջը փողոցային կյանքից կտրելու ուղղությամբ գործուն քայլեր կատարելու պատճառ դառնան: Մինչդեռ Մարիաննայի սուտ հաղորդումների տեղատարափը ընդունվել, քրեական գործեր հարուցելու առիթ է դարձել՝ գնալով ավելի «ոգևորելով» իր չեղած «բռնաբարությունները» «դրոշակ» դարձրած կնոջը...
Մարիաննա Հ.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան: