Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 63-ամյա կինը մեղավոր է ճանաչվել հարսին ծեծելու մեջ։ Նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 30.000 դրամ տուգանք։ Դատարանի վճռով՝ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ինչ մեղադրանք է առաջադրվել
63-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու հետ գնացել է իր որդու բնակարան՝ նրան Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի ճանապարհելու համար: Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարսի հետ, նրա մազերը հավաքելով բռի մեջ՝ մի քանի անգամ գլուխը հարվածել է սանհանգույցի պատին, ապա ճանկռել դեմքը, այնուհետև մազերը բռի մեջ հավաքած, նրան քարշ տալով՝ տարել է ննջասենյակ, գցել հատակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո բռունցքով հարվածներ է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ըստ գործի նյութերի՝ վիճաբանության ընթացքում տուժողը, պաշտպանվելով բռնի գործողություններից և ցանկանալով ազատվել սկեսրոջ ձեռքերից, ճանկռել է նրա ձախ այտը՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Արագացված քննություն
Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է՝ դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը որոշել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը գտել է, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարք: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հետ կողմերը համաձայնել են:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա անկեղծորեն զղջացել է կատարած հանցավոր արարքի համար, նախկինում դատված և արատավորված չի եղել: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել: Քննարկելով ամբաստանյալի նկատմամբ պատժի նշանակման հարցը` դատարանը գտել է, որ որպես պատիժ՝ պետք է սահմանել տուգանք, որը կարող է ապահովել պատժի նպատակները:
Աղբյուրը՝ 168.am