Ամերիկյան Bloomberg գործակալությունը հրապարակել է 2017թ. աշխարհի 500 ամենահարուստների ցուցակը։
The Bloomberg Billionaires Indexները ներկայացնում են ամենահարուստ մարդկանց օրական վարկանիշը և թարմացվում են ամեն օր:
Ցուցակում հայտնվել են 3.61 մլրդ և ավելի կարողություն ունեցող անձիք։
Առաջին հորիզոնականը զբաղեցրած՝ Microsoftի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը մարտի 14-ի կտրվածքով հաշվարկվել է 85.7 մլրդ ԱՄՆ դոլար, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4 տոկոսով կամ 3,27 մլրդ դոլարով:
Երկրորդ հորիզոնականում ֆինանսիստ և ներդրող Ուորեն Բաֆեթն է. այս պահին նրա կարողությունը գնահատվում է 78.7 մլրդ` ավելանալով 7,7 տոկոսով կամ 5,61 մլրդով:
Եռյակը եզրափակում է Amazonի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 73.9 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ նրա կարողությունն ավելացել է 12.5 տոկոսով կամ 8,54 մլրդ դոլարով:
Չորրորդ հորիզոնականում է ZARA-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ 70,6 մլրդ դոլար, սակայն նրա հարստությունը նախորդ տարվա համեմատ պակասել է 2,2 տոկոսով կամ 1,57 մլրդ դոլարով:
Facebookի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգերորդն է՝ 60.1 մլրդ դոլար: Նա այս տարի հարստացել է 10,1 մլրդով կամ 20,3 տոկոսով:
Վեցերորդ հորիզոնականում մեքսիկացի մեդիա մագնատ Կառլոս Սլիմն է՝ 51,6 մլրդ դոլար` իր եկամուտն ավելացնելով 1,74 մլրդով կամ 3,5 տոկոսով:
Յոթերորդ և ութերորդ հորիզոնականները կիսում են Չարլզ Կոքն ու Դեյվիդ Կոքը` համապատսախանաբար 48 մլրդ դոլարով:
Իններորդը Oracleի հիմնադիր Լարի Էլիսոնն է՝ 45.2 մլրդ դոլար (+8,9 տոկոս կամ 3,71 մլրդ):
Googleի մայր կազմակերպության՝ Alphabetի գործադիր տնօրեն Լարի Փեյջը եզրափակում է տասնյակը: Նրա կարողությունը հաշվվում է 43.4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելանալով 8.7 տոկոսով կամ 3.48 մլրդով:
Ամենահարուստների ցուցակում են հայտնվել նաև երկու հայ գործարար: Մարտի 14-ին 196-րդ հորիզոնականում է հայտնվել «Մագնիտ» առևտրային ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին՝ 6.93 մլրդ դոլարով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Գալիցկու կարողությունը նվազել է 9.1 տոկոսով կամ 692 մլն դոլարով։
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ցուցակի 401-րդ հորիզանականում է` 4.28 մլրդ դոլար։ Կարապետյանի կարողությունը 2016 թ. մարտի 14-ի համեմատ աճել է 6 տոկոսով կամ 241 մլն դոլարով: