Երբևէ մտածե՞լ եք, թե առօրյայում քանի սոցիալական դեր եք իրականացնում և քանի դիմակ կրում՝ սպասված փոխհարաբերությունների իրականացման համար: Ցանկանա՞ք, թե՞ ոչ, սակայն, յուրաքանչյուրս մեր անձի ինքնաիրականացման ժամանակ կրում ենք սոցիալական դերին համապատասխան դիմակ և ներկայացնում այն իրականությունը, որը թելադրում է ոչ թե մեր ներքին բովանդակությունը, այլ դիմակի առաքելությունը տվյալ իրավիճակում:
Մենք կարող ենք լինել ազնիվ և անկեղծ, սակայն, որքան էլ որ ցանկանանք, միևնույն է, կյանքում մենք խաղում ենք՝ ենթարկվելով իրավիճակներին: Այն դիմակները կամ դերերը, որոնք իրականացնում ենք սոցիալական շփման մեջ, ունեն հստակ դասակարգում: Դրանք թվով վեցն են:
1. Ուժեղ և ինքնավստահ
Նման դիմակ կրում են ղեկավարող անձինք: Անձնական կյանքում այս գահին բարձրանում են այն կանայք, ովքեր ամուսնացած են լինում թույլ և անկամ տղամարդկանց հետ: Նրանք իրենց վրա են վերցնում առօրյա բոլոր հոգսերը և շրջապատի համար հանդիսանում են տիրուհիներ: Ամուսինները հնազանդ են, երեխաները՝ պարտադիր սովորող, իսկ տանը կատարյալ դասավորություն է:
Նման հերոսուհիների հոգում միշտ տիրում է չարությունը, քանի որ հորինված կերպարը, առհասարակ, ոչ մի առնչություն չունի իրական կերպարի հետ: Նրանք շատ արագ են ծերանում, քանի որ օրգանիզմը ստիպված է դիմադրել ներքին աններդաշնակությանը: Կինը կարիք ունի լինել թույլ, կանացի, ցանկալի, սակայն, նրանք ամեն օր պարտավորված են կրել տիրուհու դիմակը:
2. Բարեհոգի և հնազանդ
Այս դիմակը հատուկ է թույլ կամքի ուժ ունեցող տղամարդկանց: Նրանք ստանում են հոգեբանական պաշտպանվածություն առավել ուժեղ անհատների հետ շփումից: Նման մարդիկ միշտ ունեն մեղքի զգացում սեփական անձի և շրջապատի նկատմամբ: Հոգու խորքում գիտակցում են, որ կարող էին հասնել ավելի մեծ բարձունքների, սակայն անվերադարձ կորցրել են այդ տարիները՝ ունենալով սովորական կյանք: Նման մարդիկ շատ հաճախ տարվում են խմիչքով, ինչը էլ ավելի է բարդացնում իրավիճակը:
3. Զոհաբերվող
Այս դերը հատուկ է այն անձանց, ովքեր պատրաստ են ինքնազոհաբերման՝ հանուն դիմացինի: Նրանք ստեղծում են իրենց համար կուռքեր, սակայն, միաժամանակ՝ հրաժարվում կարիերայից և նյութական բարիքներից: Սակայն նրանց վարքն առաջին հայացքից է թվում տարօրինակ: Իրականում մանկության տարիներին նրանց վիրավորել և արժեզրկել են, ինչի արդյունքում նրանց հոգում բույն է դրել ամեն ինչի և ամենքի հանդեպ մեղքի զգացումը: Նման մարդկանց, մեղքի զգացման փոթորիկի ժամանակ, պետք է լռեցնել, գովել և գնահատել:
Նրանք միշտ ներկայանում են՝ որպես զոհ, և ստանում են շրջապատից մեծ կարեկցանք: Այս դիմակի կրողները հիմնականում կանայք են լինում, քանի որ նրանց հոգեկանին է հատուկ խոցելիությունը և կենտրոնացումը շրջապատի կարծիքի վրա: Այս գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ըստ իրենց, երջանիկ են և համարում են իրենց ապրելակերպն արժանավայել:
4. Ծաղրածու
