Եթե Իզաբել և Աբի Կարլսոն երկվորյակներին առաջին անգամ եք տեսնում, հազիվ թե ձեր մտքով անցնի, որ նրանց մեջ ինչ-որ արտասովոր բան կա։ Նրանք իսկապես ջրի երկու կաթիլի պես նման են իրար։ Մնացյալում քույրերը միանգամայն սովորական 10-ամյա երեխաներ են։
Այս երկու աղջիկները լույս աշխարհ գալուն պես՝ քիչ է մնացել այն լքեն։ Բանն այն է, որ Իզաբելի սիրտն Աբիի կրծքավանդակում էր։ Աղջիկների մնացած օրգանները գրեթե միախառնված էին երկու մարմնում։ 10 տարի առաջ «Մայո» կլինիկայի բժիշկները հատուկ դասընթաց էին անցել՝ անհավանական բարդ վիրահատությունն իրականացնելու համար։
Նրանք ամենայն մանրամասնությամբ պատրաստվում էին իրարից բաժանել սիամական երկվորյակներին։ Բժիշկները ծնողներին հավատացրել են, որ իրավիճակը լիովին վերահսկում են։ Ներգրավված բոլոր անձինք հասկանում էին հավանական վտանգը։
Այդ ժամանակ մանկական վիրաբույժ Քրիստոֆեր Մոյրը հիանալի նախապատրաստեց իր աշխատակիցներին։ «Մեզ մոտ անջատ-անջատ թիմեր կան։ Մի թիմը զբաղվում է հիվանդի սրտով, մյուսը՝ ենթաստամոքսային գեղձով, երրորդը՝ լյարդով, չորրորդը պլաստիկի համար է։ Իսկ հիմա էդ ամենը բազմապատկեք երկուսով, որովհետև խնամյալը մեկը չէ, այլ՝ երկուսն են»,-ահա թե ինչ ասաց լրագրողներին Մոյրը դեռ 2006-ին։
2006-ի մայիսի 12-ին կլինիկայի 17 վիրաբույժ իրականացրին վիրահատությունը, որը տևեց 12 ժամ։ Նրանց ջանքերը ապարդյուն չանցան և փայլուն հաջողությամբ պսակվեցին։ Վերականգնողական փուլի համար աղջիկներին ընդամենը երկու շաբաթ պահանջվեց, և նրանց տարան տուն՝ Հյուսիսային Դակոտա։
10 տարի անց Կարլսոն ընտանիքը դեռ չի դադարում զմայլվել՝ տեսնելով ինչ հրաշալի երեխաներ են դարձել երկվորյակ քույրերը։ Իսկ նրանք քայլում են, վազում, մալգցում ու իջնում, զբաղվում մարմնամարզությամբ, հագնում սովորական շորեր ու աշխարհը տեսնում լավատեսական գույներով։ Իզաբելն ու Աբին կենսախինդ և ուսումնատենչ երեխաներ են։ Բայց ամենակարևորը, որ նրանք հիմա լիովին առողջ են։ Աղջիկների միջև մրցակցություն կա, որն ընդունակ են ըմբռնել միայն քույրերն ու եղբայրները։ Ինչպես ասում է աղջիկների ուսուցիչներից մեկը՝ նրանց բաժանելը հիրավի կենսական անհրաժեշտություն էր։
Չէ՞ որ այսօր քույրերը համակված են իրար գերազանցելու մոլուցքով։ Հակառակ նրան, որ աղջիկները մշտապես փորձում են տարբերվել ու անկախ լինել, միևնույն է՝ նրանք անբաժանելի են միմյանցից։ Իզաբելն ու Աբին խոստովանում են, որ սովորություն ունեն հասարակական վայրերում ձեռք-ձեռքի տված զբոսնել, օրինակ, առևտրի կենտրոններում։ «Տարօրինակ է էս ամենը»,- ծիծաղում են քույրերը։
Նրանց ծնողները նկատեցին, որ Իզաբելն ու Աբին դեռ կյանքի առաջին շաբաթներից էին ձեռք-ձեռքի տված ապրում։ Ըստ երևույթին, դա աղջիկների միջև հոգևոր խոր կապն է խորհրդանշում։ Նրանք կմեծանան, ուժեղ ու խելացի տիկնայք կդառնան։ Անտարակույս, ամեն մեկը կընտրի իր սեփական ուղին։ Բայց մի բան հաստատ է․ քույրերը միշտ մոտիկ կլինեն։
Տեսանյութը դիտել այստեղ՝ https://youtu.be/pCD-X1fdx1Y