Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ սկսվեց Աշոտ Հ.-ի գործի դատական քննությունը:

54-ամյա Աշոտ Հ.-ին մեղադրանք է առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին Աշոտ Հ.-ն 47 համարի երթուղային ավտոբուս է նստել, իջնելիս՝ ուղեվարձի վճարման հետ կապված նա վիճաբանել է վարորդի՝ Մարատ Կ.-ի հետ:

Վիճաբանության ժամանակ Աշոտ Հ.-ն իր մոտ եղած շագանակագույն բռնակ ունեցող ծալովի դանակով հարվածներ է հասցրել վարորդին, պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դեպքից հետո ոստիկանություն ահազանգել է ոչ թե դանակահարված վարորդը, այլ դանակահարողը՝ հենց Աշոտ Հ.-ն՝ վրդովված լինելով ավտոբուսի վարորդի պահվածքից ու ենթադրելով, թե դանակն ինքն օգտագործել է իրավաչափ կերպով:

Նախաքննության ընթացքում Աշոտի ու Մարատի նկատմամբ խուլիգանության մասով գործը կարճվել է, իսկ  Մարատին դանակահարելու, մարմնական վնասվածք պատճառելու մասով մեղադրանք է առաջադրվել  Աշոտ Հ.-ին:

Ըստ ամբաստանյալի՝ դեպքը կատարվել է հետևյալ կերպ. դեպքի օրն ինքը տնից դուրս է եկել, որ գնա քիմմաքրման կետ՝ հագուստը վերցնելու:

Նստել է 47 համարի երթուղային ավտոբուսը: Իր մոտ եղել է միայն 20 հազար դրամանոց մեկ թղթադրամ, ինչպես նաև մանրադրամով՝ 80 դրամ:

Իջնելուց առաջ ինքը վարորդին է պարզել 20 հազար դրամանոցը ու խնդրել է մեկ հոգու ուղեվարձ ստանալ:

Վարորդը շատ կոպիտ տոնով ասել է. «Չէիր կարա՞ նախապես մանրես, ա՛յ տղա»: Ինքը վիրավորվել է վարորդի տոնից, իսկ նա 20 հազար դրամանոցը չվերցնելով՝ ասել է. «Իջի՛, իջի՛, ա՛յ մուֆթըչի, 20 հազարանոց ես տալիս, որ 100 դրամը չվճարես»:

Ըստ Աշոտ Հ.-ի՝ ինքը, ապացուցելու համար, որ «մուֆթըչի չէ», վարորդին է տվել մոտը եղած 80 դրամն ու իջել է ավտոբուսից: Մոտ 20 մետր հեռացել էր ավտոբուսից, երբ տեսել է, որ վարորդն իրեն հայհոյելով հետապնդում է: Ձեռքին էլ՝ լոմի նման ինչ-որ բան կար: Վարորդը հրել, գցել է իրեն, վնասել է իր ոտքը, կոշիկը պատռել է, հայհոյել է իրեն:

Եվ ինքը, պաշտպանվելու նկատառումներով, հանել է դանակն ու չի էլ հասկացել, թե ինչ է արել այդ դանակով: Ուշքի է եկել ու տեսել, որ նստած է գետնին՝ դանակը ձեռքին…

Աշոտ Հ.-ն համոզված է եղել, որ ավտոբուսի վարորդն է ոտնահարել իր իրավունքները, մանավանդ, որ իր մարմնին քերծվածքների ձևով վնասվածքներ կային: Ինքն այդ օրը տնից դուրս էր եկել ո՛չ մարդ դանակահարելու մտքով, իր համար հանգիստ նստել է քաղաքային տրանսպորտ, ցանկացել է վճարել ու արժանացել է գռեհիկ վերաբերմունքի:

Դատական նիստին  չէր ներկայացել տուժած վարորդը: Նա դատարանին տեղեկացրել էր, որ վթարի հետևանքով կոտրել է կողոսկրերը, գտնվում է հիվանդանոցում:

Ըստ դատավարության կողմերի՝ տուժողը ամբաստանյալի հետ հաշտվելու ցանկություն էր հայտնել ավելի վաղ:

Ամբաստանյալ Աշոտ Հ.-ն այս նիստի սկզբում այն տրամադրությամբ էր, որ ինքը մեղավոր չէ, իր նկատմամբ է կատարվել անարդարություն, և դատարանը, գործը քննելով ու անարդարությունը վեր հանելով, պետք է կարճի քրեական գործը: Ամբաստանյալը նույնիսկ գրի էր առել իր նկատառումները և պատրաստվում էր ներկայացնել դատարանին: Նա ասաց, թե վատառողջ է, բացի այդ՝ Մոսկվայում մահամերձ հիվանդ է մայրը, այս գործի քննության պատճառով ինքը չի կարողանում հանրապետությունից դուրս գալ: Ցանկանում է, որ դատարանը շուտափույթ քննի ու անմիջապես էլ կարճի գործը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մի քանի անգամ բացատրեց, որ գործը հնարավորինս «շուտափույթ» կարող է կարճվել, եթե ամբաստանյալն ընդունի իր մեղքը, ներողություն խնդրի տուժողից ու հաշտվի նրա հետ, եթե, իհարկե, տուժողը ցանկանա նույնպես հաշտվել ամբաստանյալի հետ:

«Ե՞ս ներողություն խնդրեմ, ինչի՞ համար…»,- սկզբում վրդովվում էր ամբաստանյալը, ով միայնակ է ապրում, ընտանիք չունի:

Մինչ ընթանում էր դատական քննության նախապատրաստական մասը, ամբաստանյալը, այնուամենայնիվ, հասցրեց փոխել դիրքորոշումը և ցանկություն հայտնեց տուժողի հետ հաշտության համաձայնություն կայացնել՝ պաշտպանի օգնությամբ: Աշոտ Հ.-ն ասաց, թե պարզապես ցանկանում է հնարավորինս շուտ մեկնել Մոսկվա՝ հիվանդ մոր մոտ…

Դատական հաջորդ նիստին, երբ կներկայանա տուժողը, պարզ կլինի՝ հաշտվո՞ւմ են կողմերը, դրա հիմքով կարճվո՞ւմ է քրեական գործը, թե՞ դատարանը անցնելու է դատաքննության:

loading...