Հանրապետությունում մարտին սպասվում է նորմայի սահմաններին մոտ ջերմաստիճան: Տեղումների քանակը եւս նորմային մոտ կլինի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` մարտին սպասվում են նաեւ կլիմայական վայրիվերումներ: Կլինեն օրեր, երբ, արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման հետ կապված, եղանակը կտաքանա, կլինեն օրեր, երբ արկտիկական ճակատներն իրենց հետ կբերեն ջերմաստիճանի նվազում եւ տեղումներ:

«Առանձին օրերին, հատկապես մարտի երրորդ տասնօրյակին, ջերմաստիճանն Արարատյան դաշտում եւ Երեւանում կհասնի 18-20 աստիճանի: Մարտի առաջին եւ երկրորդ տասնօրյակներում, սակայն, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչեւ -8, -10», ասաց նա:

Մեր այն հարցին, թե երբ վերջապես մայրաքաղաքից կանհետանա մառախուղը, օդերևութաբանության կենտրոնի պետը հստակ ժամանակահատված չնշեց.

«Մառախուղի առաջացման պատճառը տաք եւ սառը օդային հոսանքների շփումից առաջացած ջրային գոլորշիների խտացումն է», հավելեց Սուրենյանը:

loading...