«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում հանդես կգա նաև դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը: Նա մարմնավորելու է պատգամավորի տղայի: Ըստ կերպարի՝ սիրային եռանկյունի է ձևավորվելու Հայկի, Միհրանի և Արփիի հերոսների միջև: Tert.am Life-ը դերասանի հետ խոսել է «Ֆուլ հաուսում» մասնակցության, ակնկալիքների, առաջիկա ներկայացման և ոչ միայն այդ ամենի մասին:
-Հայկ, որպես դերասան՝ առաջին անգամ եք ներկայանում հեռուստատեսային նախագծում: Ինչո՞վ հետաքրքրեց Ձեզ այս առաջարկը:
— Ես երբեք սիթքոմերի երկրպագու չեմ եղել՝ լինի հայկական, ամերիկյան, թե այլ երկրի արտադրության, սակայն «Ֆուլ հաուսը» Հայաստանի հեռուստատեսային պատմության մեջ լավագույն սիթքոմն է: Դա վկայում են թե´ ռեյթինգները, թե´ նկարահանման որակն ու հումորները: Սա չեմ ասում, որովհետև նկարահանվելու եմ, պարզապես այսքան ժամանակ ավելի լավը չեմ տեսել:
Կարծում եմ՝ կարող եմ շատ բան սովորել: Ինձ համար սա փորձ ձեռք բերելու հնարավորություն է՝ թե´ նկարահանման, թե բեմական, որովհետև «Ֆուլ հաուսը» նաև ներկայացումներ է ունենում:
-Ի՞նչ կերպարով եք ներկայանալու:
— Պատգամավորի տղա է, ով սիրահետելու է Լիկային: Կերպարի բնավորության, շարժուձևի վրա դեռ աշխատում ենք, որպեսզի այն լիարժեք լինի:
Մեր հասարակության մեջ ընդունված է, որ պատգամավորի տղան պետք է լինի լկստված, կարճ ասած՝ «պոռճ»: Կերպարս կունենա իր միջավայրի ազդեցությունը, սակայն հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի:
-Տևական ժամանակ է՝ ներկայացումներ եք խաղում, նկարահանվել եք նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմում, սակայն հեռուստատեսային նախագծերում մինչև հիմա չեք ներկայացել: Պատճառն առաջարկների պակա՞սն է, թե՞ Ձեր չափորոշիչներին անհամապատասխան առաջարկներ ստանալը:
-Ճիշտն ասած, բավականին շատ եմ ստացել առաջակներ, ուղղակի չեմ համաձայնել: Պատճառը պայմանավորված է եղել կա´մ դերով, սցենարով, կա´մ իմ զբաղվածությամբ: Հիմնականում ինձ բավականին հետաքրքիր առաջարկներ են արել: Հիմա էլ եմ զբաղված, բայց մի կերպ պիտի հասցնեմ:)
-Ի դեպ, առաջիկայում ներկայացում ունեք: Նոր ծրագրո՞վ եք ներկայանալու:
— Փետրվարի 14-ին Տիկնիկային թատրոնում ներկայանալու եմ «Սուրբ Վալենտի՞ն, ո´չ, Սուրբ Սարգիս» ծրագրով: Համերգային ֆորմատով եմ ներկայանալու, կլինեն նաև սքեթչեր: Երեկոյի հատուկ հյուրը Սևակ Ամրոյանն է, առանձնահատուկ հյուրը՝ Սոնա Ռուբենյանը:) Իմ կողմից շատ սիրելի արտիստներ են, ովքեր բախտի բերմամբ նաև իմ ընկերներն են:
Բացի այդ, հրավեր ենք ստացել «Եթե ես լինեի պապա» ներկայացմամբ մասնակցել Բելառուսում կայանալիք փառատոնի:
Մարտի 8-ին և 9-ին ևս հանդես կգամ Տիկնիկայինում: Հավանաբար, Շառլ Ազնավուրի երգերը կներկայացնեմ: Ենթադրում եմ, որ սեպտեմբերին նոր ներկայացում կունենամ: Սցենարը, գրեթե, պատրաստ է: Աշխատանքային վերնագիրն է՝ «Լավը, վատը, ճիշտը»: Ինձ մոտ ամբողջ տարին արդեն պլանավորված է: