Հայկական ընտանիքը մշտապես համարվել ու ներկայումս էլ համարվում է սրբություն։ Բայց պարզվում է կա մարդկանց մի խումբ, որի բարոյականության նորմերը գիտակից մարդու համար դժվար ընկալելի են, թեեւ դրանք դժվար է նաեւ բարոյականության նորմեր համարել։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել ընտանեկան բռնության մի սարսափելի դեպքի մասին, որը դրսեւորվել է ոչ թե բռնությամբ, այլ սեռական շահագործմամբ։ Ընդգծենք, որ խոսքը գնում է հայ տղամարդու կողմից իր երեխաների մորը թրաֆիքինգի ենթարկելու մասին, իսկ դեպքը տեղի է ունեցել Երեւանում։
32-ամյա տղամարդը հարկադրել է կնոջը՝ հաճախորդներին ոչ միայն մերսել, այլ նաեւ բավարարել նրանց սեռական կրքերը:
Ամուսինները համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, ապրել են Երևանի տարբեր հատվածներում՝ վարձակալական հիմունքներով և մի օր էլ ամուսինը որոշել է կնոջ միջոցով գույքային օգուտ ստանալ:
Եւ ամուսինն առաջարկել է կնոջը սեռական բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցել՝ ստանձնելով հաճախորդներին ապահովողի դերը։
Երիտասարդ կինը սկզբում մերժել է, սակայն տղամարդը իր նպատակին հասնելու համար գտել է հարկադրման միջոց:
Տուն է հրավիրել մի տղամարդու և մի կնոջ, ովքեր ներկայացել են, թե ամուսիններ են։ Ոոգելից խմիչք օգտագործելուց հետո ասել է, թե զույգերով պետք է փոխվեն՝ իր կինն այդ տղամարդու հետ պետք է սեռական հարաբերություն ունենա, իսկ ինքը՝ տղամարդու կնոջ հետ:
Այս ամենից հետո տղամարդը տեսանկարահանել է, թե ինչպես է իր կինն այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենում, ապա այդ տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակելու՝ կնոջ հարազատներին ցույց տալու սպառնալիքով հարկադրել է որոշակի վարձավճարի դիմաց մատուցել հաճախորդների սեռական կրքերի բավարարմամբ ուղեկցվող մերսման ծառայություններ:
Շատ եկամուտ ստանալու համա՚՝ տղամարդն անգամ Երևանի մեկ այլ թաղամասում տուն է վարձել, որի ննջասենյակները հարմարեցրել է մերսման համար, գնել է յուղեր, սավաններ և այլ անհրաժեշտ պարագաներ ու կնոջը գործի դրել:
Կարճ ժամանակ անց կնոջը հարկադրել է «ռելաքս» տեսակի մերսումից բացի նաեւ «Էռո» մերսում իրականացնել:
Եկամուտներն ավելացնելու նպատակով,տղամարդը հաճախորդներին առաջարկել է նոր ծառայություն՝ ինչը ենթադրել է, որ հավելյալ գումարի դիմաց կինը հաճախորդների հետ նաև սեռական հարաբերություն պետք է ունենար:
Այս անգամ էլ կինը հրաժարվել է, սակայն ամուսինը նրան ծեծի է ենթարկել ու սպառնացել նաև հաճախորդների հետ սեռական հարաբերություն ունենալու տեսանյութը հրապարակել:
Ապա որոշել է «բիզնեսն» ընդլայնել եւ այլ մերսուհիներ ևս աշխատանքի վերցնել։ Այդ նպատակով հայտարարություն է տվել, թե փնտրում է իր երեխաներին խնամող և երբ հայտնվել է մի կին, ով համաձայնվել է այդ աշխատանքին, կարճ ժամանակ անց նրան ևս համոզել է, թե կարող է իր մերսման սրահում աշխատել:
Տղամարդը՝ կնոջը սովորեցրել է մերսման արվեստին, այն որ «Էռո» մերսումը պետք է կատարել ամբողջությամբ մերկ և որ պետք է հաճախորդի մոտ ստեղծի սեռական հարաբերություն ունենալու պատրանք, իսկ մերսման վերջնամասում նաև բավարարի հաճախորդի սեռական կրքերը:
Տղամարդու թակարդում են հայտնվել ոչ միայն իր կինը և իր երեխաներին խնամող կինը՝ այլև այլ կանայք ևս:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Վարդգեսը, կնոջ վիճակի խոցելիությունն օգտագործելով, վերջինիս և այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունը ինտերնետային կայքում և կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքով, ինչպես նաև` պարբերաբար նրա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, շահագործել է նրան. հարկադրել է ինտերնետային կայքում տեղադրված հայտարարությունների միջոցով հրավիրված հաճախորդներին իր կողմից վարձակալած տանը, որոշակի վարձավճարի դիմաց մատուցել հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աղբյուր` Փաստինֆո