Այս ձմռան առանձնահատկությունները մեզ հետ հարցազրույցում ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

2016-2017 թվականների ձմեռը Հայաստանում խստաշունչ է, և ոչ միայն Հայաստանում, նաև՝ Ռուսաստանում, Եվրոպայում: Մթնոլորտում բարձր խոնավությամբ կամ ցուրտ օրերի երկարատև հաջորդականությամբ այս ձմեռն առանձնանո՞ւմ է:

- Այս ձմեռն, ընդհանուր առմամբ, իհարկե ունի առանձնահատկություն, առանձնահատկությունը, նախ, դեկտեմբերի 27-ից սկսված և հունվարի 25-ին ավարտված մառախուղի թաղանթն էր, որն ընդգրկում էր Արարատյան դաշտը, դրա նախալեռնային գոտին, Արագածոտնի նախալեռները, Վայոց Ձորի նախալեռնային հատվածները, և սառն օդի լեզվակը՝ լճացած, Արաքսի հովտով տարածվում էր մինչև Մեղրի, ընդգրկելով նաև ամբողջ Նախիջևանի դաշտը: Դա առանձնահատկություն էր, որովհետև ոչ բոլոր տարիներին է, որ նման մեծ տևողությամբ՝ գրեթե 40 օր, մառախլապատ, անարև օրեր ենք ունենում:

 
 

Այդ սառը և խոնավ օդի լեզվակը, որն ընդգրկել է նաև Նախիջևանի դաշտը, որտեղի՞ց էր Հայաստան ներթափանցել:

- Դա չէր ներթափանցել, տեղում էր ձևավորվել, սառն օդի լճացման արգասիք էր: Սառն օդը լճանում է, այնուհետև երբ տաք օդի ներհոսք է սկսվում, այն չի կարողանում ներթափանցել Արարատյան դաշտի հատակ, շրջանցում է վերևից սառը օդին, և դրանց՝ տաք և սառը օդային հոսանքների շփման զոնայում առաջանում է այդ մառախուղի գոտին:

Այս ձմռան երկրորդ առանձնահատկությունն Արարատյան դաշտի՝ կրկին իր նախալեռնային գոտով, հաստատուն սառնամանիքային եղանակներն էին: Այսինքն՝ եթե դիտարկենք դեկտեմբերի 14-ից մինչև օրս, Երևանում դեռ դրական ջերմաստիճան չենք արձանագրել, իսկ Արարատյան դաշտի և Երևանի համար դա այնքան էլ բնորոշ երևույթ չէ: Մենք ձմռան ընթացքում, ձմեռների մոտ 90 տոկոսի պարագայում, տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում ունենում ենք դրական ջերմաստիճաններ: Եղել է, որ Արարատյան դաշտում հունվարին ունեցել ենք 20 աստիճան, բայց այս տարի դա չունեցանք: Պատճառը՝ արգելափակող անտիցիկլոնի ձևավորումն էր Հայկական բարձրավանդակի վրա, Արևմտյան Հայաստանում, որն արգելափակում էր բոլոր տեսակի տաք օդային հոսանքների հոսքը դեպի Արարատյան դաշտ: Այն օրերին, երբ այստեղ սառնամանիքներ էին, հանրապետությունում մի քանի անգամ ունեցանք տաք օդի հզոր ալիքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը և՛ հունվարին, և՛ փետրվարի 1-ին տասնօրյակում Տավուշի, Սյունիքի հովիտներում բարձրացավ մինչև պլյուս 15-16, լեռնային շրջաններում ցերեկը մինչև + 5 աստիճան, բայց Արարատյան դաշտը դրան չարձագանքեց:

Այսպիսի իրավիճակը Հայաստանում ունեցե՞լ է իր նախադեպը:

- Այո: Մենք եթե 100-ամյակի կտրվածքով դիտարկենք, ունեցել ենք մոտ 15 տարի, որ մառախուղի տևողությունը նույն հատվածներում՝ Արարատյան գոգավորությունում ու նրա նախալեռնային գոտում, հասել է 30-40 օրի, իսկ 1953 թվականին՝ մինչև 90 օրի: Գոգավոր ռելիեֆի պատճառով հենց այստեղ է տեղի ունենում սառն օդային զանգվածների լճացում:

loading...