Պիտեր Դ’Ադամոն իր հայտնագործությունն արել է՝ հիմնվելով հոր Ջեյմս Դ’Ադամոյի ուսումնասիրության վրա: Հայր ու որդի փորձում էին ապացուցել, որ մարդու իմունային ու մարսողական համակարգերը պահպանում են նախատրամադրվածությունն այս սննդամթերքի հանդեպ, որը երբևէ օգտագործել են նրա նախնիները: Հետևաբար՝ արյան ու օգտագործվող սննդի միջև քիմիական ռեակցիան գենետիկ ժառանգության անբաժանելի մասն է կազմում:
Պիտեր Դ’Ադամոն հեղինակել է մի սենսացիոն աշխատություն, որը կոչվում է «Արյան 4 խումբ՝ 4 ուղի առողջանալու համար»: Իր աշխատության մեջ Դ’Ադամոն պնդում է, որ արյան ամենահին խումը՝ О-ն (I) ունեցել են կրոմանյոնյան մարդիկ, որոնք զբաղվում էին որսորդությամբ: Աստիճանաբար մարդիկ սկսել են զվաղվել նաև հողագործությամբ և օգտագործել բուսական սնունդ, ինչի արդյունքում ի հայտ է եկել արյան А (II) խումբը: Արյան В (III) խումբն ի հայտ է եկել քոչվորների կողմից կաթնամթերքի օգտագործման շնորհիվ, իսկ АВ (IV) խումբը՝ Կովկասյան (A խումբ) ու Ասիական (B խումբ) գենոֆոնդների խառնվելու արդյունքում:
Հիմնվելով այս ամենի վրա՝ Դ’Ադամոն առաջարկում է մի յուրահատուկ դիետա, որը ենթադրում է, որ տարբեր արյան խմբերի մարդկանց անհրաժեշտությունները ուղղակիորեն կապված են էվոլյուցիոն գործընթացի հետ
Արյան О (I) խումբ
Արյան այս խումբը համարվում է ամենահինը և ամենատարածվածը: Այս խմբի արյուն ունեցողները բնածին «որսորդներ» են՝ մարդիկ, որոնք սիրում են միս օգտագործել, ունեն ամուր մարսողական համակարգ ու գերակտիվ իմունային համակարգ, սակայն վատ են հարմարվում նոր սննդակարգին: Սլացիկ կազմվածքը պահպանելու համար այս մարդկանց հարկավոր է արդյունավետ նյութափոխանակություն: Սթրեսից ազատվելու լավագույն միջոցը նրանց համար ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունն է:
Արյան այս խմբի ներկայացուցիչները պետք է սնվել անյուղ մսով (ցանկալի է տավարի կամ գառան միս), ինչպես նաև ձկան մսով ու թռչնամսով: Կաթնամթերքն ու հացահատիկեղենը նրանց համար ավելի քիչ նախընտրելի են, քանի որ «որսորդների» մարսողական համակարգը դեռ չի հարմարվել սննդամթերքի այդ տեսակներին: Բացի այդ, նրանց համար վնասակար է նաև գլյուտենը, քանի որ այն դանդաղեցնում է ինսուլինի փոխանակությունն ու խանգարում կալորիաների արյունավետ օգտագործմանը:
Արյան А (II) խումբ
Այս խմբի արյուն ունեցողները «հողագործներ» ու բուսակերներ են, որոնք ունեն շատ զգայուն մարսողական համակարգ և հարմարվող իմունային համակարգ: Նրանք շատ հեշտ են հարմարվում շրջակա միջավայրին ու նոր սննդակարգին: А (II) խմբի արյուն ունեցողների համար սթրեսից ազատվելու լավագույն միջոցը մեդիտացիան է: Նրանց անհրաժեշտ է էկոլոգիապես մաքուր բնական սնունդ: Բացի այդ, հարկավոր է բացառել սննդակարգից այնպիսի տոքսիկ մթերքը, ինչպիսին միսն է: А (II) խմբի արյուն ունեցողների վատ են յուրացնում նաև կաթնամթերքը, քանի որ այն նպաստում է նյութափոխանակության դանդաղեցմանը: Բացի այդ, կաթնամթերքը հարուստ է հագեցած ճարպերով, որոնք վնասակար են սրտամկանի համար և հանգեցնում են ավելորդ կիլոգրամների կուտակման: Երկրորդ խմբի արյուն ունեցողներին թույլարտվում է ուտել ցորեն, սակայն չափավոր, այլապես մկանային հյուսվածքների թթվայնությունը կգերազանցի սահմանված նորման:
Սակայն «հողագործները» կարող են օգտագործել տարատեսակ բնական սննդամթերք, որը պարունակում է շատ քիչ քանակությամբ ճարպեր, ինչպես նաև բանջարեղեն ու հացահատիկներ: Նրանց համար առավել օգտակար են համարվում բուսայուղերը, սոյայի հիման վրա պատրաստված մթերքը, բանջարեղենն ու արքայախնձորը: Նրանց սննդակարգին հիանալի հավելում կարող են լինել դդմի ու արևածաղկի սերմերը, նուշն ու հունական ընկույզը:
Երկրորդ խմբի արյուն ունեցողները կարող են կարգավորել քաշը ջրիմուռների, ծովամթերքի, յոդացված աղի, լյարդի, մուգ մսի, սպանախի և կաղամբի օգնությամբ: Սակայն վերջինի դեպքում հարկավոր է նախապատվությունը տալ միայն տերևավոր կաղամբին ու բրոկոլիին, քանի որ կաղամբի մյուս տեսակները միայն կնպաստեն ավելորդ քաշի կուտակմանը:
Արյան В (III) խումբ
Արյան В (III) խումբ ունեցողները «քոչվորներ» են, որոնք ունեն հզոր իմունային համակարգ, սակայն ոչ շատ հարմարվող մարսողական համակարգ: Սակայն այս խմբի արյուն ունեցողներն ունեն սննդամթերքի ընտրության ավելի լայն հնարավորություն: Նրանք կաթի հիմնական սպառողներն են և գեղեցիկ կազմվածքն ու բարձր տրամադրությունը պահպանելու համար պետք է միայն ճիշտ համադրեն ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածությունը: Այս խմբի արյուն ունեցող մարդիկ սթրեսից ազատվելու համար պարզապես պետք է որևէ ստեղծարարական զբաղմունք գտնեն:
B խմբի արյուն ունեցողների քաշի ավելացմանը նպաստում են եգիպտացորենը, հնդկաձավարը, ոսպը, գետնանուշը և քունջութի սերմերը: Դրանք պարունակում են լակտիններ, որոնք բացասաբար են ազդում նյութափոխանակության գործընթացների վրա և նպաստում են հիպոգլիկեմիայի (արյան մեջ շաքարի մակարդակի նվազում) առաջացմանը, սակայն վնասակար սննդամթերքը բացառելու դեպքում շաքարի մակարդակը կմնա նորմայի սահմաններում: Դ’Ադամոյի կարծիքով՝ այս խմբի արյուն ունեցող մարդիկ կարող են ազատվել հոգնածության զգացումից ու իմունային համակարգի խանգարումներից, եթե տավարի ու հնդկահավի մսի փոխարեն օգտագործեն գառան, ոչխարի կամ ճագարի միս:
«Քոչվորների» օրգանիզմը վատ է արձագանքում գլյուտենին, ուստի նրանք պետք է խուսափեն ցորենից ու ամբողջական հացահատիկից: Ավելին՝ ցորենի համադրությունը եգիպտացորենի, հնդկաձավարի ու գետնանուշի հետ կարող է իսկապես կործանարար ազդեցություն ունենալ նրանց օրգանիզմի վրա: «Քոչվորներին» խորհուրդ է տրվում օգտագործել կանաչ բանջարեղեն, միս, ձու, կաթնամթերք (ցածր յուղայնությամբ), լյարդ ու մատուտակի արմատի թուրմ:
Արյան АВ (IV) խումբ
Արյան АВ (IV) խումբը ի հայտ է եկել մոտ մեկ հազարամյակ առաջ տարբեր խմբերի խառնվելու արդյունքում: 4-րդ խմբի արյուն ունեցողները յուրահատուկ «քամելեոններ» են, որոնք անընդհատ արձագանքում են շրջակա միջավայրի ու սննդի փոփոխություններին: Նրանք ունեն շատ զգայուն մարսողական համակարգ և բավական հարմարվող իմունային համակարգ: 4-րդ կարգի արյուն ունեցողների համար կազմվածքը պահպանելու լավագույն միջոցը մտավոր աշխատանքի և թեթև ֆիզիակական ակտիվության համադրությունն է:
AB կարգի արյուն ունեցողների քաշի տատանման վրա ազդում է խառը ժառանգականությունը: Ավելորդ քաշից ազատվելու համար այս կարգի արյուն ունեցողները պետք է սահմանափակեն օգտագործվող մսի քանակությունը և համադրեն այն բանջարեղենի ու տոֆուի (սոյայից ստացվող «կաթնաշոռ») հետ: Ավելորդ քաշից ազատվելուն նպաստող սննդամթերքի շարքին են դասվում տոֆուն, ծովամթերքը (սակայն ոչ պահածոյացված, աղ դրած կամ ապխտած վիճակում), կանաչ բանջարեղենը, գորշ ջրիմուռները և արքայախնձորը:
B խմբի արյուն ունեցող նախնիներից նրանք ժառանգել են այն, որ օրգանիզմում եղած ինսուլինը բացասաբար է արձագանքում լոբու, եգիպտացորենի, հնդկաձավարի և քունջութի օգտագործմանը: Սակայն A խմբի արյուն ունեցող նախնիների շնորհիվ նրանց օրգանիզմը շատ լավ է յուրացնում ոսպն ու գետնանուշը:
Միևնույն ժամանակ, ի տարբերություն A և B խմբերի արյուն ունեցող մարդկանց, AB խմբի արյուն ունեցողների օրգանիզմը վատ չի արձագանքում նաև ցորենին: Սակայն ավելորդ քաշից ազատվելու համար ամեն դեպքում խորհուրդ է տրվում մոռանալ ցորենի մասին:
Աղբյուր՝ Med.tert.am