Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի անվանումն արդեն իսկ սրբազան նշանակություն ունի։ Եվ իսկապես, Լեոնարդոյի շատ կտավներ ամենաառեղծվածային լուսապսակով են պատված։ «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը սիմվոլիզմի բազում տարրեր ու քողարկված ուղերձներ է պարունակում։
Լեգենդար ստեղծագործության ռեստավրացիայից հետո նկարի պատմության հետ կապված մի շարք հետաքրքիր փաստեր ի հայտ եկան։ Կտավի իմաստն առ այսօր լիովին բացահայտված չէ։ «Խորհրդավոր ընթրիքի» թաքնված ուղերձի առնչությամբ առայսօր նորանոր ենթադրություններ են ծնվում։
Ինքը՝ Լեոնարդո դա Վինչին, կերպարվեստի պատմության մեջ ամենախորհրդավոր անհատականություններից մեկն է եղել։ Ոմանք նրան սրբերի շարքն են դասում ու գովերգական ձոներ նվիրում, ոմանք էլ նրան հոգին սատանային ծախած աստվածանարգ են համարում։ Սակայն բոլորն անվերապահորեն դա Վինչիին հանճարեղ են անվանում։
Կտավի ստեղծման պատմությունը
Դժվար է հավատալ, բայց «Խորհրդավոր ընթրիք» կոթողային որմնանկարը 1495-ին ստեղծվել է Միլանի դուքս Լյուդովիկո Մարիա Սֆորզայի պատվերով։ Հակառակ այն հանգամանքին, որ տիրակալը ցուփ ու շվայտ կյանք էր վարում, նա շատ համեստ ու բարեպաշտ կին ուներ՝ Բեատրիչեն, որին խորապես հարգում էր ու մեծարում։
Ավաղ՝ կնոջ հանդեպ դքսի սիրո ուժը դրսևորվեց միայն Բեատրիչեի հանկարծակի մահվանից հետո։ Դքսի վիշտն այնքան մեծ էր ու անմխիթար, որ նա 15 օր դուրս չէր գալիս ննջարանից։ Իսկ երբ դուրս եկավ, առաջինը, որ արեց, Լեոնարդո դա Վինչիին որմնանկար անելու պատվերն էր, որի մասին մի անգամ կենդանության օրոք խնդրել էր նրա հանգուցյալ կինը՝ Բեատրիչեն։ Դրանից հետո դուքսը վերջ դրեց զեխ կյանքին։
Իր բացառիկ ստեղծագործությունը նկարիչն ավարտեց 1498-ին։ Կտավի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։ Մասագետների պնդմամբ, «Խորհրդավոր ընթրիքը» կտավն ավելի լավ է նայվում աջ կամ ձախ կողմից՝ 9 մետր հեռավորությունից և 3, 5 մետր բարձրությունից։
Զարդանկարը ստեղծելիս դա Վինչին օգտագործել է ձվի տեմպերա, որը հետագայում չար կատակ է խաղացել կտավի հեղնակի գլխին․ 20 տարի անց կտավը սկսել է փշրվել։ Աշխարհահռչակ որմնանկարը զետեղված է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատան պատին։
Արվեստաբանների խոսքերով՝ նկարիչը կտավում դիտավորյալ է նկարել նույնպիսի սեղան ու սպասք, որոնցից այդ ժամանակներում օգտվում էին եկեղեցում։ Այս պարզունակ հնարքով Լեոնարդոն փորձել է ցույց տալ, որ Հիսուսն ու Հուդան (Բարին ու Չարը) միմյանց առավել մոտ են կանգնած, քան ենթադրում ենք։
Հետաքրքիր փաստեր Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի մասին
1. Որմնանկարում պատկերված 12 Առաքյալների անձերը բազմիցս բուռն բանավեճերի տեղիք են տվել։ Դատելով Լուգանոյում պահպանվող կտավի վերարտադրանկարից (ռեպրոդուկցիա)՝ ձախից աջ նստած են․ Բարդուղիմեոսը, Հակոբոս Ալփյանը և Անդրեասը, որոնք ձևավորում են առաջին խումբը։ Հուդան, Պետրոսը և Հովհաննեսը հաջորդ եռյակն են կազմում։ Թովմասը, Հակոբոսը և Փիլիպոսը մտնում են երրորդ եռյակի մեջ։ Մատթեոսը, Թադեոսը և Սիմոն Կանանացին վերջին եռյակում են։
2. Շատ պատմաբանների կարծիքով, զարդանկարում պատկերված է սուրբ հաղորդությունը, քանի որ Հիսուս Քրիստոսը ձեռքերով ցույց է տալիս հացն ու գինին։ Իհարկե, գոյություն ունի նաև այլընտրանքային վարկածը, որի մասին կխոսենք ստորև։
3. Շատերը պիտի որ դեռևս դպրոցական ծրագրից իմանան, որ դա Վինչիի համար ամենից դժվարը Հիսուսի և Հուդայի կերպարներն են եղել։ Ի սկզբանե, նկարիչը մտադրվել էր նրանց դարձնել Բարու և Չարի մարնավորումը, և երկար ժամանակ փնտրում էր մարդկանց, որոնք գլուխգործոցի համար իբրև բնորդ կծառայեին։
4. «Խորհրդավոր ընթրիքը» կտավում ամենավիճելին այն տեսակետն է, ըստ որի Հիսուս Քրիստոսի աջ կողմում բնավ էլ առաքյալ չէ, այլ ինքը՝ Մարիամ Մագդաղենացին։ Վերջինիս դիրքը, ըստ մասնագետների, վկայում է, որ նա Հիսուսի օրինական կինն է․ երկուսի ուրվագծերից կազմվում է լատիներեն М տառը, որը վերծանվում է իբրև «matrimonio», այսինքն՝ «ամուսնություն»։