Դեռ մի քանի ամիս առաջ Հնդկաստան ասելիս առաջինը կարելի էր մտաբերել Թաջ Մահալն ու թեյերը: Այսօր՝ Հնդկաստանը ասոցացվում է առաջին հերթին օճառային օպերաների՝ սերիալների հետ: Հնդկական ֆիլմերի ինդուստրիան Հայաստան մտավ 60-70-ական թվականներին: Խորհրդային ղեկավարությունը թույլ չէր տալիս հոլիվուդյան ֆիլմերին հայտնվել մեծ էկրանին և լավագույն այլընտրանքը մնում էին հնդկական ֆիլմերը: Շատերի կարծիքով` հենց դա է պատճառը, որ մեր օրերում հնդկական սերիալներն ունեն դիտելիության բարձր վարկանիշ՝ 70-ականների սերնդին հիշեցնում են նրանց երիտասարդությունը: Դիսկո պարողին, Զիտա, Գիտային փոխարինելու եկան սերիալների հերոսները: Առաջին ծիծեռնակը եղավ «Մերժվածը»՝ Շանթի եթերում, որին հետևեցին ՊանԱրմենիան մեդիա գրուպի 3 սերիալները: Մեր հանրության մի ստվար զանգված հետևում է գործողությունների հետագա զարգացմանը, փողոցում կարելի է հանդիպել ավելի մեծ թվով աղջիկների, ովքեր ձեռքերiն մեհենդի ունեն, բավականին ակտիվ գործում են սոցիալական ցանցերում երկրպագուների էջերը, հերոսների խոսքերը դարձել են շատերի առօրյա խոսքի մասը, և անգամ նորածին երեխաներին սկսել են անվանակոչել ի պատիվ նրանց: 2017 թվականի ամանորին Արմավիրի մարզի Գեղակերտ (Սամաղար) համայնքում ծնվեց մի աղջիկ, որին անվանեցին Իչակի: Փոքրիկի մոր՝ Մալվինա Ավետիսյանի խոսքով, հատուկ մտադրություն չեն ունեցել հենց այդպես կոչել երեխային. «Դժվարանում էինք անվան ընտրության հարցում, այդ ժամանակ էլ նոր էր սկսվել «Մերժվածը»: Գլխավոր հերոսուհու անունը հավանեցինք, և հենց այդպես էլ որոշեցինք աղջկաս անունը: Սերիալներն անգամ հնդկական մշակույթը նորաձև դարձրեցին Հայաստանում: Մեհենդին՝ հինայով մարմնի ժամանակավոր նախշազարդումն ունի մոտ հազար տարվա պատմություն: Առաջացել է Ասիայում, իսկ Եվրոպա հասել է միայն վերջին տարիներին: Արմինե Պետրոսյանը, որբ արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է այդ արվեստով, նկատեց, որ աղջիկները ցանկանում են հենց այն մեհենդին, որը տեսել են իրենց սիրելի կերպարի ձեռքին. -Մեհենդիները հատուկ նշանակություն ունեն հատկապես հնդկական հարսանիքների ծիսակարգում: Կա վարկած, որ ինչքան երկար պահպանվի մեհենդին, զույգն այնքան երջանիկ կլինի: Իսկ առհասարակ մեհենդին պահպանվում է երկու-երեք շաբաթ: Մինչև հնդկական սերիալների ցուցադրումը և շուկայի բացումը, հազվադեպ կհանդիպեիր աղջիկների, որոնք մեհենդի ունեին: Իմ հին հաճախորդներից մեկը, օրինակ, մեհենդին տեսել էր իր սիրելի երգչուհու՝ Մադոննայի ձեռքին և որոշել էր ինքն էլ ունենալ նույն մեհենդիից,-հավելեց Արմինեն: Նա նաև զբաղվում է հնդկական պարերով, քանի որ հինգ տարեկանից տարված է հնդկական ֆիլմերով և մշակույթով: Նրանք, ովքեր դիտում եմ հնդկական սերիալներ, նշում են, որ հաջողության գրավականը հերոսների պարզությունն ու անկեղծությունն է: -Շնորհիվ այս սերիալների, բարձրացվում են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ամուսինների միջև տարիքային հսկայական տարբերությունը, սոցիալական անհավասարությունը: Բացի այդ՝ ներկայացվում է Հնդկաստանն իր ողջ գեղեցկությամբ, ինչը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը,- նշեց մեր զրուցակիցներից Նաիրա Վաթյանը, որը նույնպես երկար տարիներ է, ինչ հետաքրքրվում է հնդկական մշակույթով: Հնդկական սերիալները դիտելիության բարձր վարկանիշ ունեն հատկապես հետխորհրդային երկրներում, և արգելված է դրանց ցուցադրումը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պակիստանն ու Սաուդյան Արաբիան: Պակիստանի գերագույն դատարանը որոշում ընդունեց արգելել հնդկական ֆիլմերի և սերիալների ցուցադրումը, ինչից հետո կտրուկ ավելացավ թուրքական սերիալների թիվը: Այժմ Պակիստանում ցուցադրվում է յոթ թուրքական սերիալ, հաղորդում է BBC-ին:

Սիրանուշ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Նյութի աղբյուր՝  http://www.aravot.am/2017/03/30/872334/ 

 

loading...