Աբդուլ Ռաշիդ և Շայոբ Ահմեդ եղբայրներն ապրում են Պակիստանում։ Աբդուլն 9 տարեկան է, նրա եղբայր Շայոբը՝ 13 տարեկան։ Տղաները տառապում են հազվագյուտ ու առեղծվածային հիվանդությունից։ Ցերեկը նրանք միանգամայն նորմալ են թվում, բայց հենց որ արևը մայր է մտնում, երեխաներն ուղղակի «անջատվում են»։ Դա նունիսկ քուն էլ չէ, այլ՝ մահաթմբիր․ երեխաները լիովին կաթվածահար են լինում, բոլորովին անընդունակ՝ խոսելու, թեև լսում են՝ ինչ է կատարվում իրենց շուրջը։
Տղաների հայրը նրանց անվանում է «Արևի զավակներ»։ Նա համոզված է, որ իր որդիները միայն ցերեկային լուսատուից են էներգիա ստանում։ Զարմանալին այն է, որ տղաներն իրոք ցերեկներն իրենց միանգամայն լավ են զգում, անգամ մութ սենյակում։
Նույնիսկ անձրևոտ օրերին, երբ արևը ամպերի հետևում է, նրաք ոչ մի փոփոխություն չեն զգում։ Բժշկագիտության պրոֆեսոր Ջավեդ Աքրամը՝ Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտից, զբաղվում է այս բացառիկ ֆենոմենի հետազոտությամբ․ «Մենք մեր պարտքն ենք համարում պարզելու՝ ինչ է տեղի ունենում։ Մեր մասնագետները բազմաթիվ թեստեր են անցնում՝ փորձելով հասկանալ՝ ինչու են ցերեկն այդքան եռանդուն տղաները գիշերը գալուն պես լիովին ուժասպառ լինում ու ի վիճակի չեն անգամ աչքերը բացել»:
Տղաների հայրը՝ Մուամեդ Խաշիմն, արդեն հոգնել է պարզելուց՝ ինչ միստիկական հիվանդություն է տանջում իր զավակներին։ Նա սնահավատ մարդ է ու համարում է, որ իր տղաներին ինչ-որ մեկը նզովել է, դրա համար էլ դարմանող ու հեքիմ է փնտրում՝ հուսալով, որ նրանք կկարողանան որդիների վրայից անեծքը վերջապես հանել։ Ուստի հիմա եռանդուն կերպով որդիներին հաղորդակից է դարձնում կրոնին։ Եղբայրները շուրջ 300 հետազոտություն և թեստեր են անցել, այդուամենայնիվ ոչ ոք հստակ չի կարողանում պատասխանել՝ ինչն է նրանց զարմանալի վիճակի պատճառը։
Բժիշկները կասկածում են, որ հիվանդության պատճառը, ըստ ամենայնի, ինչ-որ գենետիկական անոմալիա է, որ ծագել է արյունապղծության հողի վրա։ Բանն այն է, որ տղաների ծնողները խորթ քույր ու եղբայր են։ Նրանք արդեն վեց երեխա են ունեցել, որոնցից երկուսը վաղ հասակում մահացել են։ Տղաները երկու քույր ունեն, որոնց, ըստ երևույթին, հիվանդությունը շրջանցել է։
«Արևի զավակների» առեղծվածի շուրջ գլուխ են կոտրում աշխարհի բազմաթիվ բժիշկներ։ Առայժմ բժիշկներին հաջողվել է միայն թերապիայի կուրսեր անցկացնել, որի շնորհիվ տղաները գիշերներն արդեն ամբողջովին չեն ընկնում սնուցողական (վեգետատիվ) վիճակի մեջ ու գոնե մի քիչ ուժ են պահպանում։
Ներկայումս եղբայրները կարող են ակտիվ լինել մինչև երեկոյան 10-ը, թեև նախկինում արևի մայրմտնելուն պես կոմայի մեջ էին ընկնում։
«Տղաներս արդեն բավականին լավ են, հուսով ենք, որ ժամանակի ընթացքում բուժումը կօգնի՝ ամբողջովին ազատվել այս ախտից»։
Հակառակ իրենց խորհրդավոր տկարությանը, Աբդուլն ու Շայոբը սովորական՝ շարժուն ու անդադրում տղաներ են։ Նրանք խոստովանում են, որ իրենց շոյում է բժիշկների ու լրագրողների հետաքրքրությունն իրենց հանդեպ։ Շատ են հավանում նաև սնունդը, որ տալիս են իրենց հետազոտության ընթացքում։ Եղբայրները ապագայի բազում ծրագրեր ունեն․ Շայոբն ուզում է դպրոցի ուսուցիչ լինել, իսկ Աբդուլը մտադիր է շարունակել կրոնական դասերը։