17:46

Երևան-Մոսկվա ավտոճանապարհին վթարված «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսում եղել է 20 ուղևոր: Վթարի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ տուժածներից 6-ը տեղափոխվել է Ստուպինո, 3-ը Տուլա քաղաքի հիվանդանոց: Դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը, ով ժամը 17:30-ին հաղորդել է, որ զոհի և տուժածների քաղաքացիությունը և ինքնությունը ճշտվում են:


___________________________________

16.54

Երևան-Մոսկվա ավտոճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսը, նախնական տեղեկություններով, պատկանել է Քուչակ-տուր ՍՊԸ-ին: Վթարի արդյունքում մահացածների թվում է վարորդ Կարապետ Մովրոզյանը: Այս մասին Tert.am -ին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

Նախարարության նախնական տեղեկություններով՝ «Iveco» մակնիշի մեքենան կատարել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ: Ուղևորափոխադրում իրականացրած վարորդը եղել է Արթիկից: 


_____________________________________

16.00

Հունիսի 18-ին, ժամը 14.13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ըստ նախնական տվյալների, պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Տվյալները ճշտվում են:

Նշենք, որ ռուսական life.ru-ի տեղեկություններով՝ ավտովթարի արդյունքում տուժածների թիվը 7-ն է, իսկ միկրոավտոբուսում շուրջ 17 մարդ է գտնվել:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Աղբյուր՝ Tert.am

loading...