Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար և դատապարտվել 6 տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանի վճռով՝ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ինչ է հաստատված համարել դատարանը

Իր վճռում ընդհանուր իրավասության դատարանը նշել է, որ դատաքննությամբ հաստատվել է, որ ամբաստանյալը, ճանաչելով իր նախկին կնոջ ընկերուհուն, կնոջից բաժանվելուց հետո մի քանի անգամ զանգահարել է տուժողին։

Հերթական անգամ ամբաստանյալը զանգահարել է տուժողին ու հայտնել, որ իր նախկին կինն անառակ է, և ինքն ունի դրա վերաբերյալ տեսաձայնագրություն, և այն դիտելու ու համոզվելու համար տուժողին առաջարկել է գնալ իր մոտ։ Նրանք պայմանավորվել են, և նույն օրը տուժողը գնացել է ամբաստանյալի փաստացի բնակության վայր, որտեղ նրանք զրուցել են, միասին ընթրել և օղի են խմել։

Երբ տուժողը պահանջել է ցույց տալ տեսաձայնագրությունը, ամբաստանյալն ասել է, որ այն ընկերոջ մոտ է, կզանգահարի նրան, որ նա այն բերի և հետո ցույց կտա։ Տուժողը, հասկանալով, որ որևէ տեսաձայնագրություն չկա, որոշել է վերադառնալ տուն, սակայն արդեն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ամբաստանյալը նրան թույլ չի տվել հեռանալ, քաշել է նրա պարանոցին փաթաթված շալից ու վնասել պարանոցը, որից հետո սեղանի վրայից վերցրած դանակով ու պատառաքաղով սպառնալով նրան՝ պահանջել է մերկանալ։

 


Տուժողը սպառնալիքների ազդեցության տակ ամբողջությամբ մերկացել է ու մոտ 10 րոպե մնացել մերկ։ Դրանից հետո նա, ցանկանալով փախչել, ամբաստանյալին ասել է, որ ուզում է գնալ զուգարան, և վերջինիս տված սպիտակ խալաթը հագնելով՝ դուրս է եկել ու մտել բակում գտնվող զուգարան, որտեղից դուրս գալուց հետո տեսել է իրեն սպասող ամբաստանյալին և ստիպված վերադարձել է տուն։ Կարճ ժամանակ անց տուժողը պատճառաբանելով, որ իրեն լավ չի զգում, կրկին գնացել է զուգարան՝ իր հետ վերցնելով նաև բջջային հեռախոսը, և զուգարանում գտնվելու ժամանակ զանգահարել է Ոստիկանություն, այնուհետև՝ ընկերուհուն ու խնդրել է իրեն օգնել և փրկել՝ ասելով, որ ամբաստանյալն իրեն թույլ չի տալիս տուն վերադառնալ ու սպառնում է։

Ըստ դատական ակտի, վերջինս, լսելով այդ խոսակցությունը, ջարդել է զուգարանի մուտքի դռան մոտ գտնվող փոքր լուսամուտի ապակին ու ռետինե խողովակով ջուր է լցրել տուժողի վրա՝ պահանջելով դուրս գալ զուգարանից։ Տեսնելով, որ տուժողը զուգարանի դուռը չի բացում, նա պահեստային բանալիով բացել է զուգարանի դուռը, որից հետո տուժողը փորձել է փախչել, սակայն ամբաստանյալը բռնել է նրան ու տուն տարել։ Տանը տուժողը հանել է թաց խալաթն ու պառկել անկողնում։ Ամբաստանյալը նույնպես մերկացել է, մոտեցել է տուժողին և պահանջել համբուրել իրեն։ Ստանալով մերժում, ամբաստանյալը տուժողին սպառնացել է մոխրամանով հարվածել, որից հետո պահանջել է որոշակի գործողություններ կատարել։

Կրկին մերժում ստանալով՝ ամբաստանյալն ապտակել է տուժողին ու կրկին սպառնացել է նրան։ Վերջինս, այլ ելք չգտնելով, կատարել է ամբաստանյալի պահանջները։

Ինչ է ասել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։

Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ տուժողն իր նախկին կնոջ ընկերուհին է։ Վերջինս անընդհատ զանգահարել է իրեն և ասել, որ խոսելու բան ունի իր հետ։ Դեպքից մեկ օր առաջ ինքը զանգահարել է և ասել, որ, եթե խոսելու բան ունի իր հետ, ապա կարող է գալ իր տուն։ Հաջորդ օրը նախկին կնոջ ընկերուհին զանգահարել է իրեն և ասել, որ արդեն գալիս է իր տուն։

Ինքը դիմավորել է նրան ու տարել իր տուն, որտեղ միասին հաց են կերել, սուրճ խմել, մոտ 1 ու կես ժամ զրուցել են, որից հետ տուժողն օղի խմելու ցանկություն է հայտնել։ Ինքը գնացել է խանութ, մեկ շիշ օղի և գարեջուր է գնել, որոնք խմելուց հետո կինն արդեն հարբած է եղել և չի ցանկացել գնալ իր տնից։ Նա գնացել է զուգարան, որտեղից եկել, մերկացել և պառկել է իր անկողնում։ Դրանից հետո նորից է գնացել զուգարան և չի կարողացել բացել զուգարանի դուռը։ Ինքը կոտրել է զուգարանի փոքրիկ պատուհանի ապակին և ջուր է լցրել տուժողի վրա, որպեսզի նա սթափվի և կարողանա գտնել բանալին, քանի որ զուգարանում լույս չի եղել։ Հետո ինքը բերել է զուգարանի դռան պահեստային բանալին և բացել է դուռը։ Այնուհետև իրենք միասին պառկել են ու քնել։ Ինքը երբևէ չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ նախկին կնոջ ընկերուհու հետ, այլ նրանից պահանջել է հեռանալ իր տնից, սակայն նա հրաժարվել է, քանի որ ցանկացել է լինել իր կինն ու ապրել իր հետ։

Ինչ ցուցմունք է տվել տուժող կինը

 


Տուժողի ցուցմունքի համաձայն՝ ընկերուհու նախկին ամուսինը զանգահարել է իրեն ու ասել, որ ընկերուհին անառակ է, ու ինքն ունի դա հաստատող մի տեսաձայնագրություն՝ «ֆլեշկա», որը տեսնելու և համոզվելու համար առաջարկել է գնալ իր տուն։ Ինքը գնացել է որպես բնակարան օգտագործվող կիսակառույց շինություն, որտեղ իրենք զրուցել են, և վերջինս հայտնել է, որ «ֆլեշկան» շուտով կբերեն։

Այնուհետև միասին ընթրել են, խմիչք օգտագործել, և, երբ ինքը հասկացել է, որ ոչ մի տեսագրություն էլ չկա, ցանկացել է գնալ տուն, սակայն ամբաստանյալն իրեն չի թողել ու քաշելով պարանոցի շալից՝ վնասել է պարանոցը, որից հետո ձախ ձեռքով հարվածել է իր դեմքին։ Ամբաստանյալը վերցրել է դանակ, այնուհետև՝ պատառաքաղ, ու, դրանցով հարվածելու, սպանելու սպառնալիքներ տալով՝ պահանջել է մերկանալ։ Վախենալով սպառնալիքներից, ամբողջությամբ մերկացել է ու մոտ 10 րոպե մնացել մերկ։

Ցանկանալով հեռանալ, ամբաստանյալի թույլտվությամբ գնացել է զուգարան, որտեղից դուրս գալուց հետո տեսել է իրեն սպասող ամբաստանյալին և ստիպված վերադարձել է տուն։ Դրանից հետո կրկին նրան ասել է, որ վատ է զգում ու ցանկանում է գնալ զուգարան և, վերջինիս տված խալաթը հագնելով, դուրս է եկել բակ ու մտել զուգարան։ Զուգարանում գտնվելու ժամանակ զանգահարել է Ոստիկանություն, այնուհետև՝ իր ընկերուհիներին, և օգնություն խնդրել։ Ամբաստանյալը, լսելով այդ խոսակցությունը, ջարդել է զուգարանի պատուհանի ապակին ու ռետինե խողովակով ջրել է իրեն՝ պահանջելով դուրս գալ զուգարանից։

Այդ ընթացքում իրեն են զանգահարել քույրը, եղբայրը, ընկերուհին, Ոստիկանության աշխատակիցներ և փորձել են պարզել իր գտնվելու վայրը։ Մոտ 30 րոպե ամբաստանյալը ջրել է իրեն, որի ընթացքում բռնել է ռետինե խողովակից և քաշել՝ վնասելով ձեռքը։

Ըստ տուժողի ցուցմունքի, ամբաստանյալը, տեսնելով, որ ինքը չի բացում դուռը, պահեստային բանալով բացել է զուգարանի դուռը, որից հետո ինքը փորձել է փախչել և վազել է դեպի դարպասները, սակայն նա բռնել է իրեն ու վերադարձրել տուն։ Երբ արդեն տանն են եղել, հանել է թաց խալաթն ու պառկել անկողնում, քանի որ ամբողջությամբ թրջված է եղել և մրսել է։ Դրանից հետո ամբաստանյալը նույնպես մերկացել է, մոտեցել ու պահանջել է համբուրել իրեն, որից հետո ապտակել է իրեն։ Ինքը չի կատարել նրա պահանջը, ինչի պատճառով նա սպառնացել է մոխրամանով հարվածել ու կրկին պահանջել որոշակի գործողություններ կատարել։ Այլ ելք չգտնելով՝ ինքը կատարել է նրա պահանջները։ Որոշ ժամանակ անց տուն է մտել ամբաստանյալի դստեր ամուսինը, ով միացրել է սենյակի լույսն ու իրենից պահանջել է հագնվել։ Ինքը հագնվել է, դուրս եկել փողոց, որտեղ նկատել է Ոստիկանության աշխատակիցներին։

loading...