Երբ կանայք խոսում են «իրար մեջ», նրբորեն տեղեկանում են, թե արդյոք նորմա՞լ երևույթ է հեշտոցից արտադրությունը, և շատ հաճախ էլ ի պատասխան լսում, որ նման բան չպետք է լինի: Մինչդեռ պետք է հատկապես երիտասարդ աղջիկներն ու կանայք իմանան, որ այո, հեշտոցային արտադրությունը բնական երևույթ է. այն կարող է լինել նորմալ ու ախտածին: Այսինքն` մի անհանգստացեք, կանայք, եթե ունեք արտադրություն, դա բնական է: Սակայն, արժե խոսել արտադրության տարբեր տեսակների մասին ու, թե որ դեպքում պետք է զգոն ու զգաստ լինել:
Կնոջ առողջությունը
Հեշտոցի հիմնական ֆունկցիան արգանդ ու մյուս վերարտադրողական օրգաններ տանող ուղի ծառայելն է: Հեշտոցի բնական թթվային միջավայրն արգելակում է հիվանդածին մանրէների բազմացումն ու վարակների առաջացումը: Այն ձևավորվում է բնական, «լավ» մանրէների շնորհիվ: Առողջ հեշտոցն ինքնամաքրվում է, այն մշակում է արտազատուկ, որն օրգանիզմից դուրս է գալիս արտադրության տեսքով: Արտազատուկի հավասարակշռությունը կարող է խախտվել այդ թթվային միջավայրի համար զանազան օտար նյութերի ազդեցությամբ:
Նորմալ արտադրություն
Արժե կրկին նշել, որ հեշտոցային արտազատուկ ունենում է յուրաքանչյուր կին: Հեշտոցում ու արգանդավզիկում գտնվող գեղձերը ոչ մեծ քանակությամբ լորձ են մշակում, որն օրգանիզմից դուրս է գալիս մեռած բջիջների հետ` այդպիսով մաքրելով ներքին սեռական օրգանները: Ստացվում է, որ այդ արտազատուկները մաքրում են սեռական ուղիներն ու բնական քսուքի դեր կատարում, կանխում վարակների տարածումը: Այն հոտ չունի, իսկ եթե ունի էլ, ապա տհաճ չէ, թափանցիկ է կամ էլ սպիտակավուն, դուք այն կարող եք նկատել սպիտակեղենի վրա:
Արտադրության վրա ազդող պատճառներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել
Դաշտանային ցիկլի խանգարում, սթրես, հղիություն, դեղորայքի ընդունում (այդ թվում` հորմոնային, ինչպիսին, ասենք, հակաբեղմնավորիչներն են), սեքսուալ գրգռվածություն, կրծքով կերակրելու շրջան, ձվազատման շրջան, սխալ սնունդ: Ինտիմ հիգիենայի որոշ միջոցներ, հեշտոցային ցողումները, պարֆյումերային գելերն ու օճառները, ինչպես նաև հակաբիոտիկները կարող են խախտել օրգանիզմի բնական pH հավասարակշռությունն ու վարակների փոխանցման պատճառ դառնալ: Շաքարախտով հիվանդ հղիների մոտ նույնպես խախտվում է հեշտոցի թթվային միջավայրը, լորձի մեջ կարող են ախտածին մանրէներ լինել:
Վարակի առկայությունը կարելի է մի քանի նշաններով հայտնաբերել
Արտադրության գույնի, բաղադրության ու քանակի փոփոխությամբ, անընդհատ արտադրության առկայությամբ, քորի, անհարմարության զգացումով ու գրգռվածությամբ, միզարտադրության ժամանակ այրոցքի զգացումով, դաշտանային ցիկլով չպայմանավորված արյան հետքերով, կաթնաշոռ հիշեցնող բաղադրությամբ, տհաճ հոտով, գույնի փոփոխությամբ (դեղնավուն, կանաչավուն կամ մոխրագույն): Նման երևույթներ նկատելու դեպքում առանց հետաձգելու դիմեք բուժող բժշկին, որը կախտորոշի ու բուժում կնշանակի: Ծանոթ կանանց ու ընկերուհիների հետ զրույցներում կատարած բացահայտումներն էլ ինքնագործունեությամբ զբաղվելու հիմք չեն: