Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:
23-ամյա Տիգրանն ամուսնացած է, խնամքին չորս անձ կա: Նրա մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում, վարքի և էմոցիաների խառը խանգարում» հիվանդությունը:
Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին Տիգրանը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է ՌԴ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի բնակչուհի Ալինայի (անունը փոխված է) հետ:
Համացանցային շփումների ժամանակ Տիգրանը տեղեկացել է, որ Ալինան ամուսնացած կին է, ունի մեկ երեխա:
Տիգրանն ու Ալինան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:
Զրույցներից մեկի ժամանակ Ալինան ասել է իր բնակության հասցեն: Տիգրանը ցանկություն է հայտնել հանդիպելու նրա հետ: Բայց պարզվել է, որ Ալինան սխալ հասցե է ասել:
2014 թվականի օգոստոսի 27-ին Ալինան իր սկեսրայրի հետ մեկնել է Երևան՝ տեսակցելու Ռուսաստանից եկած քրոջը: Մինչև Երևան մեկնելը Ալինան հեռախոսով Տիգրանին հայտնել է, որ մոտ օրերս Երևանում է լինելու, այնտեղ կհանդիպեն ու կխոսեն:
Երևանում գտնվելու ժամանակ Ալինան զանգել է Տիգրանին, ասել է, թե գտնվում է Երևանում, ցանկանում է նրա հետ հանդիպել:
Ըստ Ալինայի՝ ինքը ցանկացել է Տիգրանի հետ հանդիպել՝ իրենց վիրտուալ կապը… խզելու համար:
Օգոստոսի 27-ին, ժամը 19-ին Տիգրանն իր ընկեր Արսենի հետ պատահական տաքսիով մեկնել է Երևանի Սեբաստիայի փողոց, որտեղ գտնվել է Ալինան:
Տիգրանը մոտեցել է Ալինային, Արսենը սպասել է հեռվում: Քիչ անց Տիգրանը ճանապարհել է Արսենին, նորից մոտեցել է Ալինային ու առաջարկել է գնալ սրճարան, բայց Ալինան մերժել է: Նա «իրական կյանքում» տեսել է Տիգրանին ու… չի հավանել:
Տիգրանը պնդել է առաջարկը, ասելով, թե հակառակ դեպքում ինքը կգնա Ալինայի հետևից:
Այդ ընթացքում Տիգրանը մտել է խանութ, իր համար գարեջուր է գնել, Ալինայի համար՝ ջուր:
Ալինան խնդրել է, որ Տիգրանը ջնջի իր հեռախոսահամարը, «Օդնոկլասնիկի» կայքի գաղտնագրերը, քանի որ շուտով՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան է վերադառնալու ամուսինը, ինքը չի ցանկանում Տիգրանի հետ շարունակել շփումը:
Այնուհետև Ալինան իր դստերն ու քրոջ որդուն տարել է տուն:
Տիգրանը Ալինային զգուշացրել է, որ եթե նա հինգ րոպեից դուրս չգա, ինքը կմտնի շենք ու հարազատների ներկայությամբ նրան դուրս կկանչի:
Ալինան վախեցել է, երեխաներին տարել ու անմիջապես տնից դուրս է եկել, մոտեցել է Տիգրանին, հարցրել է, թե ինչի մասին է նա ցանկանում խոսել:
Տիգրանն ասել է, թե տեղը հարմար չէ զրուցելու համար: Նա բռնել է Ալինայի ձեռքից, անցկացրել է փողոցի հակառակ կողմը, նստեցրել է պատահական տաքսի: Գնացել են Խանջյան փողոց:
Տիգրանն Ալինային տարել է Խանջյան փողոցում գործող «Արմին» բար:
Այնտեղ Տիգրանը պատվիրել է օղի, ձիթապտուղ, կիտրոն: Նա Ալինային, ըստ դատական ակտի, ստիպել է օղի խմել ու իրեն ասել, թե սիրում է, հակառակ դեպքում սպառնացել է, թե տուն չի տանի:
Որոշ ժամանակ բարում մնալուց հետո դուրս են եկել, մտել զբոսայգի, նստել այգու սրճարաններից մեկում:
Երբ սրճարանից դուրս են եկել, Տիգրանը նորից հանդիպել է իր ընկեր Արսենին, ում ինքն էր այնտեղ կանչել:
Այգում Տիգրանն ապտակել է Ալինային, երբ վերջինս հարցրել է, թե իրեն երբ է տուն տանելու:
Պատահական տաքսիով երեքով՝ Տիգրանը, Ալինան, Արսենը, մեկնել են Թաիրով գյուղի ուղղությամբ: Կանգնել են «Օջախ Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց: Իջել են մեքենայից:
Տիգրանն Ալինային զգուշացրել է, որ իրեն նորմալ պահի, հակառակ դեպքում սպառնացել է, թե կմորթի ու կսպանի:
Մտել են հյուրանոց, սենյակ են պատվիրել:
Երեքով գնացել են հյուրանոցի լողավազանի տարածք, հետո՝ սենյակ: Այդ ժամանակ Արսենը հեռացել է:
Սենյակում Տիգրանը ստիպել է, որ Ալինան լոգանք ընդունի, հետո ինքն է հագուստը հանել ու մտել լոգասենյակ:
Ալինան, ըստ դատական ակտի, ցանկացել է պատուհանից դուրս գալ, բայց պատուհանը դրսից ցանցապատ է եղել: Ալինայի փորձերի արդյունքում ցանցի եզրը պատռվել է: Բայց սենյակում նա չի աղմկել, օգնություն չի կանչել…
Քիչ անց Տիգրանը դուրս է եկել լոգասենյակից, պահանջել է, որ Ալինան շորերը հանի: Սպառնացել է, թե այլապես ինքը կպատռի նրա շորերը ու այդպես նրան փողոց կհանի:
Ալինան հանել է շորերը, փաթաթվել է սավանի մեջ:
Տիգրանը սավանը քաշել է նրա վրայից, բռնություն գործադրելով՝ հանել է նրա ներքնաշորերը և Ալինայի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՝ նրա մարմնի վրա թողնելով քերծվածքներ, արյունազեղումներ ու ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Այնուհետև, հյուրանոցային սենյակում Տիգրանը Ալինայի ձեռքերը բռնել է, վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ «մատներդ կկոտրեմ» արտահայտությամբ, Ալինայից հափշտակել է մեկ զույգ ոսկե ականջօղերը, երկու մատանիները՝ 138 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ոսկե զարդերը նույն օրը նա գրավ է դրել «Ֆասթ կրեդիտ կապիտալ»-ում՝ 111 հազար 109 դրամով՝ Ալինային պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Տիգրան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 175 հոդվածի 1-ին մասերով: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը:
Տիգրան Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտնել է, թե իրենց հեռախոսազրույցների ժամանակ Ալինան ասել է, թե ամուսնուն չի սիրում, ուզում է մեկնել Հայաստանից, գնալ մոր մոտ: Նա ասել է, թե իրեն շատ է հավանում:
Ալինան է իրեն ասել, որ Երևան է գնալու: Նա ցանկացել է, որ իրենք հանդիպեն:
Երևանից նա զանգել է, նորից ասել է, որ իրեն ուզում է տեսնել: Նրա տված հասցեով ինքն Արսենի հետ գնացել է Սեբաստիայի փողոց, այնտեղ հանդիպել է Ալինային:
Վերջինս տեսել է Արսենին, խնդրել է նրան ճանապարհել, քանի որ ցանկացել է իր հետ մենակ մնալ:
Արսենը հեռացել է: Ինքը Ալինային առաջարկել է սրճարան գնալ: Նա ասել է, թե երեխաներին պիտի տուն տանի: Ի վերջո նա համաձայնել է երեխաներին տուն տանել ու նորից իջնել: Այդպես էլ արել է: Երկուսով փողոցն անցել են, նստել են պատահական տաքսի, գնացել են Խանջյան փողոց: Ալինան ասել է, թե ոչ մարդաշատ ու մութ տեղ է նախընտրում:
Ժամը 21-ի սահմաններում մտել են «Արմին» բար, նստել են վարագույրներով փակված սեղանի շուրջ: Երեք ժամ մնացել են այնտեղ, օղի են խմել: Դուրս են եկել, նորից տեսել են Արսենին, երեքով տաքսիով գնացել են Արգավանդ գյուղի հյուրանոց:
Արսենը հաշիվը փակել ու գնացել է: Իրենք սենյակում են եղել: Ինքը պառկել է մահճակալին: Ալինան էլ եկել, պառկել է իր կողքին: Նա իր կամքով հանել է շորերը, համբուրել է իրեն: Նա է եղել սեռական հարաբերության նախաձեռնողը: Խմածության պատճառով իր մոտ չի ստացվել բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ: Ալինան է իրեն դրդել՝ «զոռով»: Պառկած ժամանակ նկարվել են: Ինքը կատակով կճմթել է նրան: Եթե ինքը նրան ստիպեր, Ալինան կարող էր գոռալ: Ամեն ինչ եղել է նրա կամքով, նա է եղել շահագրգռված, ոչ թե ինքը:
Իրենք հագնվել ու մնացել են պառկած, սիրել են իրար:
Ալինան ասել է, թե ուզում է մի ժամով տուն գնալ ու վերադառնալ:
Ինքը կասկածել է, որ նա կարող է չվերադառնալ: Այդ պատճառով առաջարկել է իր մոտ թողնել ոսկե զարդերը՝ գրավադրելու համար, քանի որ իր մոտ գումար չի եղել: Ալինան դեմ չի եղել, կամովին տվել է ոսկե զարդերը:
Երկուսով գրկախառնված դուրս են եկել հյուրանոցից: Ինքը տաքսիով Ալինային տարել է քրոջ շենքի մոտ, նույն տաքսիով գնացել է տուն: Հետո ոսկե զարդերը գրավադրել է Օպերայի մոտ գտնվող «Ֆասթ կրեդիտ»-ում:
Դատարանում Տիգրանն ասել է, որ երբ ինքն իմացել է, թե Ալինան ամուսնացած է, խզել է իրենց վիրտուալ կապը: Որոշ ժամանակ անց Ալինան «քոմենթ» է գրել, խոսել է իր հետ, սրտիկներ է ուղարկել, գրել է՝ սիրում եմ: Նա գրել է ծածկագրերով, տվել է իր հասցեն:
Ըստ Տիգրանի՝ Ալինային դրդել են ոստիկանությունում հաղորդում տալ: Նա իր կամքով է տվել ոսկեղենը, որ իրեն օգնի: Նա իր «կաշին փրկելու համար» շատ վատ բան է արել: Ինքը մեղավոր չի, մնացածը թողնում է դատարանի խղճին ու հայեցողությանը…
Դատարանում տուժողը պնդել է, որ Տիգրանը բռնաբարել է իրեն ու ստիպելով տիրացել է ոսկեղենին: Հայտնել է, որ նյութական պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Տիգրանը պատժվի: Ինքը Տիգրանի հետ ծանոթացել է «շփվելու, ոչ թե քնելու համար»: Նրան Երևանում հանդիպել է հրաժեշտ տալու նպատակով:
Ալինան ասել է, որ Տիգրանի պատժի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը: Բայց խնդրել է մեղմ վարվել՝ ոչ խիստ, քանի որ նրա հայրը հիվանդ է… Եթե Տիգրանը շարունակի «նստել», դրանից իրեն օգուտ չկա…
Դատարանը Տիգրան Ա.-ին մեղավոր է ճանաչել բռնաբարության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 175 հոդվածի 1-ին մասերով: Տիգրան Ա.-ն վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ից:
Ալինային պատկանող ոսկե զարդերը, որոնք առգրավվել, ի պահ էին հանձնվել նրան, թողնվել են նրա տնօրինությանը: