ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցին, երբ ԱՄՆ նախագահը «Պուտին մարդասպանի» մասին հարցին նշել է, թե Ամերիկան ևս իր պատմության մեջ բազմաթիվ մարդասպաններ ունի, գրում է Politico-ն։

Հիշեցնենք, որ երբ Fox News-ի հաղորդավարը Պուտինին անվանել էր «մարդասպան», Թրամփը առանց հապաղելու ասել էր. «Մենք բազմաթիվ մարդասպաններ ունենք։ Ի՞նչ է, դուք մտածո՞ւմ եք, թե մեր երկիրն այդքան անմե՞ղ է»։

Մակքեյնը ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և պուտինյան Ռուսաստանի միջև չի կարելի դնել հավասարության նշան։

«Ոչ մի բարոյական հավասարություն չկա այդ մսագործի և գլխակերի, ԿԳԲ-ի գնդապետի ու Միացյալ Նահանգների միջև՝ երկրի, որին Ռոնալդ Ռեյգանը անվանում էր բլրի վրա շողացող քաղաք»,- հայտարարել է Մայքեյնը։

Քննադատելով Թրամփի խոսքերը՝ սենատորը նշել է, թե որպեսզի նման համեմատություններ արվեն, մարդը պետք է լինի «չափազանց ապատեղեկացված կամ անհավանականորեն կանխակալ»։

loading...