Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, ծրագրավորող Մարկ Ցուկերբերգը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Ենթադրվում է, որ նրա ապարանքը մյուս մեծահարուստների ապարանքներից պիտի պակաս չլինի։ Բայց արի ու տես, որ այդպես չէ։

Հենց միայն վերջերս Ցուկերբերգը համացանցում մի տեսանյութ էր դրել, որտեղ ներկայացնում է իր նոր գյուտը՝ «Ջարվիս» խելացի տունը։ Արհեստական բանականության մասին խոսելով՝ Մարկը նկարահանող խմբին էքսկուրսիա  հրավիրեց իր տնով շրջագայելու համար։


Հետաքրքիր է, որ միլիարդատիրոջ՝ Պալո Ալտոյում ձեռք բերված կացարանում Դոնալդ Թրամփի ապարանքի ոճի ոչ մի  ավելորդ բան չկա։ Բոլոր սենյակներում մթնոլորտը շատ համեստ է, ու գերիշխում է մինիմալիստական ոճը։ Ինքը՝ Մարկը, քշում է ամենասովորական  Volkswagen Golf ավտոմեքենա։ Ի դեպ, եթե հիշում եք՝ Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանի այս քաղաքում, զարմանալի զուգադիպությամբ, ապրել ու արարել է նաև ամերիկացի ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը։

Ցուկերբերգը ցույց տվեց իր առանձնատան էքստերիերն ու ինտերիերը։ Լուսանկարչական սարքի օբյեկտիվ են ընկել մի քանի սենյակներ, որտեղ ապրում են Մարկն ու իր ընտանիքը։ Այս առանձնատունը Մարկը գնել է մի քանի տարի առաջ, և ձեռք բերելուց հետո տան կահավորանքում գրեթե ոչ մի բան չի փոխվել։


Իրենց դիրքի համար բավական համեստ պայմաններում ապրելով՝ Ցուկերբերգն իր կնոջ՝ Փրիսցիլա Չանի հետ փառաբանվել է բարեգործությամբ։ Ամուսինները փողը ծախսում են ոչ թե ոսկե զուգարանակոնքերի վրա, այլ՝ բարեգործական նպատակներով։ Եվ դրանով անհնար է չհիանալ։  Մարկն անգամ միացել է Ուորեն Բաֆեթի (կարողությունը՝ 75, 4 միլիարդ ԱՄՆ դոլար) և Բիլ Գեյթսի (կարողությունը՝ 76, 4 միլիարդ ԱՄՆ դոլար)  2010-ին հիմնադրած «Նվիրաբերման երդում» (The Giving Pledge) բարեգործական ընկերությանը։

Վատ չէր լինի, եթե բոլոր հարուստները հետևեին Մարկ Ցուկերբերգի  օրինակին։ Թեև Մարկը համարվում է  աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, փողը նրան չի փչացրել, ավելին, նա պահպանել է բնատուր բարությունն ու արդարամտությունը և չի ընկել փողի իշխանության տակ, ինչպես պատահում է շատ ու շատ հարուստ մարդկանց։

loading...