Երեխայի ծնունդը երջանիկ իրադարձություն է յուրաքանչյուր ընտանիքի համար։ Բոլոր հարազատներն ու ազգականները ձգտում են հաղորդակից լինել երջանիկ ծնողների զգացմունքներին, ուրախության թեժ պահին նորածնին համբույրներով ողողելով։ Թերևս, զգացմունքների նման դրսևորումը միշտ չէ, որ լավ է։ Ավելին, համբույրները կարող են լրջորեն վնասել երեխային։

Անգլիայի Գլոսթեր քաղաքի երիտասարդ մայր Սավինա Ֆրենչ-Բելը մի հուզախռով պատմություն պատմեց, որպեսզի նախազգուշացնի բոլոր մայրերին։ Արդեն ծնվելուց մեկ շաբաթ անց երեխան, որին Սիենա էին անվանել, դեմքին կարմիր ցան ուներ։

Բշտիկներն օրեցօր ավելանում էին։ Այն աստիճան, որ երեխան նույնիսկ սնվել չէր կարողանում, որովհետև խոցերը  սարսափելի ցավեցնում էին նրան։ Բացի դրանից փորիկի մաշկն ահավո քոր էր գալիս։ Նա անընդհատ քորվում էր՝ դեմքը արյունոտելու աստիճան։  Նույնիսկ երբ նրան ամուր կապկպում էին խանձարուրի մեջ, միևնույն է՝ հաջողեցնում էր քերծել դեմքը ծածկոցին կամ սավանին քսվելով։


Երկար ժամանակ բժիշկները չէին կարողանում հասկանալ՝ ինչն է ցանի պատճառը։ Սկզբում ենթադրեցին, որ երեխան ալերգիկ ռեակցիա ունի, բայց դեղերը ոչ մի արդյունք չտվեցին։ Միայն երբ մայրը ամիսներ անց դիմեց մասնավոր կլինիկա, բժիշկները ի վիճակի եղան պարզելու ցանի պատճառը։ Պարզվեց՝ Սիենան ամենևին էլ ալեգիա չունի։ Իրականում աղջնակը վարակվել էր հերպեսի վիրուսով։

Ըստ երևույթին փոքրիկին այդ հիվանդությունը պարգևել էր ազգականներից մեկը՝ երեխային համբույրներով պատելիս։ Չէ՞ որ ծնվելու առաջին օրերին երեխաները իմունիտետ (վարակի անընկալունակություն)  չունեն, այնքան որ նրանց օրգանիզմն ի վիճակի չէ դիմակայել վիրուսներին։ Իզուր չէ, որ հայերիս մեջ ընդունված է մինչև 40 օրականը լրանալը երեխայի շփումները հասցնել նվազագույնի։ Հերպեսն անգամ չափահասներին է անհարմարություններ պատճառում, իսկ փխրուն նորածինների համար առհասարակ մահացու կարող է լինել։ Բարեբախտաբար, Սիենան որակյալ բուժօգություն  ստացավ և դանդաղ, բայց հաստատուն կերպով սկսեց ապաքինվել։


Իսկ Սիենայի մայրն ուզում է զգուշացնել բոլոր մայրերին, որ ազգականներին թույլ չտան համբույրներով ողողել նորածիններին, քանի որ զգացմունքների նման դրսևորումը կարող է հանգեցնել ողբերգական վախճանի։

loading...