Նման մարդիկ միշտ բոլորին զվարճացնում են: Նրանք գիտեն բազմաթիվ անեկդոտներ, զվարճալի պատմություններ, հանելուկներ: Թվում է, թե նրանց կյանքը շատ թեթև է և անհոգ, իսկ բնավորությունը՝ պարզ և նույնիսկ՝ անխոհեմ: Բայց իրականությունն այլ է: «Հավերժ ծաղրածուի» ներսում արմատացած է վախը: Նա վախենում է լինել ավելորդ և անպիտան: Հաճախ նման մարդիկ մանկության հասակում եղել են անցանկալի երեխաներ: Փոքր լինելով հանդերձ՝ զգացել և ունեցել են ծանր ապրումներ: Նույնիսկ տարիներ անց այդ բացասական հույզերը մնացել են: Հույզեր, որոնք վերածվել են վախի: Այդ պատճառով էլ պարզ բնավորությունը և ուրիշներին միշտ զվարճացնելու ձգտումը պաշտպանական դիմակ է, որն առաջացել է ամենահարազատ մարդկանցից ստացած անտարբերության և սառնասրտության հետևանքով:
5. Շրջապատի հոգին և ուրախությունը
Նման մարդիկ փորձում են ամեն ինչում լինել առաջինը: Կա գիտակցում, որ բոլորից լավն են՝ արժանանալով շրջապատի հարգանքին և հիացմունքին: Նրանք վստահ են իրենց ուժերին և դիմացինների հիացմունքն ընկալում են՝ որպես սովորական իրողություն: Սակայն դա դիմակ է, որը թաքցնում է հոգու դատարկությունը և պարտությունների կամ սխալների նկատմամբ վախը:
Ստեղծելով մշտական հաղթողի կերպար՝ նման մարդիկ վախենում են իրական պարտություններից: Նրանք հավատացած են, որ շրջապատի մարդիկ ուշադիր հետևում են իրենց հաջողություններին, հետևաբար՝ սխալվելը կամ պարտվելը կբերի հեղինակության անկման: Իսկ դա ողբերգություն է: Միտքը, որ նրանք կկորցնեն իրենց ստեղծած կեղծ հեղինակությունը և հասարակական դիրքը, անընդունելի է իրենց համար:
Այսպիսի վարքի արմատները գնում են մանկություն և կապված են ծնողների վարքի հետ: Ծնողների կողմից ստացված գերխնամքը և բոլորից լավը լինելու ներշնչանքը հանգեցնում են լավագույնը լինելու հավատին: Տարիների հետ այդ համոզմունքը սկսում է թուլանալ կամ ամբողջովին վերանում է, սակայն խոստովանել ինքն իրեն այդ մասին՝ շատ դժվար է: Որպես արդյունք՝ մնում է սխալներ թույլ չտալու վախը: Սխալներ, որոնք կարող են մեծ հարված հասցնել արդեն կայացած հոգեբանությանը:
6. Գորշ մկնիկ
Նրանք ոչ մի բանով չեն տարբերվում ընդհանուրից: Ունեն հանգիստ և հավասարակշռված բնավորություն, խուսափում են հայտնվել ուշադրության կենտրոնում: Աշխատանքային վայրում բարեխիղճ աշխատողներ են, ովքեր երբեք խնդիրներ չեն առաջացնում: Ոչ մեկը չի էլ կռահում, որ նման հավասարակշռված անձնավորության քողի տակ թաքնված է հուզական ներամփոփությամբ և մենությամբ տառապող մարդը: Էգոիզմի վրա հիմնված ժամանակակից աշխարհը ծնում է բազմաթիվ գորշ մկնիկների, ովքեր երբեք չեն ընդդիմանում իրենց շրջապատում տիրող բացասական երևույթներին: Նրանք երբեք չեն նետի մարտահրավեր հասարակությանը և, շատ դեպքերում, զոհ կգնան հենց այդ հասարակության բարքերին:
Եղեք հավատարիմ ինքներդ ձեզ և ձեր ներքին բովանդակությանը: Միևնույն է, լինելով սոցիալական էակներ՝ ակամայից յուրաքանչյուրս կրում ենք մեզ հատուկ սոցիալական դիմակները, կարևորն անկեղծությունն է ինքդ քեզ հետ: